Մանկական պալիատիվ օգնություն

2015թ-ից Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան և ԵԴԱԻ-ն «Բաց հասարակություններ» հիմնադրամի աջակցությամբ սկսել են Հայաստանում մանկական պալիատիվ օգնության (ՄՊՕ) ներդրման ուղղությամբ աշխատանքները: Իրականացվել են ՄՊՕ կարիքների գնահատում, մշակվել է «Երեխաների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման» հայեցակարգ, «Երեխաների և դեռահասների առողջության պահպանման ռազմավարություն» են (2016-2020թթ.) ներմուծվել առանձին գործողություններ` ուղղված մանկական պալիատիվ օգնության զարգացմանը: Մշակվել են ուսուցողական ծրագիր և մոդուլներ բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և հարակից մասնագետների համար, իրականացվել են ուսուցողական դասընթացներ ներգրավված անձնակազմի համար, ՄՊՕ թեման ներառվել է մանկաբույժ-ռեզիդենտների (հետդիպլոմային) և բուժքույրերի (նախադիպլոմային և հետդիպլոմային) ուսուցողական ծրագրերի մեջ: Պատրաստվել են տեսաֆիլմ և տեղեկատվական բուկլետ ՄՊՕ կարիք ունեցող պացիենտների խնդիրների մասին, իրականացվել քարոզարշավ սոցիալական ցանցերում` հանրության իրազեկման նպատակով, հատուկ հեռուստահաղորդում է նվիրվել Հայաստանում ՄՊՕ զարգացման խնդիրներին:

2019թ-ին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և գործընկերների հետ իրականացվել է պերինատալ պալիատիվ օգնության վերաբերյալ իրազեկման և ուսուցման ծրագիր` Երևանի ծննդատների և մանկական բուժկենտրոնների անձնակազմի և քաղաքականություն մշակողների համար, ստեղծվել է «Պերինատալ պալիատիվ օգնության հիմունքները» ուսուցողական ձեռնարկ, անցկացվել են սեմինարներ և կլոր սեղան: 

 

ԵԴԱԻ մասնագետները մասնակցել են ՄՊՕ ոլորտի մի շարք փաստաթղթերի մշակման և ներդրման աշխատանքներին։ 2024թ․-ին մշակվեց և ՀՀ ԱՆ կողմից հաստատվեց Մանկական պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային պիլոտային շարժական (մոբիլ) ծառայության կազմակերպման և իրականացման կարգը, բուժառուների ընտրության չափանիշները։ Անցկացվեցին հանդիպումներ և սեմինարներ պիլոտային ծառայության համար բուժառուների հավաքագրման նպատակով՝ Երևանի և հարակից տարածաշրջանների ԱԱՊ օղակի բուժհաստատությունների և սոցիալական խնամքի հաստատությունների անձնակազմի համար։ Պիլոտային արտագնա մանկական պալիատիվ ծառայությունը գործելու է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին կից, 2025թ․-ից։


 

 
 
Ֆայլեր
Կիսվել Facebook-ում