Ծանրալսությունը բնածին ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից է, այն հանդիպում է 1000 նորածիններից 1-2-ի մոտ։ Լսողության խանգարումները վաղ տարիքում հանգեցնում են խոսքի զարգացման հապաղման և երեխայի հոգե-հուզական զարգացման խնդիրների:
Նորածինների լսողության սկրինինգը արագ և անցավ հետազոտություն է, որն օգնում է շուտ հայտնաբերել նորածնի լսողության հնարավոր խնդիրները և, անհրաժեշտության դեպքում, անցկացնել ավելի մանրակրկիտ հետազոտություն:
Երեխաների լսողական խանգարումները վաղ հայտնաբերելու, ախտորոշեշու եւ միջամտությունը կազմակերպելու համար Հայաստանում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համագործակցող կենտրոն, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ համատեղ 2007 թվականին մշակել է լսողության նորածնային սկրինինգի փորձնական ծրագիր։ 2008 թվականի հուլիսից «Արաբկիր» բժշկական համալիրն իրականացնում է լսողության սկրինինգային հետազոտություններ և հանդիսանում է ծրագրի ռեֆերենս կենտրոնը։
Ճապոնիայի դեսպանության Grant Assistance for Grassroots Human Security Project (GGP) ծրագրի, «Hear the world» հիմնադրամի եւ Վորլդ Վիժն կազմակերպության համագործակցությամբ Հայաստանի 45 ծննդատուն եւ վերակենդանացման բաժանմուքններ ստացել են լսողության սկրինինգային սարքեր: Դա հնարավորություն է տալիս նորածինների ավելի քան 90%-ի մոտ անցկացնել լսողության սկրինինգ։ Արդյունքում՝ տարեկան 33000-34000 երեխայի սկրինինգային հետազոտություններ են անցկացվում և հայտնաբերվում լսողության պաթոլոգիա ունեցող մոտ 35 երեխա։ Ախտորոշված երեխաներն ներառվում են «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոլոգիական կենտրոնի դիսխպանսեր վերահսկողության ծառայությունում, ապահովվում անհրաժեշտ լսողական սարքերով եւ խոսքի զարգացման շարունակական պարապմունքների: Խոր ծանրալսության դեպքում երեխաներն ուղղորդվում են կոխլեար իմպլանտացիաի:
«Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոկենտրոնը միակ մասնագիտացված մանկական կենտրոնն է Հայաստանում, որն իրականացնում է լսողության պաթոլոգիաներով երեխաների կլինիկական հետազոտություն և բժշկահոգեբանական-մանկավարժական վերականգնում։ Այսօր կենտրոնում հաշվառված են նեյրոսենսոր ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան 1100-ից ավելի երեխաներ՝ Հայաստանի բոլոր մարզերից։
Լսողության նորածնային սկրինինգի իրականացման կարգը Հայաստանում
Նորածինների աուդիոլոգիական հետազոտությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից:
Լսողության սկրինինգն իրականացվում է 2 փուլով
I փուլը (սկրինինգային) իրականացվում է ծննդատներում, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` ծնվելուց հետո 24-72 ժամվա ընթացքում:
Լսողության պաթոլոգիայի կասկածի դեպքում նորածինն ուղղորդվում է կրկնակի ստուգման, որն իրականացվում է 2-ից 4 շաբաթականում։ Վերասկրինինգն իրականացվում է Երևանի մասնագիտացված կենտրոններում, մարզային ծննդատներում։
II փուլը (ախտորոշիչ) իրականացվում է մինչև երեխայի 3 ամսականը, մասնագիտացված կենտրոններում, այն դեպքում, երբ երեխայի մոտ սկրինիգային փուլի ավարտից հետո արձանագրվել է լսողական խանգարման կասկած:
Սքրինինգի երկրորդ փուլը ներառում է հետազոտություններ (իմպենդանսոմետրիա, օտոակուստիկ էմիսիա, հրահրված կարճ ալիքային լսողական պոնետնցիալների գրանցում), որոնք տալիս են լսողական խանգարման առկայության մասին առավելագույն ճշգրիտ տեղեկություններ: Հետազոտությունները կատարում են մասնագիտացված աուդիոլոգները:
Երկու փուլերի հետազոտության արդյուքններն էլ ուղարկվում են առողջության առաջնային պահպանման օղակ` պոլիկլինիկական մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին:
Ծնողներին տրամադրվում է հոգեբանների և սոցիոլոգների օգնությունը:
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Սքրինինգային հետազոտությունը հատուկ նախապատրաստություն չի պահանջում, սակայն խորհուրդ է տրվում հետազոտությունն անցկացնել, երբ երեխան հանգիստ է կամ քնած (օրինակ՝ կերակրելուց 1 ժամ առաջ կամ 20 րոպե հետո)։
Գործընթացը տևում է ոչ ավել, քան 5 րոպե, արդյունքում սարքի էկրանին հայտնվում է PASS կամ REFER արտահայտությունը: PASS` ԱՆՑԵԼ Է պատասխանը նշանակում է, որ երեխան լսողական խանգարում չունի: REFER` ՉԻ ԱՆՑԵԼ պատասխանը նշանակում է, որ կան որոշակի խնդիրներ և պահանջվում է կրկնակի հետազոտություն։