Գլխավոր
Նորություններ
Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից

Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից

 Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
 

???? Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ:

Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:
 

???? Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը,  ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:
 

???? «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
 

???? Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ  Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:
 

???? Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:
 

???? ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
 

???? Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:
 

???? Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»:

Վերջին նորություններ
«Էպիլեպսիա` ստվերից դուրս» համաժողովն արդեն իրականություն է
09 փետրվար
Էպիլեպսիայի միջազգային օրն է այսօր: Այն քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը դրսևորվում է կրկնվող ցնցումներով։ Աշխարհում ավելի քան 60 մլն մարդ ունի էպիլեպսիա։ «Արաբկիր» բժշկական համալիրի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպվել է «Էպիլեպսիա․ ստվերից դուրս» խորագրով համաժողովը: Այն նվիրված է էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման կարևոր հարցերին: Համաժողովը համախմբել էր ոլորտի մասնագետներին, նախարարությունների ներկայացուցիչներին, մանկավարժներին, պացիենտներին, նրանց ծնողներին, լրագրողներին և խնդրով մտահոգ մարդկանց։«Հպարտությամբ ուզում եմ նշել, որ գրեթե 100-ի է հասել միջամտությունների թիվը, որ վիրահատությամբ բուժվել են երեխաներ, - նշում է «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և հավելում, - Ղազախստանում վիրահատված երեխան, որը ամենօրյա ցնցումներով էր եկել Հայաստան, այսօր ցնցում չունի»։ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ամեն երեխայի համար մենք ապահովում ենք դեղորայքային բուժումը, բայց չենք բավարարվելու միայն դրանով։ Նոր տեխնոլոգիական հնարավորություններով ապահովելու ենք կայուն վիճակ։ Ծառայությունը թանկ է, բայց մեզ համար ամեն երեխայի կյանքն էլ կենսական է, լիարժեք զարգացումն էլ անգին է»։ Համաժողովին իրենց գործուն մասնակցույթունը ունեցան նաև «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Բաղդասարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը և առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են էպիլեպտոլոգիայի ոլորտում վերջին տարիների ընթացքում արված աշխատանքները, բուժման ժամանակակից մոտեցումները։ Նմանատիպ միջոցառումները մեծապես կարևորվում են, քանի որ ուղղված հասարակության խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը, քննարկմանը, շատ դեպքերում` նաև լուծմանը։
Էպիլեպսիան ոչ միայն բժշկական, այլև սոցիալական ու կրթական մարտահրավեր է
04 փետրվար
Փերտրվարի 7-ին` ժամը 10:00-15:00-ը, Հայաստանի Ամերիկյան համալսարանում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 40) կկայանա համաժողով` «Էպիլեպսիա՝ ստվերից դուրս» թեմայով: Համաժողովը նպատակ ունի միավորել մասնագետներին, ծնողներին և ոլորտի պատասխանատուներին՝ բաց խոսելու, իրազեկելու և միասին գտնելու լուծումներ էպիլեպսիա ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելու համար։
19-ամյա Ռուբիկն ու 6-ամյա Էվան երբևէ չեն քայլել.
29 հունվար
Ռուբը արդեն մեկ տարուց ավելի է՝ չի էլ նստել։ Ընդամենը 15 կիլոգրամ կշռող 19-ամյա տղան մշտապես պառկած է նույն դիրքով, քանի որ մկանների դեֆորմացիան այլ բան թույլ չի էլ տալիս։ Գիշեր թե ցերեկ նրան թթվածնային հատուկ սարք է միացված, առանց որի տղան շնչահեղձ է լինում։ Ռուբիկն ու փոքր քույրը՝ Էվան, հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն ունեն՝ սպինալ կամ ողնուղեղային մկանային ատրոֆիա: Ընտանիքի մեծ երազանքն է, որ ՍՄԱ-ի դեղորայքը հասանելի դառնա ոչ միայն 6-ամյա Էվայի, այլև նրա 19-ամյա եղբոր համար, որ գոնե շնչառությունը մի քիչ կարգավորվի, հիվանդության՝ օրեցօր վիճակը վատթարացնող փոփոխությունները կանգնեցվեն։ Նյութը՝  Sputnik Արմենիայի:
Ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը մանկական բժիշկների Հայկական ասոցիացիայի կազմում
21 հունվար
2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Գայանե Ամարյանը, ով նախաձեռնել է ստորաբաժնի ստեղծումը, նշեց նրա հիմնական նպատակները. միավորել ոլորտի մասնագետներին գաստրոէնտերոլոգիական աշխատանքների և երեխաների խնամքի որակը բարելավելու համար, մշակել կլինիկական, հետազոտական և կրթական ծրագրեր, ակտիվացնել համագործակցությունը միջազգային գաստրոէնտերոլոգիական միությունների հետ (ESPGHAN, NASPGHAN, UEG այլ), ամրապնդել կապը Հայաստանի մեծահասակ գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի հետ:«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայությունը տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցում է ESPGHAN-ի հետ՝ մասնակցում ամենամյա միջազգային գիտաժողովների, աջակցում նրա գործընթացների անցկացմանը Հայաստանում, իրականացնում կրթական ծրագրեր, մասնավորապես 2007թ., 2017 թ. կազմակերպել ESPGHAN-ի ամառային դպրոցներ (ESPGHAN Eastern Summer School) Երևանում։  ԳԷ ծառայությունը 15 տարի համագործակցում է նաև ESPGHAN-ի երկարամյա անդամ, Ցյուրիխի մանկական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և Սնուցաբանության Հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերի հետ, որը ակտիվ աջակցում է կենտրոնում գաստրոէնտերոլոգիայի բնագավառում կլինիկական պրակտիկայի և բժշկական կրթությանը։Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի ԳԷ ծառայության դիսպանսերը ներկայումս իրականացնում է 500-ից ավելի քրոնիկ գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական տարբեր հիվանդություններով երեխաների հսկողությունը մինչև 18 տարեկան, ինչից հետո նրանք կարիք ունեն շարունակելու հսկողությունը մեծահասակ մասնագետների կողմից բարդությունների կանխարգելման և կյանքի որակը բարելավելու համար: Այդ անցման շրջանի պատշաճ կազմակերպումը և իրագործումը առողջապահական լուրջ մարտահրավեր է, որին կարևոր է միացյալ ընդգրկվեն թե՜ մանկական և թե՜ մեծահասակ գաստրոնէտերոլոգ մասնագետները: ESPGHAN-ի կողմից, 2025թ. հոկտեմբեր ամսից սկսած, «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») արշավը, որի մեջ ընդգրկված է նաև «Արաբկիր» ԲՀ – ԵԴԱԻ ԳԷ ծառայությունը, վերաբերվում են հենց այդ գործընթացին: Արշավի կարգախոսն է « Անցման գործընթացը սովորական փոխադրում չէ ...»: Աշխատանքները ընթացքի մեջ են. 2025թ. նոյեմբեր ամսին իրականացվել է առաջին փուլը` ESPGHAN-ի նախապատրաստված անհրաժեշտ նյութերը համալրվել և թարգմանվել են հայերենով: Շարունակելով արշավի երկրոդ փուլը` 2025թ. դեկտեմբերին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգ մասնագետների առաջին հանդիպումը: Արշավի հիմնական դրույթներին ծանոթանալու համար բժիշկներին ներկայացվեցին ESPGHAN-ի թարգմանված նյութերը, քննարկվեցին Հայաստանում դրանց տեղայնացման հարցերը, առկա դժվարությունները: Ամփոփելով միջոցառումը` «Արաբկիր» ԲՀ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ամարյանն ակնկալեց բժիշկների գործուն մասնակցությունը և աջակցությունը ESPGHAN-ի տրամադրած ռեսուրսները հանրապետությունում հետևողական տարածելու համար և հույս հայտնեց, որ Հայաստանում աստիճանաբար կզարգացնենք ESPGHAN–ի կողմից նախաձեռնված «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») գործընթացը
Ամանորի հեքիաթը լիարժեք չէր լինի առանց այս ժպիտների
02 հունվար
Հունվարի 1-ին հեռավոր Լապլանդիայից «Արաբկիր» բժշկական համալիր էր ժամանել Ձմեռ պապիկը՝ լի պարկով և անակնկալ նվերներով։ Ամենուր հեքիաթային մթնոլորտ էր տիրում։ Փոքրիկներն այս պահի մասին հաստատ երազել էին։ Ձմեռ պապիկի հետ այս հանդիպումը նրանք կպահեն իրենց ամենավառ հիշողություններում…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30 դեկտեմբեր 25
Հարգելի՛ գործընկերներ, բուժառունե՛ր և սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է 2025 թվականը: Տարի, որը «Արաբկիր» բժշկական համալիրի համար նշանավորվեց մասնագիտական հերթական ձեռքբերումներով և կարևոր հաջողություններով։Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր հաջողություններ։ Թող 2026 թվականը դառնա նոր հնարավորությունների, շարունակական զարգացման և առաջընթացի տարի։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուրի ընտանիքում տիրեն սերը, հոգատարությունն ու համերաշխությունը, իսկ մեր հայրենիքում՝ անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Եղե՛ք քաջառողջ, բայց նաև իմացե՛ք առողջական այս կամ այն մարտահրավերը հաղթահարելի է. չէ՞ որ Հիպոկրատի երդվյալները օր ու գիշեր աշխատում են, որ դուք և ձեր երեխաները լինեն ապահով ձեռքերում: Հիշե՛ք «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջության վստահելի գործընկերն է ` երեկ, այսօր և ընդմիշտ: