Շարունակական մասնագիտական զարգացում

ԵԴԱԻ-ին կանոնավոր կազմակերպում է կոնֆերանսներ, սեմինարներ, վարպետության դասընթացներ` մանկական բժիշկների, բուժքույրերի, հարբժշկական մասնագետների, դպրոցական անձնակազմի և հանրության համար, այդ թվում արտերկրից (Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցից և այլ առաջատար կլինիկաներից) ժամանած պրոֆեսորների մասնակցությամբ:  Հաշվի առնելով Հայաստանի մարզերում մասնագիտացված օգնություն ստանալու առկա դժվարությունները` կազմակերպվում են մասնագիտական խմբերի այցելություններ Հայաստանի մարզեր և ԼՂՀ` առաջնային և երկրորդային օղակի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և երեխաների խորհրդատվությունների նպատակով:  

ՀՀ Առողջապահության նախարարության կազմակերպչական մեթոդական աշխատանքների, ինչպես նաև տարբեր նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվել են տասնյակ դասընթացներ Երևանում և մարզերում, մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի տարբեր շրջաններ են գործուղվել մասնագետներ` տեղական անձնակազմի վերապատրաստման և պացիենտների խորհրդատվությունների նպատակով: Հազարավոր երեխաներ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն, բուժում և համապատասխան ուղեգրումներ` առաջատար մանկական մասնագետների մոտ:


«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությամբ 2005թ-ին ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ մշակվել են «Մանկաբուժության ձեռնարկ» և տարածված հիվանդությունների վարման ուղեցույցների փաթեթ: Փորձարկվել և ներդրվել է աշխատանքային տեղում վերապատրաստման դասընթացի մոդելը:

Հետագա տարիներին տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ իրականացված նպատակային ծրագրերի շրջանակներում կրթվել և վերապատրաստվել են հարյուրավոր բուժաշխատողներ և հարակից մասնագետներ, այդ թվում` երեխայի զարգացման, մանկական վերականգնողական ծառայությունների, դեռահասների առողջության, մանկական նյարդաբանության, մանկական պալիատիվ օգնության և այլ ոլորտներում:

2018-2019թթ-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ հակագործակցությամբ իրականացվել է Երևանի, Կոտայքի և Գեղաքունիքի մարզերի դպրոցական բուժքույրերի վերապատրաստման ծրագիր: Հատուկ դպրոցական բուժքույրերի համար ստեղծվել է համապարփակ ուսումնական մոդուլ և ձեռնարկ:
 

2019թ-ին ԵԴԱԻ մասնագետները ԱՀԿ փորձագետների հետ համատեղ իրականացրել են EUTEACH «Դեռահասների առողջություն և զարգացում» դասավանդողների համար միջազգային դասընթաց, որին հաջորդել է ուսուցողական դասընթացը տեղացի բուժաշխատողների համար:

Կիսվել Facebook-ում