Սիմպոզիում. ալերգոլոգիա եւ իմունոլոգիա
22 մայիս 2024

Կայացավ «Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:
 

Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձեւաչափով` օնլայն եւ օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների եւ թերապեւտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում:

Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:
 

Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնեւի համալսարանական մանկական հիվանդանոցից եւ Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիր» ԲՀ Ապարանի առողջարանային ճամբար 2024
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ: Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի եւ աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ եւ կազմակերպիչներ, միացել էին նաեւ մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել եւ լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին եւ հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով: Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին եւ մաղթում լուսավոր ճանապարհ: