Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Հոգեբանասոցիալական ծառայություն

Հոգեբանասոցիալական ծառայություն


Շվեյցարիայի VAD կազմակերպության (այժմ՝ DAA) Անմիջական օգնության ասոցիացիայի աջակցությամբ ՀՀ-ում՝ «Արաբկիր» բժշկական համալիրում, դեռևս երկրաշարժից հետո հիմնվել է ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունը, որի սկզբունքներից են այցելուներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցություն ցուցաբերելը, իրազեկվածության բարձրացումը այս ոլորտում, թե ինչով կարող են օգնել հոգեբանն ու սոցիալական աշխատողը։


Շեշտադրումը դրված է աջակցության վրա՝ դժվար վիճակում հայտնված երեխային և իր ընտանիքին ցուցաբերել բազմակողմանի օգնություն։


Գործունեության հիմնական ուղղությունը երեխային, նրա ծնողին, ընտանիքի անդամներին խորհրդատվության տրամադրումն է: Մյուս ուղղությունը թերապևտիկ աշխատանքն է, այսինքն՝ երեխան առաջին խորհրդատվությունից հետո դեռ մի որոշ ժամանակ կարող է հաճախել թերապևտիկ աշխատանքի։ Ծնողների հետ ևս խորհրդատվական ու թերապևտիկ աշխատանք է իրականացվում։ Դիսպանսեր ծառայություններում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների համար ևս գործում է հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև կան աջակցության խմբեր: Օրինակ՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դիսպանսերում հոգեբանը, ինչպես նաև սոցիալական աշխատողը ծնողների հետ անհատական և խմբային աշխատանք են վարում: Նմանատիպ աշխատանք արվում է նաև հիվանդանոցի մյուս բաժանմունքներում:


Ծառայությունը կայուն պահպանում է իր տեղը հիվանդանոցային համակարգում։ «Արաբկիր» բժշկական համալիրին կից գործում է առանձին մասնաշենք, որն ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է անհրաժեշտ պարագաներով: Մեր մասնագետները վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով լինում են արտասահմանում (Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա)։ Համագործակցում են տարբեր ձևաչափերով. մասնակցում են թրեյնինգների, տարբեր երկրների փորձառու մասնագետների հետ համատեղ անցկացնում են գիտական և գործնական դասընթացներ: