Հայաստանում մանկական առողջապահության համակարգը կանգնած է խորքային փոփոխությունների շեմին․ առաջնային օղակի ուժեղացում, մարզերում ծառայությունների ապակենտրոնացում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և միջազգային համագործակցության ընդլայնում։
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժիշկ-մանկաբույժ Արա Բաբլոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությունները, տարվա ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
-Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին կենտրոնի համար և որո՞նք էին ամենակարևոր ձեռքբերումները։
-Կենտրոնը դինամիկ զարգացող կառույց է, և մեր գործունեությունը պետք է դիտարկել որպես շարունակական գործընթաց։ Մենք մշտապես ուսումնասիրում ենք մեր իրականացրած գործառույթները, փորձում ենք դրանք բարելավել, զարգացնել և հասցնել ավելի բարձր մակարդակի։
Մեր գործունեությունը մի քանի հիմնական ուղղություն ունի։ Առաջինը՝ ամենօրյա բժշկական ծառայություններն են՝ մանկաբուժություն, մանկական վիրաբուժություն, քիթ-կոկորդ, օրթոպեդիա և այլ ուղղություններ։ Սրանք այն ծառայություններն են, որոնք ապահովում են համակարգի հիմքը։
Դրան զուգահեռ զարգացնում ենք նեղ մասնագիտական ուղղությունները, որտեղ ունենք առավել ընդգծված արդյունքներ։ Մասնավորապես՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտներում կարող ենք ասել, որ «Արաբկիր»-ը առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Մենք ունենք պացիենտներ, որոնք գալիս են արտերկրից՝ հատկապես Միջին Ասիայից, և ստանում են արդյունավետ բուժում։
Էպիլեպսիայի ուղղությունը մեզ համար առանձնահատուկ կարևոր է։ Մենք հսկողության տակ ունենք ավելի քան 4000 պացիենտ, ինչը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է։ Բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային եղանակով, սակայն այն դեպքերում, երբ դա արդյունավետ չէ, կիրառում ենք վիրահատական մեթոդներ։
Այս ոլորտում մենք անցել ենք զարգացման մի քանի փուլ՝ բաց վիրահատություններից մինչև ստերեոտակտիկ մեթոդների ներդրում, երբ մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հայտնաբերել խնդրի օջախը և իրականացնել ռադիոհաճախական աբլացիա՝ առանց բաց վիրահատության։ Ներկայում ներդրվում է նաև խորանիստ ուղեղային ստիմուլյացիան, որը նոր փուլ է այս ոլորտում։
Շարունակությունը` armenpress.am կայքում: