2025 թվականի հոկտեմբերի 19-25-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացել է մանկական ռադիոլոգիային նվիրված միջազգային սեմինար, որն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը և ռադիոլոգ Անի Սարգսյանը միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեության մեջ հանդիպած բնածին արատների հետ կապված պաթոլոգիաների մասին, որոնք աշխարհում հանդիպում են խիստ հազվադեպ՝ միլիոններից մեկ մարդու մոտ:
«Արաբկիր» ԲՀ մասնագիտական թիմը ներկայացրել է իր վերլուծությունները և փորձը նմանատիպ դեպքերի ախտորոշման ու բուժման ընթացքի վերաբերյալ։ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը սեմինարի ընթացքում արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի։
«Սա թիմային աշխատանքի արդյունք է,- նշում է Մարինե Գրիգորյանը,-թիմի աջակցությունն ու քաջալերումը մեծ դեր ունեն յուրաքանչյուրի մասնագիտական աճի և կայացման գործում։ Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չպետք է կանգ առնել և բավարարվել եղած հաջողությամբ․ անհրաժեշտ է անընդմեջ սովորել, կատարելագործվել և բաց չթողնել նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը, որը ծառայելու է երեխաների առողջության պահպանմանը»։
Միջազգային հարթակներում արձանագրած հաջողությունները վկայում են, որ Հայաստանում մանկական բժշկությունը զարգանում է համաշխարհային գիտական չափանիշներին համընթաց։