🗓️ Հունիսի 13-ը Ալբինիզմի մասին իրազեկման միջազգային օրն է։
ℹ️ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խաթարվում է մաշկի, աչքերի, մազերի գույնը ապահովող մելանին պիգմենտի արտադրությունն օրգանիզմում:
🩺 Որպես մելանինի քանակի նվազման կամ ընդհանրապես բացակայության արտահայտություն` մարդու մաշկը չափազանց գունատ կամ պարզապես սպիտակ է լինում, մազերը` բաց գույնի, երբեմն` կարմրավուն, աչքերը` նույնպես: Այս ախտանշանները սովորաբար ակնառու են լինում հենց երեխայի ծնվելու պահին:
☀️ Մելանինի բացակայությունը կարող է առաջ բերել արևային այրվածքներ, մեծացնել մաշկի քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը, ազդել տեսողության վրա և այլն: Այդ պատճառով էլ ալբինիզմ ունեցող մարդկանց ցուցվում է օգտագործել բարձր SPF ունեցող արևապաշտպան քսուքներ և կրել աչքերը պաշտպանող հատուկ ակնոց:
‼️ Ալբինիզմ ունեցող մարդիկ հաճախ նաև խարանի ու խտրականության են ենթարկվում` «բոլորին նման չլինելու» պատճառով: Միջազգային օրվա ամենահիմնական ուղերձներից մեկն էլ հենց այս թեմայով է` անկախ առողջական խնդիրներից մարդիկ հավասար իրավունքներ ու հնարավորություններ պետք է ունենան: