Երեխայի զարգացում և վերականգնողական ծառայություններ

ԵԴԱԻ գործունեությունն այս ոլորտում միտված է Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, զարգացման խանգարումներով երեխաների առողջական վիճակի բարելավմանը և հասարակություն ներառմանը` վաղ միջամտության ծրագրերի իրականացման, զարգացման հապաղումներով երեխաներին սպասարկող անձնակազմի գիտելիքների խորացման և Հայաստանի մարզերում վերականգնողական կենտրոնների հիմնադրման միջոցով։ 

 

«Առողջ սկիզբ» Հայաստանում հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությունե ծրագիր, 2006 – 2013թթ

         

Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ` Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության (ԴԱՆԻԴԱ) հովանավորությամբ` Արմավիր, Գեղարքունիք և Տավուշ մարզերում, 2006-2013թթ-ին:
Ծրագրի շրջանակում ստեղծվել են Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոններ (ԵԶՎԿ) Արմավիր և Իջևան քաղաքներում, վերապատրաստվել են կենտրոնների բազմամասնագիտական թիմերը: Բուժաշխատողների և հարակից մասնագետների համար ստեղծվել է ուսումնական նյութերի համապարփակ փաթեթ, ներառյալ «Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքները» դասագիրքը, «Երեխայի զարգացման խանգարումները և վերականգնման հիմունքները» ձեռնարկը, ուսուցողական մոդուլներ վերականգնողական թիմերի համար, լուսավորչական նյութեր ծնողների համար: Զարգացման հապաղումների հայտնաբերման և վաղ միջամտության ուղեգրումները բարելավելու նպատակով թիրախ շրջանների բուժաշխատողները վերապատրաստվել են երեխայի զարգացման խանգարումների ուղղությամբ: ԵԶՎԿ-ներում ներդրվել է հատուկ կարիքներով երեխաների հայտնաբերման և հսկողության նոր համակարգ, որը հնարավորություն է ընձեռել ճշգրիտ տվյալներ հավաքագրել մանկական հաշմանդամության վերաբերյալ:

 

2014-2015թթ-ին ԵԴԱԻ փորձագետները մասնակցել են Թուրքմենստանի «Զարգացման մանկաբուժության և վաղ հայտնաբերման և միջամտության ծառայությունների Ազգային հայեցակարգի» մշակման աշխատանքներին: Հետագա տարիներին թուրքմեն գործընկերներին մեթոդական օգնություն է տրամադրվել նորածնային մետաբոլիկ և լսողության սկրինինգների ծրագրերի ներդրման նպատակով:
 

2018-2019թթ-ին «Հայաստանում երեխաներին մատուցվող վերականգնողական ծառայությունների գնահատում և բարելավում» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական հիմնադրամը` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ փորձագետները կատարել են Հայաստանում գործող մանկական վերականգնողական ծառայությունների կարողությունների արագ գնահատում, գործող ծառայությունների քարտեզագրում, ոլորտի հիմնախնդիրների վերհանում, ՖՄԴ (ICF) հիման վրա երեխաների զարգացման խանգարումների գնահատման, դասակարգման և վարման համար մի շարք գործիքների մշակում և պատրաստել առաջարկությունների փաթեթ` ծառայությունների բարելավման նպատակով:

2019թ-ին անցկացված կլոր սեղան-քննարկման ընթացքում փաթեթը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, մասնագիտական կառույցներին և հասարակական կազմակերպությունների ներկայացվեցին: Քննարկվել են ոլորտի հիմնախնդիրները` զարգացման խանգարումներ ունեցող երեխաների իրական կարիքների և լիցենզավորված ու փաստացի գործող հաստատությունների կարողությունների անհամապատասխանություն, վերականգնողական անձնակազմի պակաս և նրանց որակավորման համակարգի թերություններ, ստանդարտացված մոտեցումների և վարման գործելակարգերի պակաս, պացիենտների ռեգիստրների բացակայություն և այլն:

2022թ-ին մշակվել է «Երեխայի զարգացումը, զարգացման խանգարումները և վաղ միջամտության հիմունքները » ուսումնական ձեռնարկը բժիշկների և բուժքույրերի համար, որն օգտագործվելու է բուժաշխատողների և այլ մասնագետների ՇՄԶ ծրագրերում։

2023թ-ին Արմավիրի և Լոռու մարզերում իրականցվել են դասընթացներ ԱԱՊ օղակի 325 բուժաշխատողի համար։ Վերապատրաստման արդյունքում բուժաշխատողները ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ երեխայի տարիքային զարգացման, զարգացման շեղումների հայտնաբերման, գնահատման գործիքների կիրառման, վաղ միջամտության, ուղեգրման կազմակերպման հարցերում։ Գործնական դասընթացների և հաջորդող վերահսկողական այցերի ժամանակ գնահատվել է 76 երեխա։

Ծնողների համար մշակվել են տեղեկատվական պաստառներ։ Համայնքներին բաժանվել են երեխայի զարգացման գնահատման համար խաղալիքների հավաքածուներ։

         

Ֆայլեր
Կիսվել Facebook-ում