Ինչպե՞ս դիմել

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կարող են դիմել բոլոր ցանկացողները` առաջնորդվելով հետևալ կետերով: 


1.  Շտապ և անհետաձգելի դեպքերի համար շուրջօրյա աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարանը` «Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն» բաժանմունքը: Օրինակ, երբ երեխան բարձր ջերմություն ունի, թուլություն, գիտակցության մթագնում կամ կորուստ, սուր ցավեր մարմնի որևէ հատվածում, և Դուք կանչել եք «Շտապ օգնություն», բժիշկը եզրահանգել է, որ երեխային պետք է շտապ ստացիոնար բուժօգնություն ցույց տալ: Հնարավոր է «Շտապ օգնություն» չեք կանչել, բայց ինքներդ տեսնում եք, որ երեխայի վիճակը նման է վերոնշյալին, կարող եք հենց ինքներդ բերել նրան «Արաբկիր» ԲՀ` «Ընդունարան»:  Նման դեպքերում ուղեգրի և նախապես հերթագրվելու կարիք չկա:


2.  Եթե երեխան բժշկական օգնության և սպասարկման կարիք ունի, սակայն նրա վիճակը չի գնահատվում որպես շտապ և անհետաձգելի օգնության կարիք ունեցողի, «Արաբկիր» ԲՀ կարող եք դիմել որպես պլանային այցելություն, որի համար պետք է ունենալ համապատասխան ուղեգիր: Ուղեգրեր հատկացնում են առողջության առաջնային օղակի` պոլիկլինիկաների բժիշկները: Ուղեգրերը կարող են տրվել

  • նեղ-մասնագիտական խորհրդատվության համար,
  • ախտորոշման ճշտման նպատակով,
  • հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների համար, 
  • հիվանդանոցային բուժօգնության նպատակով:

Ուղեգրերն ուղարկվում են առողջապահական էլեկտրոնային համակարգով, առայժմ միայն 1-ին տեսակի՝ նեղ-մասնագիտական խորհրդատվության համար տրվող ուղեգրերն են շրջանառվում թղթային տարբերակով:

 

Ուղեգրի վրա համապատասխան նշում կատարում է պոլիկլինիկայի բժիշկը, ինչը հստակ ցույց է տալիս, թե ինչի համար այն կարող է կիառվել բժշկական համալիրում: Տրված ուղեգիրը գործում է տրվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ուղեգիրը վերցնելուց հետո պետք է զանգեք համապատասխան բաժին և հերթագրվեք: Բժշկական համալիր գալիս անպայման վերցրեք նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը, ՀԾՀ-ի /սոցքարտի/ պատճենը և ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճենը, որպեսզի գրանցում կատարվի: 


3.  Եթե երեխան «Արաբկիր» ԲՀ-ում դիսպանսեր վերահսկողություն է անցնում՝ համաձայն Առողջապահության նախարարության սահմանած տարեկան այցելությունների մասին սխեմաների, և դուք նրան պարբերաբար բերում եք «դիսպանսեր» կաբինետ, անպայման զանգեք- հերթագրվեք, հետո եկեք` խնայելով Ձեր և բժշկի ժամանակը:


4.  Եթե Դուք նախընտրում եք դիմել «Արաբկիր» ԲՀ

  • պլանային այցով, բայց առանց պոլիկլինիկայի մանկաբույժի  կամ ընտանեկան բժշկի ուղեգրի պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար` պետության կամ ապահովագրական ընկերության փոխարեն: Սակայն այս դեպքում նույնպես պետք է նախապես հերթագրվեք: Վճարելը չի ազատում հերթագրումից: 
  • «Ընդունարան»` երեկոյան ժամերին, երբ չեն աշխատում տեղամասային պոլիկլինիկաները և երեխայի վիճակը ընդունարանի բժիշկը չի գնահատել որպես սուր, ապա պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար: Ընդունարանի աշխատանքի յուրահատկությունից և ծանրաբեռնվածությունից ելնելով` հնարավոր է որոշակի ժամանակ սպասեք:


5.  «Արաբկիր» ԲՀ-ը սպասարկում է նաև մեծահասակներին: Այս դեպքում ծառայությունները մատուցվում են հիմնականում վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Կան հետազոտություններ և միջամտություններ, որոնց համար պետությունն ուղեգիր չի տալիս: Նման դեպքերում ծառայության համար պետք է վճարեն պացիենտը կամ նրա հարազատները` սեփական միջոցներով կամ, եթե ապահովագրված է,  ապահովագրական ընկերության միջոցով: 
  • Պետպատվերով բժշկական ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ քաղաքացիներին: 
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին` եւս մեկ երեխայի կյանքի փրկության կարեւոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:   Շնորհակալ ենք նաեւ մեր հավատարիմ բարեկամին` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին` երեխայի վիրահատության, Մինսկ գնալ-վերադառնալու հարցերում ցուցաբերած աջակցության համար։   Մեծարգո պարոն դեսպան, ընդունեք մեր երախտիքի խոսքը` եւս մեկ երեխայի կյանքի փրկության կարեւոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար: Խոսքը 14-ամյա տղայի` Խաչինյան Ռաֆայելի մասին է: Նա ծնվել է 2008թ-ին` լյարդի բնածին ֆիբրոզով, եւ տարիների ընթացքում անհրաժեշտություն է ծագել լյարդի փոխպատվաստման, որը հանդիսանում է այդ խնդրի լուծման միակ մեթոդը: Փոխպատվաստումն իրականացվել է 2023թ-ի հունվարի 31-ին, Երեւանում` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի եւ Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով` պրոֆեսոր Օլեգ Օլեգի Ռումմոյի ղեկավարությամբ: Վիրահատությունն անցել է հաջող, սակայն հետվիրահատական շրջանն ընթացել է ալիքաձեւ` երկու կրիզիսային դրվագով. երեխայի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի սուր արտավանում: Առաջին դրվագում խնդիրը կարգավորվել է կոնսերվատիվ ընդունված միջոցներով, սակայն երկրորդ էպիզոդում դա հնարավոր չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել երկու կլինիկաների մասնագետների համատեղ որոշման` երեխային տեղափոխել Մինսկ` հետագա հետազոտման եւ բուժման նպատակով: Երեխան Մինսկ է տեղափոխվել մարտի 11-ին եւ վերադարձել մարտի 24-ին` առողջության կայունացած վիճակում: Այս դեպքը ոչ միայն մասնագիտական հզոր կարողությունների, այլեւ մեծ մարդասիրության, բարեսրտության, առողջ ու ազնիվ համագործակցության արդյունքների մասին է: Շնորհակալ ենք մեր փոքրիկ հայրենակցին, նրա ընտանիքին եւ, իհարկե, մեզ` որպես լյարդի փոխպատվաստման սկսնակ կլինիկայի մասնագետներ, մենակ չթողնելու համար: Ցանկանում ենք նշել նաեւ, որ ավիատոմսերի հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել բելառուսական «Բելավիա» ընկերությունը, ինչի համար նույնպես խորապես շնորհակալ ենք: Հարգանքով` Արա Բաբլոյան Պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար  
Մարտի 26. Էպիլեպսիա. Մանուշակագույն օր
Այսօր մարտի 26-ն է՝ էպիլեպսիայի մասին իրազեկման կամ ինչպես ընդունված է ասել՝ Մանուշակագույն օրը: Աշխարհում մոտ 50 մլն մարդ էպիլեպսիա ունի: Սա խնդիր է, բայց ոչ դատավճիռ: Ժամանակակից բժշկագիտությունն արդյունավետ առաջարկներ ունի էպիլեպսիա ունեցող մարդկանց՝ դեղորայքային, վիրաբուժական, անգամ՝ կենսակերպային: «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանների եւ նյարդավիրաբույժների թիմը Հայաստան է բերում արդի էպիլեպտոլոգիայի բոլոր նորություններն ու պացիենտների կողքին է՝ բուժման ամենաարդյունավետ մեթոդներով: «Արաբկիրում» է գործում մանկական էպիլեպսիայի դիսպանսերը, որտեղ գրանցված է 0-18 տարեկան 3600-ից ավել պացիենտ: Նրանց մեծամասնությունը ստանում է դեղորայքային բուժում, որոշներին ցուցվում է վիրահատությունը, ինչն արդեն նույնպես հնարավոր է մեր բժշկական համալիրում: Այս անգամ էպիլեպսիայի մասին ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները լսեք մեծահասակների նյարդաբան Լուսինե Վարդանյանից, եղեք տեղեկացված եւ դրսեւորեք ճիշտ վարքագիծ, եթե ձեր կողքի մարդու մոտ էպիլեպտիկ ցնցումներ են սկսվում: