Անդրադարձ մամուլի հրապարակմանը
08 նոյեմբեր 2022

Երեկ Oragir.news-ում հրապարակված «Անահիտ Ավանեսյանին եւ «Ուիգմորին» բիզնես շահե՞ր են կապում. նոր հիվանդանոցի բացումը ռիսկային է մանկաբուժության ոլորտի համար» հոդվածում արծարծվել է «Արաբկիր» բժշկական համալիրի անունը, ինչի առիթով մի շարք լրագրողներ հարցեր են ուղղել մեզ, որոնց պատասխանում ենք ընդհանուր, քանի որ հարցերը հիմնականում նույն բնույթի էին` ինչու նախարարը չի կասեցրել նոր կլինիկայի բացումը, ինչու են «տանում» մասնագետներին, ինչպես եք վերաբերվում նոր կլինիկայի բացմանը:
 

Նախեւառաջ ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել, որ նախարարը չի կարող որեւէ կերպ խոչընդոտել որեւէ նոր կլինիկայի բացմանը: ՀՀ-ում Տնտեսական կարգը եւ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացողների իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով, որոնք երաշխավորում են տնտեսական գործունեության ազատություն, ազատ տնտեսական մրցակություն եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու իրավունք` սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Նախարարությունն իրավասություն ունի վերահսկել տրամադրվող բժշկական ծառայությունների որակն ու սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը` անկախ բժշկական հաստատության կարգավիճակից եւ սեփականության ձեւից: Եթե ծառայությունները չեն համապատասխանում որակի եւ մյուս չափորոշիչներին եւ դա կրում է շարունակական բնույթ, նախարարությունը կարող է կասեցնել տվյալ բժշկական կազմակերպության լիցենզիան, իսկ եթե համապատասխանում են, նախարարությունը կարող է տվյալ կլինիկային պատվիրել կամ չպատվիրել ծառայություններ, կամ ինչպես ընդունված է ասել` «տեղադրել կամ չտեղադրել պետպատվեր»:

Այսպիսով, նախարարության, որպես պետական գերատեսչություն, եւ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոխհարաբերություններն այս կտրվածքով այսքանն են:
 

Անդրադառնալով «Արաբկիրից մասնագետներին «տանելուն»», ցանկանում ենք նշել, որ նախ` նոր բացվող կլինիկայի համար մասնագետներ հավաքագրվել են ոչ միայն մեր համալիրից, այլեւ հանրապետության այլ մանկական բժշկական հաստատություններից, հետո` այս հարցին նույնպես պետք է տալ օբյեկտիվ գնահատական. մասնագետները կարող են ունենալ տարբեր նպատակներ եւ փոխել իրենց աշխատանքի վայրը` իրենց նպատակներին հասնելու համար. մի մասը, կոպիտ ասած, ցանկություն չունի բուժել հասարակության անվճարունակ, աղքատ խավին, ձգտում է բուժել միայն վճարունակներին, մի մասը ձգտում է քիչ ջանքեր ներդնելով` ունենալ հնարավորություն ավելի շատ վաստակելու, մի մասն էլ ձգտում է էլ ավելի առաջընթաց ունենալ` բարելավելով իր կարգավիճակը գործունեության մեջ եւ, էլ ավելի մեծ պատասխանատվություն կրելով, տվյալ ծառայությունը կազմակերպել իր պատկերացումներով:

 

Բոլոր պարագաներում «Արաբկիր» բժշկական համալիրը հպարտ է, որ հանդիսանում է մանկաբուժության բնագավառի մասնագիտական դարբնոց, որտեղ երիտասարդ բժիշկներն ավարտելով իրենց մասնագիտացումը` կարող են աշխատել այլ բժշկական հաստատություններում:

Միանշանակ կարող ենք շեշտել, որ նրանք, ովքեր հիմնական նպատակ են դրել, կոպիտ ասած, «փող աշխատելը» եւ ոչ` մարդուն բուժելը, չեն համապատասխանում «Արաբկիրի» գաղափարախոսությանը:
 

Ինչ վերաբերում է մանկական բժշկական նոր հաստատության ստեղծմանը եւ մրցակցային նոր մարտահրավերների առաջացմանը, ապա մեր մոտեցումը միանշանակ է. եթե դա կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը եւ մատչելիությանը, ապա կհամապատասխանի մեր հիմնական նպատակին: Եթե դա կբերի ծառայությունների թանկացմանն ու դրանց մատուցման խտրականությանը, ապա բնակչությունն ինքը կորոշի, թե որտեղից օգտվել:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք եւ շարունակում ենք պնդել, որ այսօր գործող մանկական բժշկական հաստատությունների, մասնավորապես, հայտնի 3 խոշոր կլինիկաների միջեւ մեծապես գերակայում է համագործակցությունը, քան մրցակցությունը: Մրցակցությունը կրում է առողջ բնույթ եւ ուղղված է ծառայությունների բարելավմանը:

Հույս ունենք, որ նորաստեղծ կլինիկան նույնպես այդ ճանապարհը պետք է ընտրի, քանի որ ոչ մի բժշկական հաստատություն առանձին վերցրած չի կարող լիարժեք լուծել գործունեության ընթացքում ծագող բոլոր խնդիրները:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1