Գլխավոր
Նորություններ
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
 

Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան և մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով:

Մի քանի տեսազանգերից և հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր ևս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաև արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ և անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երևան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է ևս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ և նշանակվել է հակացնցումային դեղորայք:
 

Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երևան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար:

Վերջին նորություններ
Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
14 նոյեմբեր
Ի պատիվ կանադացի գիտնականի` 2007 թվականից նրա ծննդյան օրը հռչակվեց որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Գիտնականը, առաջին անգամ ինսուլին ներարկելով, փրկել էր 14-ամյա տղայի կյանքը։ Շաքարախտի վերաբերյալ մարդկանց հուզող հարցերը շատ են: Տարածված մտահոգություններին անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մարությանը:Մրգերի շաքարը նույնքան վնասակա՞ր է, որքան սպիտակ շաքարը:Ո՜չ, սպիտակ շաքարը ավելի վնասակար է, քանի որ մրգի շաքարը հիմնականում ֆրուկտոզա է: Եթե չափով օգտագործենք ճիշտ ժամերին` ըստ ինսուլինի ազդեցության, վնասակարությունը էականորեն կնվազի:Ճի՞շտ է, որ շաքարախտը միայն ավել քաշ ունեցող մարդկանց մոտ է ախտորոշվում:Ո՜չ։ Մենք տարբերում ենք դիաբետի երկու տիպեր` առաջին և երկրորդ։ Առաջինը հանդիպում է երեխաների մոտ։ Դա աուտոիմուն խնդիր է։ Ինչ խոսք, ցանկալի է, որ ավել քաշ չունենան, բայց այս պարագայում քաշը որևէ նպաստող գործոն չէ հիվանդության առաջացման համար։ Երկրորդ տիպի պարագայում հավելյալ քաշը մեծացնում է առաջացման հավանականության ռիսկը։Դիաբետը չի բուժվում, բայց կարո՞ղ է լիովին վերահսկվել:Այո՜, այն բուժելի չէ, բայց կարելի է լիովին վերահսկել:Արդյոք սթրեսը բարձրացնում է արյան շաքարը:Շաքարախտ ունեցող մարդկանց մոտ սթրեսը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և վատացնել շաքարախտի ընթացքը:Էնդոկրինոլոգ Իրինա Մարությանը հորդորում է հետևել մարմնի քաշին, ֆիզիկական ակտիվությանը և օգտագործել առողջ սնունդ: Վաղ ախտորոշումը նպաստում է հիվանդության վարման արդյունավետությանը: Շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ է:
Երբ աշխատանքը կոչում է դառնում
13 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգ-վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը «Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն էր: Նա խոսել է բժիշկ դառնալու որոշոման, առաջին վիրահատության, հոր` Արա Բաբլոյանի դերի, երիկամի փոխպատվաստման, կյանքն ու աշխատանքը համատեղելու մասին:
Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
12 նոյեմբեր
Թոքաբորբի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին. Արդյոք թոքաբորբը միայն ձմռանն է հանդիպում։Ո՜չ, ամռանն էլ կարող են հանդիպել թոքաբորբի ծանր դեպքեր, հաճախ նույնիսկ ավելի ծանր, քան ձմռանը: Թոքաբորբով երեխաները միշտ ջերմո՞ւմ են:Հիվանդության հիմնական նշաններից է երեք օր և ավելի տևող բարձր ջերմությունը: 97%-ի դեպքում նկատվում է մարմնի ջերմության բարձրացում: 37.2 ջերմությունը մարդիկ անվանում են իբրև թոքաբորբի ջերմաստիճան, բայց դա սխալ մոտեցում է:Հիվանդությունը տանը բուժելու պարագայում արդյոք չի նվազում բուժման արդյունավետությունը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ շատ երեխաներ (եթե չունեն վտանգի նշաններ) թոքաբորբի դեմ բուժումը ստանում են նաև տան պայմաններում: Պատվաստումը ապահովու՞մ է լիարժեք պաշտպանություն հիվանդության դեմ:Պնևմակոկային պատվաստումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը և մեղմացնում է ընթացքը, եթե երեխան հիվանդանա: Թոքաբորբը արդոք վարակիչ հիվանդություն է: Հիվանդության վարակելիությունը շատ ցածր է։ Հիվանդությունից պաշտպանվելու համար բժիշկ Բոյաջյանը հորդորում է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ստանալ համապատասխան պատվաստումը, ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար` խուսափելով գերտաքացումից, հետևել սննդին և խուսափել ծխախոտի օգտագործումից երեխայի ներկայությամբ: Ծուխը վնասում է երեխայի շնչուղիները, իսկ վնասված շնչուղին ավելի շուտ կարող է վերցնել ինֆեկցիաները:
Մարինե Գրիգորյանը Open Medical Institute-ի կողմից արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի
10 նոյեմբեր
2025 թվականի հոկտեմբերի 19-25-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացել է մանկական ռադիոլոգիային նվիրված միջազգային սեմինար, որն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը և ռադիոլոգ Անի Սարգսյանը միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեության մեջ հանդիպած բնածին արատների հետ կապված պաթոլոգիաների մասին, որոնք աշխարհում հանդիպում են խիստ հազվադեպ՝ միլիոններից մեկ մարդու մոտ:«Արաբկիր» ԲՀ մասնագիտական թիմը ներկայացրել է իր վերլուծությունները և փորձը նմանատիպ դեպքերի ախտորոշման ու բուժման ընթացքի վերաբերյալ։ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը սեմինարի ընթացքում արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի։«Սա թիմային աշխատանքի արդյունք է,- նշում է Մարինե Գրիգորյանը,-թիմի աջակցությունն ու քաջալերումը մեծ դեր ունեն յուրաքանչյուրի մասնագիտական աճի և կայացման գործում։ Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չպետք է կանգ առնել և բավարարվել եղած հաջողությամբ․ անհրաժեշտ է անընդմեջ սովորել, կատարելագործվել և բաց չթողնել նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը, որը ծառայելու է երեխաների առողջության պահպանմանը»։Միջազգային հարթակներում արձանագրած հաջողությունները վկայում են, որ Հայաստանում մանկական բժշկությունը զարգանում է համաշխարհային գիտական չափանիշներին համընթաց։
Այսօր Ռադիոլոգների միջազգային օրն է
08 նոյեմբեր
130 տարի առաջ հենց այս օրը` նոյեմբերի 8-ին գերմանացի գիտնականը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները: Իսկ 2012-ին միջազգային մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ը հռչակվեց որպես Ռադիոլոգների միջազգային օր: Այս տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց գիտելիքներով, պատասխանատվությամբ, փորձով ու նվիրումով կատարում են ճշգրիտ ախտորոշում։Շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նոր գիտական և մասնագիտական նվաճումներ։
Շարունակվում են աշխատանքները մահացած մարդուց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի ներդրման ուղղությամբ
03 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի հրավերով Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկներ՝ պրոֆեսոր, տրանսպլանտ վիրաբույժ Նիզամ Մամուդը և անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապիայի մասնագետ Բենջամին Այվորին, ով Միացյալ Թագավորության օրգանների փոխպատվաստման ազգային կրթական համակարգի ղեկավարն է։Ուղեղային մահվան ախտորոշման ընթացակարգը, ուսուցման մոդելները և ծրագրի կազմակերպական կողմերը քննարկելու համար «Արաբկիր» ԲՀ-ում կայացավ հանդիպում բրիտանացի և հայ առաջատար մասնագետների միջև: Ս. թ. նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կհանդիպեն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Առողջապահության նախարարությանը կից ստեղծվել են աշխատանքային երկու խմբեր, որոնք զբաղված են ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման հարցերով։ Մեծ Բրիտանիայի մասնագետները աշխատելու են ՀՀ մասնագետների հետ, որպեսզի աջակցեն մշակել ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման նոր համակարգի մշակումը և ներդրումը։ Այցի շրջանակում նոյեմբերի 6-ին «Արաբկիր» բժշկական համալիրում կքննարկվեն օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր: