Համագործակցություն. լավագույն արդյունք ապահովելու համար ԵԴԱԻ-ն սերտորեն համագործակցում է երեխայի առողջության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կողմերի, հանրապետության և մարզերի կառավարական կառույցների, բուժաշխատողների, ազգային և միջազգային փորձագետների, հանրային առողջապահական ոլորտի մասնագետների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների հետ:
Ինտեգրում. ԵԴԱԻ-ն աշխատում է տարբեր գերատեսչությունների, մասնավորապես առողջապահական, սոցիալական և կրթական ոլորտի, ինչպես նաև առողջության պահպանման համակարգի առաջնային, երկրոդային և երրորդային մակարդակներում ծառայությունները համակարգելու ուղղությամբ:
Նորարարություն. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ը մշտապես առաջատար տեղ է զբաղեցրել Հայաստանում երեխաների առողջության ոլորտում` ներդնելով ժամանակակից փորձը և նորարարական մոտեցումները: Ներկայում ևս ԵԴԱԻ-ն աշխատում է մանկաբուժական առողջապահական կառույցների գործելակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Հաշվետվողականություն. Հայաստանի և այլ երկրների բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության պատմությունն ապացուցել է հաշվետվողականության կարևորությունը երկարատև, արդյունավետ համագործակցություն ստեղծելու համար։
Կայունություն. Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման պատմության մեջ առկա են բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են, որ նախապես մշակված կատարյալ ծրագրերն ընդհատվել են արտաքին ֆինանսավորման դադարեցման պատճառով: Հետևաբար, ցանկացած ծրագրի առաջին փուլից սկսած, կայունությունն առաջնայնությունների թվում է։