Մեր մասին
Մեր մասին

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Հայաստանի խոշոր բժշկական հաստատություններից է, ամենամեծը` մանկական կլինիկաների շարքում: Ստեղծվել է 1997թ-ին` որպես «Արաբկիր» բժշկական կենտրոն վարձակալական ձեռնարկություն ՍՊԸ: 1999թ-ին մասնավորեցվել է, 2003-ին միացել «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին», վերանվանվել «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ` որպես այդ կազմակերպությունների իրավահաջորդ: 2009թ-ին ընկերությանը միացել է նաև «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնը»: 


Համալիրում գործում են արտահիվանդանոցային կաբինետներ, հիվանդանոցային բաժանմունքներ, դիսպանսեր վերահսկողության և վերականգնողական ծառայություններ` տարեկան սպասարկելով հարյուր հազարավոր պացիենտների, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ: Համալիրը վերականգնողական ծառայություններ է իրականացնում նաև մի շարք մարզերում: Բացի պրակտիկ բժշկական գործունեությունից, «Արաբկիրն» իրականացնում է նաև գիտական ու մեթոդաբանական աշխատանքներ` որպես Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ: 

 

Մեր առաքելությունն է` անել առավելագույնը հանուն պացիենտի, հետևապես և հասարակության առողջության: 
Մեր նպատակն է` հասանելի դարձնել ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումները մեր պացիենտներին: 
Մեր սկզբունքներն են` գործել որպես մարդասեր, ազնիվ, թափանցիկ ու պատասխանատու կազմակերպություն: 
Մեր երաշխիքներն են` միջազգային չափորոշիչներով աշխատանքը, անհատական մոտեցումը, սպասարկման որակը:
Մեր ձեռագիրն է` թիմային աշխատանքը` միջազգային մի շարք բարձրակարգ կլինիկաների հետ համագործակցությամբ: 

 

Կիսվել Facebook-ում
Առողջության մասին
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ: