Սիմֆոնիկ նվագախումբը «Արաբկիր» ԲՀ-ում
11 փետրվար 2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ն համատեղում են հասարակական արժեքներ ստեղծելու առաքելությանն ուղղված իրենց ջանքերը: Կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Վերջիններս համատեղ ուժերով կաշխատեն՝ նպաստելու լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լսողության հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիակատար և արդյունավետ ներառմանը:

Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին` երեխաներին պարգևելու գեղեցիկը ընկալելու, գնահատելու կարևորագույն զգացողությունը՝ լսողությունը: Համատեղ իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելուն: Հուշագրի ստորագրման արարողության առթիվ հրավիրված միջոցառմանը ներկա էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հանդես եկան իրենց կատարումներով՝ ներկայացնելով երաժշտական, ասմունքի ու պարի փոքրիկ համարներ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ լսողական դժվարություններ ունեցող երեխաների խնդիրները նաև նվագախմբի խնդիրներն են: «Մեր բոլորի ցանկությունն է ունենալ ավելի լավ հասարակություն, առողջ հաղորդակցություն, և այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այստեղ նստած երեխաները տարիներ անց լինեն մեր ունկնդիրների թվում ու կարողանան հետևել թե՜ նվագախմբին, թե՜ երաժշտությանն ընդհանրապես»,- ասաց մաեստրո Սմբատյանը:

«Հավատ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը նկատեց. «Երաժիշտներն իրենց լսողության շնորհիվ Հայաստանը ներկայացնում են աշխարհին: Մեր երեխաներն աշխարհ մտնելու կարիք ունեն, բայց չունեն այն լսողությունը, որ մենք՝ որպես ծնողներ, կցանկանայինք: Գուցե այսօր այստեղ ներկա երեխաները երաժիշտներ չդառնան, բայց որ նրանք պիտանի մարդիկ են դառնում, մենք համոզվել ենք, և հույս ունենք, որ Սիմֆոնիկի հետ մեր բարեկամությունը միայն ու միայն նպաստելու է դրան»:

Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանում բնակվող և լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մեր բոլորի նպատակն է, որպեսզի երեխաները լինեն անկաշկանդ և առավելագույնս ներառվեն հասարակություն, և ստորագրված հուշագիրն ուղղված է այդ նպատակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն իրենց հերթին գեղեցիկ կատարումներ պարգևեցին երեխաներին, ինչպես նաև նվերներ, այդ թվում՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նկարազարդ գիրքը:

Տեսանյութը` հղումով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից
 Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:    Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը,  ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:    «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:    Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ  Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:    Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:    ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:    Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:    Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»:
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի «Արաբկիր» բժշկական համալիրի դահլիճն այս անգամ ակտիվ էր Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման եռուզեռով: Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն ամփոփում էին համատեղ ծրագիրը՝ ուղղված լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքների արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը: Ծրագրի հիմնական թիրախը լսողական խնդիրներ ունեցող արցախցի երեխաներն էին: Նախ հավաքագրվել եւ հստակեցվել են նրանց տվյալները, հետո՝ ստուգվել լսողությունն ու գնահատվել լսողական կարիքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել լսողական սարքեր եւ սարքերի ներդիրներ: Երեխաների խոսքի զարգացման պարապմունքների համար լրամշակվել է դիդակտիկ նյութերի «Ձայնիր» փաթեթը՝ տարիքային երեք խմբերի հավաքածուներով եւ պատրաստվել են տեսանյութեր՝ ծնողներին անհրաժեշտ տեղեկություններով: Ներկաներին ողջունել են «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Նրանք կարեւորել են խնդրի վաղ հայտնաբերումն ու վաղ միջամտությունը, վստահ լինելով, որ ցանկալի արդյունքի հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն այս երկու կետից է սկսվում եւ, իհարկե, ծնողների ու մասնագետների միասնությունից: Միջոցառմանը ելույթ են ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոն հաճախող փոքրիկ արտիստներն ու նրանց ավագ բարեկամները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից: Շնորհակալություն բոլորին