Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն

«Դպրոցահասակ երեխաների առողոջության վարքագիծ» միջազգային հետազոտությունը (ԴԵԱՎՀ)` hbsc.orgուղղված է դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական և ընտանեկան գործոնների բացահայտմանը: ԴԵԱՎՀ-ն իրականացվում է 4 տարին մեկ՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո, աշխարհի 51 երկրներում:

Հայաստանում պիլոտային ԴԵԱՎՀ անց է կացվել 2005թ-ին: 2007թ-ին Հայաստանը դարձել է ԴԵԱՎՀ Եվրոպական ցանցի անդամ: 2009/2010, 2013/2014 և 2017/2018թթ-ին անցկացվել են լայնամաշտաբ ԴԵԱՎ հետազոտություններ 11, 13, 15 և 17 տարեկանների շրջանում: 
Հետազոտության արդյունքները մատնանշում են Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում հանրային առողջապահական ծրագրերի իրագործման կարևորությունը և առավել արդիական ուղղությունները:
2019թ-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին մասնագիտական հանրությանը ներկայացրել է «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» 2017/2018թթ-ի ազգային հետազոտության արդյունքների վերլուծությունը: Զեկույցի պաշտոնական ներկայացմանը մասնակցել են ՀՀ ԱՆ, ԿԳՄՍ փոխնախարարները, ԱՀԿ հայաստանյան և եվրոպական տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչներ, HBSC միջազգային ցանցի համակարգող կենտրոնի ղեկավարը, UNESCO-ի ներկայացուցիչը:  Նույն օրերին Երևանում անցկացվել է HBSC միջազգային ցանցի հանդիպումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 95 հետազոտողներ եվրոպական, միջինասիական մոտ 40 երկրներից, ինչպես նաև Իսրայելից և Կանադայից:   
Հետազոտությունը բացահայտել է դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, անառողջ սննդային վարքագիծ, նստակյաց սովորություններ, միջանձնային բռնության երևույթը, տղաների կողմից ծխախոտի օգտագործման աճը, որոնք նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների տարածմանը Հայաստանում: Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ լավ վերաբերմունքով, կյանքից բարձր բավարավածությամբ: Ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը: Նախորդ հետազոտությունների համեմատությամբ արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ որոշ բացասական միտումներ:

Ֆայլեր
Կիսվել Facebook-ում