Հարցի լուծում` ոչ խաղաղ բնակիչների կյանքի հաշվին
21 հունիս 2023

«Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ եւ ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին». Արա Բաբլոյանը պատասխանել է iravunc.com-ի հարցին:

  •  

    Արդեն 7-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։ Հակարիի անցակետը ադրբեջանական կողմը փակ է պահում մարդասիրական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Այն օրից, երբ ձախողվեց իրենց դրոշը կամրջից դեպի Կոռնիձոր տանող հատվածում տեղադրելու փորձը, Արցախում ապրողները ամբողջական մեկուսացման մեջ են։

    Ի՞նչ առողջապահական խնդիրներ է իր հետ բերելու հումանիտար աղետը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ, ով փաստեց.

    -Այ՛ո, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախն այս պահին էլ ավելի դժվար իրավիճակում է, որովհետեւ գիտենք, որ շրջափակումն էլ ավելի է խստացել եւ եթե մինչ այս հնարավոր էր Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախում ապրող մեր հայրենակիցներին դեղորայք ու բժշկական պարագաներ հասցնել եւ այնտեղից Հայաստան տեղափոխել պացիենտների, որոնց բուժումը հնարավոր չէր կազմակերպել Արցախում, ապա այս պահին, դա էլ հնարավոր չէ, այսինքն այդ մարդիկ կարող են պարզապես դատապարտված լինել մահնվան:

    Ես կոնկրետ կարող եմ ասել, որ մենք Արցախում ունենք  օրգան-փոխպատվաստված պացիենտներ, որոնք առանց մեր բժշկական ծառայությունների եւ մեր ուղարկած դեղամիջոցների, չեն կարող շարունակել ապրել: Ուրեմն ի ՞ նչ է նշանակում այս մոտեցումն ուղղակիորեն. ընտրեք` կամ մահ, կամ լինել Ադրբեջանի կազմու ՞ մ: Որպես բժիշկ, սա ինձ համար անընդունելի է:

    Միեւնույն ժամանակ պրոֆեսորը ընդգծում է.

    -Մասնագիտական իմ կյանքում ես հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եմ բուժել եւ վստահեցնում եմ, որ նույնիսկ 80-ականների վերջին եւ 90-ականների սկբին, երբ խիստ լարված էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, երբեւիցե տարբերություն չեմ դրել բուժման կարիք ունեցող ադրբեջանցի եւ հայ երեխաների միջեւ, սա մեր հումանիտար մասնագիտության հիմնարար սկզբունքներից է: Ուզում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները, նայելով իրենց երեխաների եւ թոռների աչքերին, կարողանան զգալ, թե ինչ է սպասում Արցախի փոքրիկներին` այս շրջափակման պատճառով:  

    Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ եւ ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Հայաստանի բժշկական հաստատությունների միություն
news.am-ի հարցազրույցը պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ` «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության մասին։ Երեկ հրապարակվեց տեղեկություն «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին: Հունիսի 19-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին նիստը, որը վարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ումից էլ NEWS.am Medicine-ը փորձել է ճշտել, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ինչպե՞ս է ծնվել այն ստեղծելու գաղափարն ու ի՞նչ նպատակով: Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս է ծնվել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտքը: Իմ կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը դրա կարիքը վաղուց էր զգում: Բայց առաջին անգամ այդ գաղափարը հնչեց, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդլայնված խորհրդակցության էր հրավիրել բժշկական հաստատությունների տնօրեններին` ներկայացնելու եւ քննարկելու Առողջության համապարփակ ապահովագրության ներդրվող ծրագրի գաղափարը: Նախարարին հետաքրքիր էր լսել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներրի կարծիքը: Այդ հանդիպման ժամանակ բժշկական հաստատութունների ղեկավարների հիմնական կարծիքն, իհարկե, դրական էր, սակայն հնչեցին տարբեր հարցեր եւ տեսակետներ,  եղավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: Եվ հենց այդ ժամանակ հնչեց միտք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա ստեղծել բժշկական հաստատությունների մի կազմակերպություն, որն ակտիվորեն կհամագործակցի նախարարության հետ՝ մեր երկրի համար նման կարևոր ծրագրի ներդրման շրջանը սահուն անցնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ կունենա կազմակերպությունը։ Նախ ձեւավորվեց նախաձեռնողների խումբ, որը սկսեց աշխատել կազմակերպության նպատակի, կարգավիճակի, կառավարման սկզբունքների և կանոնադրության վրա։  Սահմանված կարգով գրանցվեց «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»  հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է «աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեթյան արդյունավետության բարձրացմանը` ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը ու բնակչության առողջության բարելավմանը»:    Հունիսի 19-ին հրավիրվեց առաջին ընդլայնված նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է ապահովեն կազմակերպության արդյուվետ գործունեությունը և կոլեգիալ կառավարումը: Տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը ունենալու է բավական մեծ, ընդլայնված խորհուրդ և հինգ անդամներից բաղկացած նախագահություն: Ինչպե՞ս է որոշվել դա, ի՞նչ սկզբունքով: Նախ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործում է մոտ 600 բուժհաստատություն, որի մոտավորապես 21%-ը իրականացնում է հիվանդանոցային, իսկ 79%-ը՝ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Ընդ որում, գործող կազմակերպություններից 164-ն ունի մասնավոր կարգավիճակ: Այդ բոլոր 600 կազմակերպություններն էլ ունեն այս միության անդամ լինելու իրավունք։ Ներկա պահին ձևավորվում է կազմակերպության քարտուղարությունը, որից հետո բոլոր բժշկական հաստատությունները կստանան  հրավեր կազմակերպությանն անդամակցելու համար: Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է Կազմակերպության անդամների Ընդհանուր Ժողովը:  Կառավարման կոլեգիալությունը, ինչպես նաև տարբեր մակարդակի և կարգավիճակի բժշկական հաստատությունների մասնակցայնությունն ապահովելու նպատակով հաստատվել է Խորհրդի կազմը` 37 անդամներից, որից էլ  ձևավորվել է 5 անդամներից բաղկացած Նախագահություն: Նախագահության յուրաքանչյուր անդամ նախագահությունը կղեկավարի 1 տարով` ռոտացիոն կարգով: Պարոն Բաբլոյան, Դուք ղեկավարել եք առաջին նիստը, բայց չկաք նախագահության հրապարակված կազմում: Դուք խորհրդո՞ւմ եք ընդգրկված: Ես որոշել եմ լինել կազմակերպության խորհրդական, այլ ոչ թե անդամ կամ  նախագահ: Զգացված եմ,  որ իմ երիտասարդ գործընկերները խորհրդակցում են ինձ հետ։ Դա ինձ համար ավելին է, քան կազմակերպության նախագահ լինելը: Փաստորեն, մեզ հաջողվեց ստեղծել կազմակերպչական այնպիսի կառույց, որը հստակ ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարողացել է հաղթահարել անձնական շահը՝ հանուն ընդհանուր բարօրության, հանուն ժողովրդի առողջության: Եվ այդ բարձրագույն նպատակի շուրջ մենք պետք է կարողանաք համախմբվել  եւ համատեղ ուժերով առաջ տանել մեր առողջապահական համակարգը:  Որո՞նք են կազմակերպության առաջնահերթություններն այս պահին: Առաջին հերթին, իհարկե, առողջության ապահովագրությունն է, մասնագետների լիցենզավորումը,  հետո` մասնագիտությունների ցանկն ու դրանից բխող կրթական բարեփոխումները:  Խնդիրները շատ են ու բազմազան, մենք պետք է համագործակցենք ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ տարբեր մասնագիտական միավորումների եւ  առողջապահության կազմակերպիչների կազմակերպությունների հետ: Վստահ եմ, որ կհաջողենք:    
Ուրախություն բուժմանը զուգահեռ
«Արաբկիր» բժշկական համալիրի եւ «Անմիջական օգնություն ասոցիացիա» հիվանդանոցային դպրոցի երկար տարիների համագործակցության շնորհիվ բժշկական համալիրում հատկապես երկարատեւ փուլերով բուժվող երեխաները շարունակում են զուգահեռաբար մնալ կրթական գործընթացի մեջ` ամենօրյա պարապմունքներ ունենալով հատուկ մանկավարժների եւ հոգեբանների հետ: Վերջիններս օգնում են երեխաներին ոչ միայն հանրակրթական ծրագիրը հասցնելու գործում, այլեւ հիվանդությունը հաղթահարելու, հոգեբանորեն եւ ֆիզիկապես ամուր մնալու: Հենց այս նպատակներին էին ուղղված դպրոցի վերջին երկու գունագեղ միջոցառումները. առաջինը` հանդիպում «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանացի արտիստների հետ` սոխի, վարունգի, խնձորի եւ տնօրենի կերպարներով, երկրորդը` ցերեկույթ, որ կոչել են «Ծաղիկների աշխարհում»` դահլիճ բերելով բուժվող երեխաների եւ նրանց ընկերների երգն ու պարը, արտասանությունը, նկարներն ու ձեռքի աշխատանքները: