Գլխավոր
Նորություններ
Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում

Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում

Ապրիլի 11-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկման օր. առիթ՝ բարձրաձայնելու պարկինսոնիզմի, դրա ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին:
 

news.am-ի տեսանյութն անդրադառնում է պարկինսոնիզմի նյարդավիրաբուժական բուժմանն «Արաբկիր» բժշկական համալիրում. որքան արդյունավետ կարող է լինել գլխուղեղի՝ նեյրոմոնիտորինգով կատարվող խորանիստ ստիմուլյացիան և որքան կարևոր է այն՝ մարդու կյանքի որակը բարելավելու գործում:


  • 60-ամյա տղամարդը ավելի քան 10 տարի Պարկինսոնի հիվանդություն ունի։ Նա երկար տարիներ դեղորայքային բուժում է ստանում, բայց դեղերն այլևս նրան չեն օգնում, ավելին՝ որոշակի բարդություններ են առաջացնում։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել աշխատանքի, ընդհանուր սոցիալական ակտիվության, կյանքի որակի հետ կապված, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է նյարդաբան Զարուհի Թավադյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները տղամարդուն առաջարկել են վիրահատական բուժում՝ ուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը թույլ կտա նրան վերադառնալ ակտիվ կյանքին։

     «Պարկինսոնի հիվանդությունը պրոգրեսիվող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, հիմնականում դասական նշանները շարժողական են. դանդաղկոտություն, դող, արտահայտված քայլվածքի, հավասարակշռության խնդիրներ, մկանային ձգվածություն, կան նաև բազմաթիվ ոչ շարժողական նշաններ. դեպրեսիա, քնի խնդիրներ, ցավ և այլն, որոնք ուղեկցում են այդ հիվանդությունը։ Այդ ամեն ինչը գումարային մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։

    Հիվանդության ընթացքում և դեղորայքային բուժման ընթացքում նաև պացիենտները ձեռք են բերում բարդություններ արդեն բուժման հետ կապված, ունեն դեղորայքի վրա ոչ կանոնավոր պատասխան, ունեն անկանոն շարժումներ, որոնք ևս դառնում են սահմանափակման արդյունք, և ի վերջո պահ է գալիս, որ արդեն պացիենտները դժվարանում են շարունակել իրենց բուժումը սովորական դեղամիջոցներով», –ասում է Զարուհի Թավադյանը, նշելով, որ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան որպես մեթոդ օգտագործվում է մոտ երկու տասնամյակ։ Այն թույլ է տալիս նաև շարունակական կարգավորումներ մտցնել պացիենտի շարժողական վիճակի մեջ ժամանակի ընթացքում, և պացիենտին պահել տարիներ շարունակ ակտիվ վիճակում։Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի համապատասխան կենտրոններում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք միացվում են խթանիչ սարքին՝ կրծքավանդակում՝ մաշկի տակ տեղադրված նեյրոստիմուլյատորին։

    Այդ սարքը գեներացնում է էլեկտրական իմպուլսներ, որոնք ընկճում են գլխուղեղի անոմալ ակտիվությունը։ Դա բարդ և նուրբ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները պետք է գտնեն էլեկտրոդների ճիշտ դիրքը՝ չվնասելով գլխուղեղի շարժողական կենտրոններն ու անոթները։ Նախկինում այն կատարվում էր տեղային անզգայացմամբ, քանի որ պացիենտը վիրահատության ժամանակ պետք է որոշակի առաջադրանքներ կատարեր, մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։ Օրինակ, հայտնի է, որ ջութակահար Ռոջեր Ֆիշը ջութակ է նվագել այդ վիրահատության ընթացքում: Այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում գլխուղեղի խորանիստ սիտիմուլյացիան կատարում են ժամանակակից տեխնոլոգիայի՝ նեյրոմոնիթորինգի կիրառմամբ, և պացիենտին արթուն պահելու անհրաժեշտություն այլևս չկա, ասում է նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։

    «Մեր կենտրոնում գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում և նեյրոմոնիթորինգի հսկողությամբ, որն ունի մի շարք առավելություններ։ Նախևառաջ հիվանդը, գտնվելով անզգայացման պայմաններում, ավելի հարմարավետ վիճակում է, և նեյրոմոնիթորինգը մեզ հնարավորություն է տալիս ճշգրտել էլեկտրոդի տեղակայման վայրը և խուսափել ստիմուլյացիայից առաջացող հնարավոր կողմնակի ազդեցություններից։ Նեյրոմոնիթորինգը դա մեթոդ է, որը բավականին հաճախ է ներկայումս կիրառվում։ Դա էլեկտրական շղթա է փակում, այսինքն, կատարվում է խթանում համապատասխան կենտրոնի և գրանցվում է ստիմուլը, այսինքն, հոսանքի պատասխանը ծայրամասային մկաններից։ Այսինքն, կլինի դիմային մկան, վերին, ստորին վերջույթների, հնարավոր է նաև դիմային նյարդից, ենթալեզվային, այսինքն՝ կախված վիրահատվող շրջանի առանձնահատկությունից։ Նպատակը՝ վնասումից խուսափելն է համապատասխան կենտրոնների և ուղիների», – ասում է նա։

    Վիրահատությունից առաջ բժիշկները մանրազնին ուսումնասիրում են պացիենտի գլխուղեղի ՄՌՏ–պատկերը, գտնում են թիրախ կորիզները և կատարում էլեկտրոդի վիրտուալ տեղադրում։ Այնուհետև անմիջապես վիրահատությունից առաջ կատարվում է կոնտրաստային ԿՏ–հետազոտություն, որի տվյալները համադրվում են ՄՌՏ–ի հետ։ Էլեկտրոդների տեղակայման վայրը ճշգրիտ որոշելու համար կիրառվում է հատուկ կոորդինատային համակարգ՝ ստերեոտակտիկ շրջանակ, պատմում է Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։

    «Միջամտությունը բաղկացած է մի քանի փուլից. Վիրահատության առաջին փուլում հիվանդի գլխին ամրացվում է հատուկ մետաղական սարք, որի օգնությամբ մենք ստեղծում ենք վիրտուալ կոորդինատային առանցք և համադրելով համակարգչային շերտագրության և ՄՌՏ հետազոտության արդյունքները համապատասխան ծրագրի միջոցով, մենք կարողանում ենք ստանալ մեզ անհրաժեշտ կոորդինատները, և համապատասխան կոորդինատներով մենք 0.6մմ ճշգրտությամբ տեղադրել էլեկտրոդները ճիշտ տեղում», – ասում է նա։   

    Նիկո Արզումանյանը նշում է՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան պարկինսոնիզմի բուժման համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում կիրառվում է արդեն մեկ տարի, և բոլոր վիրահատվածները գոհ են արդյունքներից։ Այս ամենը հնարավոր է դարձել կենտրոնի ձեռք բերած նորագույն սարքավորումների և թվային տեխնոլոգիաների շնորհիվ։  Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կիրառվում է ոչ միայն պարկինսոնիզմի բուժման համար, այլև մի շարք այլ նյարդաբանական, և անգամ հոգեբուժական խանգարումների դեպքում, ասում է Զարուհի Թավադյանը։

    «Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան օգտագործվում է առաջին հերթին Պարկինսոնի հիվանդության ժամանակ, նաև ժառանգական կամ էսենցիալ դողի ժամանակ և մանկական պրակտիկայում դիստոնիայի որոշակի տեսակների ժամանակ։ Ներկա պահին ցուցումները խորանիստ ստիմուլյացիայի շատանում են, լայնանում է դաշտը, և ապագայում այդ մեթոդը օգտագործվելու է նաև այլ շարժողական խանգարումների համար, և ոչ միայն։ նաև հոգեբուժության մեջ, օրինակ, բայց ներկա պահին շարժողական խանգարումներից այս երեքն են. դասական պարկինսոնիզմ, էսենցիալ դող և դիստոնիա», – ասում է նա։

    Վիրահատությունից մոտ 3-4 շաբաթ անց, երբ պացիենտի վիրահատական վերքերը վերջնական կսպիանան, բժիշկները կգործարկեն նեյրոստիմուլյատորը և կկատարեն կարգավորումները։ Արդյունքում կշտկվի պացիենտի շարժումների դանդաղկոտությունը, դողը, քայլվածքը, խոսքը, կրճատվի դեղորայքի օգտագործումը, ինչը զգալիորեն կլավացնի նրա կյանքի որակը։

Վերջին նորություններ
Ռիչարդ Բաբայանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի, եղել Էդգար Հուսեփյանի անունը կրող էպիլեպտոլոգիական դիսպանսերում
01 հոկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Ռիչարդ Բաբայանին, Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին, առողջապահության և սոցիալական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանին:  «Արաբկիր» բժշկական համալիրի և ՀՕՖ-ի համատեղ գործակցության շնորհիվ տասնամյակների ընթացքում կյանքի են կոչվել առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Այցի ընթացքում հյուրերը շրջել են հիվանդանոցում, եղել են էպիլեպտոլոգիական դիսպանսերում, որի հսկողության և բուժման տակ են գտնվում 4150 բուժառուներ։  «Արաբկիր» բժշկական համալիրում գործող էպիլեպտոլոգիայի կենտրոնը առաջատարներից մեկն է տարածաշրջանում, որը տրամադրում է էպիլեպսիայի առաջադեմ բուժում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Կենտրոնը կրում է Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի, Պրեսբիտերյան հիվանդանոցի միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ պրոֆեսոր Էդգար Հուսեփյանի անունը։«Պրոֆեսոր Հուսեփյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ՀՀ առողջապահության ոլորտում»,- հանդիպման ընթացքում նշեց Արա Բաբլոյանը: Նրա առավել ակտիվ գործունեությունը սկսվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Որպես ՀՕՖ բժշկական ծրագրերի համակարգող՝ պրոֆեսոր Հուսեփյանը կազմակերպել է մոտ 100 հայ բժիշկների վերապատրաստումը Միացյալ Նահանգներում։ Հպարտությամբ կարող ենք նշել, որ մասնագիտական շարունակական զարգացման ժամանակակից մոդելի ներդրումը Հայաստանում հնարավոր դարձավ հենց Էդգար Հուսեփյանի թողած հարուստ ժառանգության շնորհիվ։ Ներկաները բարձր են գնահատել մեծ հայի և վաստակաշատ մասնագետի կյանքն ու անցած ճանապարհը: Հանդիպումը եզրափակվեց կլոր սեղան քննարկումով, որին մասնակցել են նաև Հայ օգնության ֆոնդի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի մասնակիցները՝ հանրապետության տարբեր մարզերի բուժհաստատություններից, ինչպես նաև ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Արմինե Հակոբյանը և նախագահության անդամ Բելլա Գրիգորյանը:«ՀՕՖ-ը այն եզակի կազմակերպություններից է, որ 1988 թվականից սկսած ծավալելով գործունեություն` իր առջև դրել է հստակ նպատակներ` զարգացնել Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներն ու մարզերը և գնում է դրանք իրագործելու ճանապարհով»,-հանդիպման ավարտին ընդգծել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Կողմերը լիահույս են, որ գործակցությունը լինելու է շարունակական: 
ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորը «Արաբկիր» բժշկական համալիրում կիրականացնի վիրահատություններ
26 սեպտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգիայի ծառայությունը հատուկ ուղղվածություն է զարգացրել միզուկի վնասվածքների և արատների շտկման նպատակով: Այս օրերին «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի ուրոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ Հանթեր Բ. Վեսելսը: Միզուկի վնասվածքի պատճառով եղած բարդությունները շտկելու նպատակով պրոֆեսորի մասնակցությամբ կիրականացվեն վիրահատություններ: Համագործակցության շրջանակում վիրահատվելու հնարավորություն կունենան ինչպես վերոնշյալ խնդիրը ունեցող երեխաները, այնպես էլ մեծահասակները` անկախ նրանից, թե նախորդող վիրահատությունը երբ կամ որտեղ է իրականացվել: Վիրահատություններին ներկա կլինեն ոչ միայն «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, այլև բոլոր այն բժիշկները, որոնք նախկինում զբաղվել են տվյալ պացիենտների բուժման գործընթացով: ԼԻՑԵՆԶԻԱ` Կ-ԲՕ-000455, տրված 26.05.2025թ. Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00055 Տրվ. 29.09.2025 
Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի
25 սեպտեմբեր
Սեպտեմբերի 25-ին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ «Արաբկիր» բժշկական համալիրի և Շվեյցարիայի միջև համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն: 1988 թվականի երկրաշարժի օրերին շվեյցարացի բժիշկներ Ժան Պիեռ Բեռնարը և Էռնեստ Լոյմանը առաջիններից էին, որ ժամանեցին աղետի գոտի և իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները ծառայեցրին հայ ժողովրդին: Համագործակցությունը կրեց շարունակական բնույթ և կյանքի կոչվեցին հայ-շվեյցարական ավելի քան 30 ծրագրեր: 31-րդը «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ստեղծումն էր: Այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև «Արաբկիր» բժշկական համալիրի շվեյցարացի գործընկերները` «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ Պիեռետ Շենեվարը և վերականգնողական ծառայությունների կազմակերպման փորձագետ Մանուել Սալազարը: Քննարկվեցին «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության հայ-շվեյցարական կենտրոնի» զարգացմանն առնչվող հարցեր: Կենտրոնի նպատակն է Հայաստանում բարձրացնել բուժքույրերի և թերապիստների (ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, հոգեբաններ և այլն) աշխատանքի արդյունավետությունը, նպաստել նրանց մասնագիտական կայացմանը և շարունակական զարգացմանը:Այսօր արդեն` հանդիպման ընթացքում, կողմերը, արժևորելով անցած ճանապարհը, հույս հայտնեցին, որ ամուր հողի վրա ստեղծված համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և տալու է իր դրական պտուղները։
Ավելի քան 30 տարվա համագործակցությունը շարունակվում է
23 սեպտեմբեր
Օրերս «Արաբկիր» բժշկական համալիրում հյուրընկալվել են Ֆրանսիայի Նիս քաղաքի պատվիրակության անդամները` վերահաստատելով ավելի քան 30 տարվա համագործակցության շարունակականությունը: Հանդիպումն ունի բազմակողմ նշանակություն. այն նպաստում է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների շարունակական զարգացմանը և բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այն նաև խթանում է ֆրանկոֆոնիայի ծրագրի աջակցմանը մեր երկրում։Համագործակցության ծրագիրը հնարավորություն է տալիս սերտ կապ հաստատելու Հայաստանի հետ և գործուն քայլեր ձեռնարկելու մեր երկրի առողջապահական ոլորտի առաջխաղացման, զարգացման ուղղությամբ: Պատվիրակության անդամները հանդիպել են «Արաբկիր» բժշկական համալիրի ֆրանսախոս մոտ հիսուն աշխատակիցներին: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկում են համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու ծրագրերը։
Երբևէ չեմ կանգնել և չեմ քայլել․ ՀՀ-ում սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը հասանելի չէ
17 սեպտեմբեր
Հայաստանում ամեն տարի 3-4 նորածին է ծնվում սպինալ մկանային ատրոֆիայի ամենածանր տեսակով, ու թեպետ աշխարհում բուժումը կա, սակայն մեր երկրում ոչ միայն պետպատվերով հասանելի չէ, այլև դեղորայքը գրանցված չէ։ 24-ամյա Անուշ Գևորգյանը շատ է սիրում նկարել, բայց արդեն շուրջ երկու տարի է՝ չի կարողանում, քանի որ վրձինը ձեռքում բռնելը նրա համար շատ դժվար է։ Այսօր Հայաստանում ողնուղեղային կամ սպինալ մկանային ատրոֆիայի ախտորոշումով շուրջ 12-15 պացիենտներ կան, նրանցից մեկն էլ Անուշն է։Ասում է՝ թեպետ փոքր տարիքում ակտիվ երեխա է եղել, բայց երբևէ չի քայլել, նույնիսկ չի էլ կանգնել։ Անուշը 1,5 տարեկան էր, երբ մայրը նկատեց՝ աղջիկն իր ֆիզիկական զարգացմամբ տարեկիցներից տարբերվում է։ Երկար հետազոտություններից հետո պարզվեց ախտորոշումը՝ սպինալ մկանային ատրոֆիա, որը հազվադեպ գենետիկ հիվանդություն է (Անուշն իրենից փոքր 2 քույրեր ունի, յուրաքանչյուր հղիության ժամանակ նմուշառում է արվել, որը տարվել է Մոսկվա՝ գենետիկ հետազոտության՝ համոզվելու, որ երեխան առողջ է)։ «Սպիտակուցի դեֆիցիտի արդյունքում օրգանիզմն աստիճանաբար դառնում է անշարժ։ Այն ժամանակ որևէ բուժման տարբերակ չկար։ Պացիենտների թիվը քիչ էր աշխարհում, դեղագործական ընկերությունները հետաքրքրված չէին խնդրին լուծում գտնելու հարցում»,- բացատրում է Անուշը։ 2016 թվականին աշխարհում ստեղծվեց առաջին դեղամիջոցը, որը ներարկվող տարբերակով էր։ 2020թ․ արդեն ստեղծվեց նաև մեկ այլ դեղ՝ խմելու համար։ Անուշն ասում է՝ ինչպես շաքարային դիաբետ ունեցողները պետք է ամեն օր ինսուլին ընդունեն, այնպես էլ ողնուղեղային մկանային ատրոֆիայով բուժառուներն ամեն օր պետք է դեղորայք ընդունեն, որ օրգանիզմում բավարար քանակի սպիտակուցներ արտադրվեն, ու գոնե հիվանդության ընթացքը դադարի կամ որոշ ֆունկցիաներ վերականգնվեն։ Անուշը երբևէ իր հիվանդության համար դեղորայք չէր ստացել, 6 ամիս առաջ ստիպված եղավ դրամահավաք կազմակերպել, քանի որ վիճակն արդեն չափազանց վատ էր։ «Sputnik Արմենիան» լուսաբանել է «Սպինալ մկանային ատրոֆիայի նորարարությունները և գենետիկական թերապիայի կարևորությունը» թեմայով մամուլի ասուլիսը։Նյութն` ամբողջությամբ:
Հայաստանն ունի դիակային դոնորության բոլոր ռեսուրսները
24 օգոստոս
Օրգանների փոխպատվաստումը համարվում է ժամանակակից բժշկության ամենամեծ նվաճումներից մեկը: Այն հնարավորություն է տալիս մարդկանց վերադառնալ լիարժեք կյանքին։ Հայաստանում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման որոշ վիրահատություններ կատարվում են, բայց դիակային դոնորությունն այստեղ դեռևս չի գործում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարից ավելի փոխպատվաստում, որոնց զգալի մասը՝ դիակային դոնորների միջոցով։ Մենք ունենք դիակային դոնորության բոլոր ռեսուրսները։ «Միայն կամք է պետք», - ասում է Բաբլոյանը։ Մանրամասները` տեսանյութում: