Էպիկենտրոնը սուր շնչառական վարակների մասին
Սուր շնչառական վիրուսային վարակների մասին «Էպիկենտրոն» լրատվականի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը:
Ձմռանը սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են` վարակելիությունը բարձր է: Տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Առավել խոցելի խմբում են երեխաները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակակիրների 70% մինչև 18 տարեկաններն են:
Հատկապես տոնական օրերին բուժ հաստատություններում գերհագեցած գրաֆիկով են աշխատել: Վիրուսները տարածվել են առավելապես Ամանորին` միմյանց տներ այցելությունների ժամանակ:
Մանկաբույժ Թամարա Չաղարյանն ասում է.
- Ունենք շնչական վիրուսներով հիվանդացության զգալի աճ: Չէի ասի, թե այս տարի այդ հիվանդացությունը գերազանցում է նախորդ տարիներին, որովհետև դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին միշտ էլ եղել է ծանրաբեռնվածություն սուր շնչական վիրուսների առումով: Ներկայումս բավականին տարածված են գրիպ A ենթատեսակի վիրուսով հարուցվող հիվանդությունները, ինչպես նաև հաճախակի ունենում ենք ռեսպիրատոր - սինցիտիալ վիրուսային վարակի դեպքեր: Երեխաների շրջանում ավելի քիչ` սակայն ունենում ենք նաև հաստատված Կորոնավիրուսային վարակի դեպքեր:
Վիրուսի ախտանշաններն են` ջերմությունը, հազը, հևոցը, դժվարաշնչությունն, ընդհանուր թուլությունն ու քթահոսությունը:
Բարդություններից խուսափելու համար Արաբկիր բժշկական համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել:
- Ցանկալի է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, որպեսզի տրվեն համապատասխան խորհուրդները: Եթե առկա են սիմպտոմներ, որոնց դեպքում կարիք է լինում հոսպիտալացման, էդ դեպքում արդեն կազմակերպվում է երեխայի հետագա ուղեգրումը մանկաբուժական ստացիոնարներ:
Ստացիոնար բուժում ստացող 6 տարեկան Արարատը մի քանի օրում հասցրել է ընկերանալ հիվանդասենյակի փոքրիկների հետ: Ոչ թե ախտանշաններից է գանգատվում, այլ սրտնեղում է ընկերներին շուտ-շուտ հրաժեշտ տալու համար:
Արարատն ասում է.
- Իմ ընկերները գնացին` ես մնացի:
Սեզոնային վիրուսներից խուսափելու և դրանք կանխարգելելու լավագույն մեթոդը թե մեծահասակների թե փոքրերի համար պատվաստումն է` ասում է մանկաբույժը:
- Յուրաքանչյուր տարի` սկսած հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից ծնողները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ ընդորում ինչպես երեխաներին, էնպես էլ մեծահասակներին ցանկալի է իրականացվի գրիպ A և B ենթատեսակների համար նախատեսված կանխարգելիչ պատվաստումները: Կանխարգելման մյուս մեթոդը` հնարավորինս խուսափել հիվանդների հետ շփումից, հաճախակի ախտահանել ձեռքերն, օդափոխել փակ տարածությունները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով հունվարի 7-ի դրությամբ 579 քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց 90% մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 181 մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Վերջին 10 օրվա ընթացքում վիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված մասնագետները հիվանդության աճ են կանխատեսում: