Սիմֆոնիկ նվագախումբը «Արաբկիր» ԲՀ-ում
11 փետրվար 2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ն համատեղում են հասարակական արժեքներ ստեղծելու առաքելությանն ուղղված իրենց ջանքերը: Կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Վերջիններս համատեղ ուժերով կաշխատեն՝ նպաստելու լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լսողության հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիակատար և արդյունավետ ներառմանը:

Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին` երեխաներին պարգևելու գեղեցիկը ընկալելու, գնահատելու կարևորագույն զգացողությունը՝ լսողությունը: Համատեղ իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելուն: Հուշագրի ստորագրման արարողության առթիվ հրավիրված միջոցառմանը ներկա էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հանդես եկան իրենց կատարումներով՝ ներկայացնելով երաժշտական, ասմունքի ու պարի փոքրիկ համարներ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ լսողական դժվարություններ ունեցող երեխաների խնդիրները նաև նվագախմբի խնդիրներն են: «Մեր բոլորի ցանկությունն է ունենալ ավելի լավ հասարակություն, առողջ հաղորդակցություն, և այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այստեղ նստած երեխաները տարիներ անց լինեն մեր ունկնդիրների թվում ու կարողանան հետևել թե՜ նվագախմբին, թե՜ երաժշտությանն ընդհանրապես»,- ասաց մաեստրո Սմբատյանը:

«Հավատ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը նկատեց. «Երաժիշտներն իրենց լսողության շնորհիվ Հայաստանը ներկայացնում են աշխարհին: Մեր երեխաներն աշխարհ մտնելու կարիք ունեն, բայց չունեն այն լսողությունը, որ մենք՝ որպես ծնողներ, կցանկանայինք: Գուցե այսօր այստեղ ներկա երեխաները երաժիշտներ չդառնան, բայց որ նրանք պիտանի մարդիկ են դառնում, մենք համոզվել ենք, և հույս ունենք, որ Սիմֆոնիկի հետ մեր բարեկամությունը միայն ու միայն նպաստելու է դրան»:

Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանում բնակվող և լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մեր բոլորի նպատակն է, որպեսզի երեխաները լինեն անկաշկանդ և առավելագույնս ներառվեն հասարակություն, և ստորագրված հուշագիրն ուղղված է այդ նպատակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն իրենց հերթին գեղեցիկ կատարումներ պարգևեցին երեխաներին, ինչպես նաև նվերներ, այդ թվում՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նկարազարդ գիրքը:

Տեսանյութը` հղումով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: