Երբ պացիենտը գալիս է «Ընդունարան», նրա վիճակն առաջին հերթին գնահատում է տրիաժ կատարող բուժքույրը: Նա գնահատում է հիմնական կենսական ցուցանիշները` ջերմություն, շնչառության հաճախություն, պուլս, թթվածնի հագեցվածություն, որոշում է երեխայի քաշը և ծնողի հետ զրուցում երեխայի ներկա խնդիրների մասին:
Մատենավարը ծնողից վերցնում է երեխայի անձնական տվյալները:
Այնուհետև երեխային և ծնողին խնդրում են սպասել մինչ բժիշկը կամ բուժքույրը կկանչեն զննման: Սպասելու ժամանակը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ` կախված երեխայի վիճակից և միաժամանակ եկած երեխաների թվից:
Զննման սենյակում բժիշկը գնահատում է երեխայի վիճակը, որոշում` արդյո՞ ք նա կարիք ունի հոսպիտալացվելու և բուժվելու ներհիվանդանոցային պայմաններում, թե՞ կարող է դուրս գրվել անհետաձգելլի բուժօգնության բաժանմունքից /ԱԲԲ-ից/` անհրաժեշտ որոշակի հետազոտություններից և համապատասխան ցուցումներ ստանալուց հետո: Հնարավոր է, որ ԱԲԲ-ի բժիշկը խորհուրդ տա, որ երեխայի հետագա հսկողությունն իրականցնի տեղամասային մանկաբույժը:
Ուշադրություն, երկարատև գանգատներով կամ քրոնիկ հիվանդություններով պացիենտների ծնողները պետք է իմանան, որ ԱԲԲ դիմելով չեն կարող «արագացնել, առաջ գցել» իրենց պլանային այցը կամ հետազոտությունները` նեղ մասնագիտացված բաժանմունքներում:
Երեխաները ԱԲԲ-ում զննվելուց հետո, կախված ախտորոշումից, կարող են տեղափոխվել նաև բժշկական այլ կենտրոնների համապատասխան նեղ մասնագիտական բաժանմունքներ /օրինակ, որոշ վնասվածքների, նեյրովիրաբուժական իրավիճակների, թունավորումների և այլ այլ դեպքերում/: