Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները
01 հունիս 2023

«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն».
 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:

  •  

    Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարեւոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր եւ բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում:

    Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարեւոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը եւ հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, եւ երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն եւ անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է եւ զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են եւ դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, եւ միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ:


    Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ:

    Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետեւ բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների եւ մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են եւ ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին:

    Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարեւոր Հայաստանում մանկաբուժության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:

    Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթեւացնի հիվանդանոցային օղակի բեռը եւ հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական եւ շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:
     

    Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ:

    Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն:

 

 

 

 

 

 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից
 Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:    Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը,  ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:    «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:    Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ  Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:    Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:    ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:    Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:    Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»:
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի «Արաբկիր» բժշկական համալիրի դահլիճն այս անգամ ակտիվ էր Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման եռուզեռով: Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն ամփոփում էին համատեղ ծրագիրը՝ ուղղված լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքների արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը: Ծրագրի հիմնական թիրախը լսողական խնդիրներ ունեցող արցախցի երեխաներն էին: Նախ հավաքագրվել եւ հստակեցվել են նրանց տվյալները, հետո՝ ստուգվել լսողությունն ու գնահատվել լսողական կարիքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել լսողական սարքեր եւ սարքերի ներդիրներ: Երեխաների խոսքի զարգացման պարապմունքների համար լրամշակվել է դիդակտիկ նյութերի «Ձայնիր» փաթեթը՝ տարիքային երեք խմբերի հավաքածուներով եւ պատրաստվել են տեսանյութեր՝ ծնողներին անհրաժեշտ տեղեկություններով: Ներկաներին ողջունել են «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Նրանք կարեւորել են խնդրի վաղ հայտնաբերումն ու վաղ միջամտությունը, վստահ լինելով, որ ցանկալի արդյունքի հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն այս երկու կետից է սկսվում եւ, իհարկե, ծնողների ու մասնագետների միասնությունից: Միջոցառմանը ելույթ են ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոն հաճախող փոքրիկ արտիստներն ու նրանց ավագ բարեկամները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից: Շնորհակալություն բոլորին