Ապարանի առողջարանային ճամբար

«Արաբկիր» բժշկական համալիրի «Ապարանի առողջարանային ճամբարը» հիմնվել է 2007թ-ին` բժշկական համալիրի մի շարք գործընկերների աջակցությամբ: Ճամբարն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի գեղատեսիլ վայրերից մեկում է` Ապարանի ջրամբարի մոտ, սոճիների պուրակում, որտեղից երեխաների հայացքն առաջին հերթին Արայի լեռանն է ուղղվում եւ մանկավարժների հետ առաջին հանդիպմանը նրանցից շատերը հենց Արա Գեղեցիկի եւ Շամիրամի հայտնի առասպելն են քննարկում:

Ճամբարի ստեղծման նպատակը առողջական տարբեր խնդիրներով «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր ծառայություններում հսկողություն անցնող երեխաների ամառային հանգիստը կազմակերպելն է` զուգորդված վերականգնողական թերապիաներով եւ հոգեբանա-սոցիալական աջակցությամբ: Երեխաներն այստեղ գալիս են երկու շաբաթով` նախապես գրանցվելով տվյալ տարվա ցուցակներում:

Նրանց օրը ճամբարում սկսվում է նախավարժանքով, նախաճաշով, այնուհետ թերապիայի ժամերն են` յուրաքանչյուրն իր մասնագետի հետ, հետո` ճաշ, լող, խաղեր, որոնք ի դեպ, հատուկ ընտրված զարգացնող խաղեր են` կոլեկտիվ եւ անհատական: Օրվա վերջում ընթրիքն է եւ, իհարկե, մտերմիկ զրույցները, գրքերի քննարկումները, պարզապես ուրախ ժամանց եւ, իհարկե, ճամբարի ավարտին ներկայացվելիք բեմականացման փորձերը: 

Ճամբարը երեխաների համար կազմակերպվում է անվճար` պետական պատվերի շրջանակում եւ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գործընկերների աջակցությամբ: Գրեթե ամեն տարի այդ աջակցությանը միանում են «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ու շվեյցարական «Սեմռա» հիմնադրամը: Երեխաները, որոնք ունեն ծնողական խնամքի մշտական կարիք, ճամբար են գալիս մայրիկների հետ: 

Վերջին տարիներին հատկապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքրիկներն Արցախից: Երեխաների մի խումբ այստեղ էր անգամ շրջափակման օրերին: 

Ճամբարի ղեկավարն է Դոնարա Դավթյանը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով. 0252 6 19 85:
 

Կիսվել Facebook-ում