Օստեոիդ օստեոմայի հաղթական դեպք մեր թիմի համար
13 նոյեմբեր 2024

Հազվադեպ հանդիպող հերթական դեպքն ու հերթական թիմային հաղթանակը «Արաբկիր» բժշկական համալիրում
 17 տարեկան պացիենտը երեք տարի շարունակ գանգատվել է կոնքազդրային ձախ հոդի ցավից, վերջին շրջանում սկսել կաղալ: Բազմիցս հետազոտվել է եւ, ինչպես սովորաբար է լինում, դիմել ռեւմատոլոգի խորհրդատվության, ստացել կոնքազդրային արթրիտի բուժում: Բուժման արդյունավետությունը չտեսնելով` պացիենտն ուղղորդվել է «Արաբկիր» բժշկական համալիր` օրթոպեդի խորհրդատվության: Օրթոպեդները կասկածել են օստեոիդ օստեոմա, նշանակել  համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչն էլ հաստատել է տղայի ազդրոսկրի վզիկի վրա օստեոիդ օստեոմայի առկայությունը:  
 Օստեոիդ օստեոման հանդիպում է 100 000 մարդուց 1-2-ի մոտ, հիմնականում` 5-20 տարեկանում: Ոսկրային գոյացություն է, որի ծագումնաբանությունը շատ դեպքերում մնում է չբացահայտված: Կարող է տեղակայված լինել ոսկրային հյուսվածքի տարբեր մասերում, ավելի հաճախ` խողովակավոր ոսկրերի ծայրային հատվածներում: Առաջացնում է ցավ` հատկապես գիշերային ժամերին:
 Պացիենտի կյանքի որակի վրա էականորեն ազդող ցավը վերացնելու նպատակով որոշվել է կատարել վիրաբուժական միջամտություն` համակարգչային տոմոգրաֆիկ վերահսկողությամբ: Դա հնարավորություն է տալիս հստակ որոշել դեպի օստեոմա վիրաբուժական սարքերի մուտքի ամենակարճ, քիչ տրավմատիկ եւ արդյունավետ ճանապարհն ու նվազագույն ինվազիվ եղանակով հասնել պաթոլոգիկ օջախին` չվնասելով անատոմիական կարեւոր այլ հատվածներ:  Նախապես ընտրված մուտքով օրթոպեդ-վիրաբույժը նախ պաթոլոգիկ օջախի մեջ անց է կացրել մետաղական ուղղորդիչ շյուղ, այնուհետև շյուղի մուտքի հատվածում կատարել  մաշկի մոտ 1սմ երկարությամբ կտրվածք, հետո հատուկ շաղափի միջոցով ամբողջությամբ հեռացրել պաթոլոգիկ օջախը։ Վիրահատության ամբողջ ընթացքին հետեւել  է բժիշկ-ռադիոլոգը`  վերահսկելով համակարգչային տոմոգրաֆիայով ստացվող պատկերները:  
 Պացիենտը միջամտության արդյունավետությունը զգացել է անմիջապես վիրահատությունից հետո` ցավի ռադիկալ վերացումով եւ հավասարակշռված քայլվածքի վերականգնումով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1