Գլխավոր
Նորություններ
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները

Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները

«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն».
 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:

  •  

    Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր և բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում:

    Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարևոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը և հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, և երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն և անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է և զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են և դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, և միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ:


    Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ:

    Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետև բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների և մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են և ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին:

    Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարևոր Հայաստանում մանկաբուժության առջև ծառացած խնդիրների լուծման համար:

    Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթևացնի հիվանդանոցային օղակի բեռը և հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:
     

    Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ:

    Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն:

 

 

 

 

 

 

 

Վերջին նորություններ
Շնչառական բժշկության ապագան
13 մարտ
Հայաստանում արդեն գործում է միջազգային շնչառկան կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Այս մասին հայտարարվեց մարտի 10-ին կայացած «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորումի ընթացքում, որը կազմակերպել են «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», «Թոքաբանների ասոցիացիան» և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը»` «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ:Միջազգային կոալիցիան նպատակ ունի աջակցելու շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, բարելավելու մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը, խթանելու գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը և բարձրացնելու հանրային իրազեկությունը։
«Արաբկիր» բժշկական համալիրը անցել է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում
12 մարտ
Որակի կառավարման համակարգի և Աշխատանքի անվտանգության և առողջության պաշպանության կառավարման համակարգի պահանջների ներդրման և ապահովման համար «Արաբկիր» բժշկական համալիրը անցել է ISO 9001:2015 և ISO 45001:2018 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում։ «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյանը, կարևորելով այս ձեռքբերումը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այս հաջողությանը։ «Սա մեծ պատասխանատվություն է, որը, վստահեցնում ենք, արժանիորեն շարունակելու ենք»,– նշեց Ա. Բաբլոյանը։ Որակի կառավարման փորձագետ Գագիկ Մակարյանի խոսքով որպես բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ «Արաբկիր» բժշկական համալիրը առանձնանում է բարձր որակով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Արաբկիր» ԲՀ-ն՝ որպես որակի կառավարման բարձր չափորոշիչներին համապատասխանող սերտիֆիկացված կազմակերպություն, գրանցվել է միջազգային ռեգիստրում։ Բժշկական համալիրի Որակի կառավարման և ապահովման բաժնի ղեկավար Հերմինե Ներսիսյանը նշում է. «Որակի կառավարման համակարգը դինամիկ է, ուստի դա մեզ պարտավորեցնում է ամենօրյա պատշաճ աշխատանքով ավելացնել եղած ձեռքբերումները՝ որակի կառավարման համակարգը էլ ավելի կատարելագործելու համար»։ Այս կարևոր ձեռքբերումը խոսուն վկայությունն է նրա, որ «Արաբկիր» բժշկական համալիրը աչքի է ընկնում իր բարձր որակով, պատասխանատու աշխատանքով և բժշկական ծառայությունների ոլորտում ունեցած առաջատար դիրքով։
Երիկամների համաշխարհային օրն է այսօր
12 մարտ
Ամբողջ աշխարհում ամեն տարի` մարտ ամսվա երկրորդ հինգշաբթին, նշում են այս օրը։ Երիկամների առողջությունը կարևոր դեր ունի ընդհանուր առողջության պահպանման գործում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի և անցնել անհրաժեշտ հետազոտություններ։ Եղե՛ք առողջ և իրազեկ: 
Լաբորատոր որոշ հետազոտությունները կիրականացվեն մինչև 40% զեղչված արժեքով
08 մարտ
Կանանց տոների առթիվ մարտի 8-ից ապրիլի 7-ը «Արաբկիր» բժշկական համալիրում վիտամին D-ի և հորմոնների լաբորատոր հետազոտությունները կիրականացվեն մինչև 40% զեղչված արժեքով: Ժամանակին իրականացված լաբորատոր հետազոտությունները կարևոր դեր ունեն հիվանդությունների վաղ հայտնաբերման և հնարավոր բարդությունների կանխարգելման գործում։
Շնչառական բժշկության ապագան
05 մարտ
 «Թոքաբանների ասոցիացիան», «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը» «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպել են «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորում: Ֆորումի ընթացքում կհայտարարվի Միջազգային շնչառական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական ձևավորման մասին։ Այն նպատակ ունի աջակցել շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, խթանել գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը, բարելավել մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը և բարձրացնել հանրային իրազեկությունը։  Ֆորումը կանդրադառնա շնչառական հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և արդյունավետ բուժօգնությանը։Քննարկման հիմնական թեմաներն են՝ •երեխաների շնչառական առողջությունը և կանխարգելումը, •երիտասարդների շրջանում ծխելու և էլեկտրոնային ծխախոտի աճող վտանգը, •շրջակա միջավայրի ազդեցությունը թոքերի առողջության վրա, •շնչառական բժշկության ձեռքբերումներն ու •ոլորտային համագործակցության հնարավորությունները։ 📆 Ամսաթիվ` 10.03.2026 ⏰ Ժամ` 14:00 📍 Վայր` «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Արարատ» սրահ (Երևան Ամիրյան փող., 1 շենք)
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է
04 մարտ
Ճարպակալումը մեր օրերի առողջական տարածված մարտահրավերներից մեկն է։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է «Դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայությունը»: Մասնագիտական մեծ թիմը բազմակողմանի վերլուծում է ավելորդ քաշի առաջացման պատճառները, տրամադրում համապարփակ խորհրդատվություն և սահմանում դիսպանսեր հսկողություն: