Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ:
Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:
Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:
Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:
Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»: