2015թ-ից Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան և ԵԴԱԻ-ն «Բաց հասարակություններ» հիմնադրամի աջակցությամբ սկսել են Հայաստանում մանկական պալիատիվ օգնության (ՄՊՕ) ներդրման ուղղությամբ աշխատանքները: Իրականացվել են ՄՊՕ կարիքների գնահատում, մշակվել է «Երեխաների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման» հայեցակարգ, «Երեխաների և դեռահասների առողջության պահպանման ռազմավարություն» են (2016-2020թթ.) ներմուծվել առանձին գործողություններ` ուղղված մանկական պալիատիվ օգնության զարգացմանը: Մշակվել են ուսուցողական ծրագիր և մոդուլներ բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և հարակից մասնագետների համար, իրականացվել են ուսուցողական դասընթացներ ներգրավված անձնակազմի համար, ՄՊՕ թեման ներառվել է մանկաբույժ-ռեզիդենտների (հետդիպլոմային) և բուժքույրերի (նախադիպլոմային և հետդիպլոմային) ուսուցողական ծրագրերի մեջ: Պատրաստվել են տեսաֆիլմ և տեղեկատվական բուկլետ ՄՊՕ կարիք ունեցող պացիենտների խնդիրների մասին, իրականացվել քարոզարշավ սոցիալական ցանցերում` հանրության իրազեկման նպատակով, հատուկ հեռուստահաղորդում է նվիրվել Հայաստանում ՄՊՕ զարգացման խնդիրներին:
2019թ-ին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և գործընկերների հետ իրականացվել է պերինատալ պալիատիվ օգնության վերաբերյալ իրազեկման և ուսուցման ծրագիր` Երևանի ծննդատների և մանկական բուժկենտրոնների անձնակազմի և քաղաքականություն մշակողների համար, ստեղծվել է «Պերինատալ պալիատիվ օգնության հիմունքները» ուսուցողական ձեռնարկ, անցկացվել են սեմինարներ և կլոր սեղան: