Բուժքույրերի միջազգային օրը
12 մայիս 2023

1820թ-ի մայիսի 12-ին անգլիացի բանկիր Ուիլյամ Նայթինգեյլի ընտանիքում ծնված աղջկա` Ֆլորենսի պատվին է գրեթե 1.5 դար անց բժշկական օրացույցում առանձնացվել կարեւոր այս օրը: Սա առիթ է պատմելու փխրուն մի օրիորդի` Ֆլորենս Նայթինգեյլի խիզախ որոշումների մասին` ընդդիմանալով ծնողների ցանկությանը թողնել բարեկեցիկ կյանքը, մեկնել Գերմանիա` սովորելու բուժքույրական գործ եւ հետագա ողջ կյանքում լինել վիրավորների ու կարիքավորների կողքին` որպես ամենաիսկական քույր:
 

Ղրիմի պատերազմի հուշագրություններում Ֆլորենսի մասին հետագայում ասվելու էր. «Նվիրյալների իր խմբով Անգլիայից Ղրիմ հասած «լապտերով տիկինը», որն ամբողջ գիշեր շրջում էր անքուն վիրավորների շարքերով` մեկին մի բաժակ ջուր, մյուսին դեղահաբ տալով, հաջորդին` պարզ մարդկային մի ժպիտ պարգեւելով: Հենց նրան էր վստահվել Սկյուտարի բանակային հոսպիտալի ղեկավարությունը եւ վիրավոր զինվորների բախտն այդ առումով բերել էր»:

Պատերազմից հետո Ֆլորենսը Ղրիմից Բրիտանիա վերադարձավ որպես մի իսկական հերոս, որին շնորհակալագիր հանձնեց անձամբ Թագուհին` խնդրելով չդադարեցնել աշխատանքը: Այդ ժամանակ է, որ Ֆլորենսը հիմնադրեց բուժքույրերի վերապատրաստման «Նայթինգեյլ» դպրոցը` կրթելով նոր սերունդների եւ փոխանցելով իր գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ գործընկերներին:
 

Մենք ուրախ ենք փաստել, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրական հզոր թիմը բուժքույրական ժամանակակից գործի պիոներ Ֆլորենս Նայթինգեյլի ամենարաժանի հետեւորդներից է: Շվեյցարացի բարեկամների հետ հիմնադրած մեր Բուժքույրական խորհուրդը եւս հետամուտ է բուժքույրերի մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին` պարբերաբար անցկացվող դասընթացներով ու կոնֆերանսներով: Մեր հմուտ բուժքույրերն այսօր ոչ միայն շարունակաբար վերապատրաստվում, այլեւ վերապատրաստում են երիտասարդ մասնագետների` ինչպես «Արաբկիրից», այնպես էլ այլ բժշկական հաստատություններից:
 

Սիրելի բուժքույրեր, շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ենք ձեզ թռիչքի երանելի զգացողություն` մասնագիտական ձեր պատասխանատու դաշտում, առաջ ընթացեք ու ճամփորդեք` անդադար սովորելով: Եվ եթե մի օր քայլեք Լոնդոնի Ուաթերլոու հրապարակով, մի պահ կանգ առեք, ժպտացեք ու խոնարհվեք Ֆլորենս Նայթինգեյլի արձանի առջեւ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: