Գլխավոր
Նորություններ
Մանկաբուժական համաժողով

Մանկաբուժական համաժողով

Հարգելի գործընկերներ,

սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-20-ին, ժամը 13։00-19։00-ին տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժական կոնֆերանսը։
 

Ավանդույթ դարձած գիտաժողովը նվիրված է մանկաբուժության արդիական հարցերին, մանկական հիվանդությունների կանխարգելման, բուժման և վարման նորագույն մոտեցումներին: Կոնֆերանսին դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և ՀՀ ճանաչված մանկական բժիշկ-մասնագետները, նախատեսվում է հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացում, ինչպես նաև երեխայի զարգացման խնդիրների վերաբերյալ քննարկումներ:
 

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից, մասնակիցները 10 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան։
 

Համաժողովն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երևան հյուրանոցում) և առցանց (Zoom հարթակում): Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
 

Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/.../WN_mj7jERWySKOqYE_hy6htcA...

Ծրագիրը հասանելի է learnwithopen․org հարթակում՝ https://learnwithopen.org/.../aecp-chla-22nd.../

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected] :

Վերջին նորություններ
Շարունակվում են աշխատանքները մահացած մարդուց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի ներդրման ուղղությամբ
03 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի հրավերով Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկներ՝ պրոֆեսոր, տրանսպլանտ վիրաբույժ Նիզամ Մամուդը և անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապիայի մասնագետ Բենջամին Այվորին, ով Միացյալ Թագավորության օրգանների փոխպատվաստման ազգային կրթական համակարգի ղեկավարն է։Ուղեղային մահվան ախտորոշման ընթացակարգը, ուսուցման մոդելները և ծրագրի կազմակերպական կողմերը քննարկելու համար «Արաբկիր» ԲՀ-ում կայացավ հանդիպում բրիտանացի և հայ առաջատար մասնագետների միջև: Ս. թ. նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կհանդիպեն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Առողջապահության նախարարությանը կից ստեղծվել են աշխատանքային երկու խմբեր, որոնք զբաղված են ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման հարցերով։ Մեծ Բրիտանիայի մասնագետները աշխատելու են ՀՀ մասնագետների հետ, որպեսզի աջակցեն մշակել ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման նոր համակարգի մշակումը և ներդրումը։ Այցի շրջանակում նոյեմբերի 6-ին «Արաբկիր» բժշկական համալիրում կքննարկվեն օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր:
Կյանքը շարունակվում է …
29 հոկտեմբեր
Նարինեն է` հերոս աղջնակը, ով ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի և բժշկական մեծ թիմի ջանքերի շնորհիվ կարողացավ հետևում թողնել առողջական լուրջ մարտահրավերներն ու այսօր արդեն կարողանում է լիաթոք ժպտալ ու քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին…Ութ տարեկան աղջկա մոտ ախտորոշվել էր լյարդի աջ և ձախ բլթի հեպատոբլաստոմա կոչվող չարորակ ուռուցքը: Չափերով մեծ ուռուցքը ներառում էր լյարդի աջ, մասամբ նաև ձախ կեսը: Նախավիրահատական քիմիաթերապիա ստանալու ընթացքում` 2025 թվականի հուլիսի 6-ին, ծանր թոքաբորբի և միոկարդիտի պատճառով երեխան տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր և 15 օր բուժում ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար բժշկական համալիրի մասնագիտական թիմը իրականացրեց բազմակողմանի հետազոտություններ: Ստացված տվյալները քննարկվեցին Բելառուսի վիրաբույժ-տրանսպլանտոլոգների և ճապոնացի առաջատար մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է շտապ իրականացնել լյարդի փոխպատվաստում: Դոնորը Նարինեի հայրն էր։  Միևնույն ժամանակ նշում էին, որ հնարավոր է նաև իրականացնել լյարդի ընդլայնված մասնահատում: Սակայն դա տեխնիկապես դժվար մոտեցում էր, քանի որ ուռուցքը ախտահարել էր լյարդի աջ բիլթն ու ձախից որոշ սեգմենտներ: Բարդ, բայց ավելի ցանկալի տարբերակ էր սա, քանի որ հնարավոր կլիներ պահպանել երեխայի օրգանի մի մասը: «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմը Մինսկի մասնագետների հետ միասին պատրաստվեցին զուգահեռաբար երկու սցենարներին էլ. Եթե հնարավոր չլիներ պահպանել երեխայի սեփական օրգանի մի մասը, ապա կիրականացվեր լյարդի բլթի փոխպատվաստում: Ս. թ. սեպտեմբերի 28-ին կատարվեց վիրահատությունը, իրականացվեց ընդլայնված հեմիհեպատէկտոմիա՝ պահպանելով սեփական լյարդի մոտ 30%-ը, թեև երեխայի հայրը միաժամանակ պատրաստ էր հարևան վիրահատարանում, անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում կատարելու համար։ Երեխան մնաց իր սեփական օրգանի հետ առանց ուռուցքի ախտահարման հատվածների, որը հաջողվեց հեռացնել: Արտասահմանյան գործընկերների գնահատմամբ նման վիրահատությունը իրականացնելը շատ ավելի բարդ է, քան հենց տիպիկ փոխպատվաստումը: Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, սակայն հետվիրահատական շրջանում զարգացավ սուր լյարդային անբավարարություն՝ պահպանված օրգանի փոքր չափերի և հյուսվածքների այտուցվածության պատճառով։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները առաջին օրերին բախվեցին լուրջ դժվարությունների, սակայն հմտությամբ կազմակերպեցին լյարդի ֆունկցիան փոխարինող ինտենսիվ թերապիա և դուրս բերեցին աղջկան այս վտանգավոր վիճակից: Լայն ժպիտով ու մեծ հավատով փոքրիկ Նարենեն վստահ է, որ շատ շուտով կկարողանա տուն վերադառնալ և իրականացնել իր բաղձալի երազանքը: Այս պատմությունը բժշկական արհեստավարժ խմբի հերթական սխրանքի դրսևորումն է: Նարինեն հիվանդանոցում եղած օրերին նկարել է «Արաբկիր» բժշկական համալիրը և ինքնաթիռը` որով իրեն օգնություն ցուցաբերելու համար ժամանել էին Բելառուսի մասնագետները:
Ռիչարդ Բաբայանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի, եղել Էդգար Հուսեփյանի անունը կրող էպիլեպտոլոգիական դիսպանսերում
01 հոկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Ռիչարդ Բաբայանին, Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին, առողջապահության և սոցիալական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանին: «Արաբկիր» բժշկական համալիրի և ՀՕՖ-ի համատեղ գործակցության շնորհիվ տասնամյակների ընթացքում կյանքի են կոչվել առողջապահական բազմաթիվ ծրագրեր:Այցի ընթացքում հյուրերը շրջել են հիվանդանոցում, եղել են էպիլեպտոլոգիական դիսպանսերում, որի հսկողության և բուժման տակ են գտնվում 4150 բուժառուներ։  «Արաբկիր» բժշկական համալիրում գործող էպիլեպտոլոգիայի կենտրոնը առաջատարներից մեկն է տարածաշրջանում, որը տրամադրում է էպիլեպսիայի առաջադեմ բուժում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Կենտրոնը կրում է Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի, Պրեսբիտերյան հիվանդանոցի միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ պրոֆեսոր Էդգար Հուսեփյանի անունը։«Պրոֆեսոր Հուսեփյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ՀՀ առողջապահության ոլորտում»,- հանդիպման ընթացքում նշեց Արա Բաբլոյանը: Նրա առավել ակտիվ գործունեությունը սկսվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Որպես ՀՕՖ բժշկական ծրագրերի համակարգող՝ պրոֆեսոր Հուսեփյանը կազմակերպել է մոտ 100 հայ բժիշկների վերապատրաստումը Միացյալ Նահանգներում։Հպարտությամբ կարող ենք նշել, որ մասնագիտական շարունակական զարգացման ժամանակակից մոդելի ներդրումը Հայաստանում հնարավոր դարձավ հենց Էդգար Հուսեփյանի թողած հարուստ ժառանգության շնորհիվ։ Ներկաները բարձր են գնահատել մեծ հայի և վաստակաշատ մասնագետի կյանքն ու անցած ճանապարհը: Հանդիպումը եզրափակվեց կլոր սեղան քննարկումով, որին մասնակցել են նաև Հայ օգնության ֆոնդի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի մասնակիցները՝ հանրապետության տարբեր մարզերի բուժհաստատություններից, ինչպես նաև ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Արմինե Հակոբյանը և նախագահության անդամ Բելլա Գրիգորյանը:«ՀՕՖ-ը այն եզակի կազմակերպություններից է, որ 1988 թվականից սկսած ծավալելով գործունեություն` իր առջև դրել է հստակ նպատակներ` զարգացնել Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներն ու մարզերը և գնում է դրանք իրագործելու ճանապարհով»,-հանդիպման ավարտին ընդգծել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:Կողմերը լիահույս են, որ գործակցությունը լինելու է շարունակական: 
ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորը «Արաբկիր» բժշկական համալիրում կիրականացնի վիրահատություններ
26 սեպտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգիայի ծառայությունը հատուկ ուղղվածություն է զարգացրել միզուկի վնասվածքների և արատների շտկման նպատակով: Այս օրերին «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի ուրոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ Հանթեր Բ. Վեսելսը:Միզուկի վնասվածքի պատճառով եղած բարդությունները շտկելու նպատակով պրոֆեսորի մասնակցությամբ կիրականացվեն վիրահատություններ:Համագործակցության շրջանակում վիրահատվելու հնարավորություն կունենան ինչպես վերոնշյալ խնդիրը ունեցող երեխաները, այնպես էլ մեծահասակները` անկախ նրանից, թե նախորդող վիրահատությունը երբ կամ որտեղ է իրականացվել: Վիրահատություններին ներկա կլինեն ոչ միայն «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, այլև բոլոր այն բժիշկները, որոնք նախկինում զբաղվել են տվյալ պացիենտների բուժման գործընթացով: ԼԻՑԵՆԶԻԱ` Կ-ԲՕ-000455, տրված 26.05.2025թ. Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00055 Տրվ. 29.09.2025 
Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի
25 սեպտեմբեր
Սեպտեմբերի 25-ին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։«Արաբկիր» բժշկական համալիրի և Շվեյցարիայի միջև համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն: 1988 թվականի երկրաշարժի օրերին շվեյցարացի բժիշկներ Ժան Պիեռ Բեռնարը և Էռնեստ Լոյմանը առաջիններից էին, որ ժամանեցին աղետի գոտի և իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները ծառայեցրին հայ ժողովրդին: Համագործակցությունը կրեց շարունակական բնույթ և կյանքի կոչվեցին հայ-շվեյցարական ավելի քան 30 ծրագրեր: 31-րդը «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ստեղծումն էր:Այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև «Արաբկիր» բժշկական համալիրի շվեյցարացի գործընկերները` «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ Պիեռետ Շենեվարը և վերականգնողական ծառայությունների կազմակերպման փորձագետ Մանուել Սալազարը: Քննարկվեցին «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության հայ-շվեյցարական կենտրոնի» զարգացմանն առնչվող հարցեր: Կենտրոնի նպատակն է Հայաստանում բարձրացնել բուժքույրերի և թերապիստների (ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, հոգեբաններ և այլն) աշխատանքի արդյունավետությունը, նպաստել նրանց մասնագիտական կայացմանը և շարունակական զարգացմանը:Այսօր արդեն` հանդիպման ընթացքում, կողմերը, արժևորելով անցած ճանապարհը, հույս հայտնեցին, որ ամուր հողի վրա ստեղծված համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և տալու է իր դրական պտուղները։
Ավելի քան 30 տարվա համագործակցությունը շարունակվում է
23 սեպտեմբեր
Օրերս «Արաբկիր» բժշկական համալիրում հյուրընկալվել են Ֆրանսիայի Նիս քաղաքի պատվիրակության անդամները` վերահաստատելով ավելի քան 30 տարվա համագործակցության շարունակականությունը: Հանդիպումն ունի բազմակողմ նշանակություն. այն նպաստում է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների շարունակական զարգացմանը և բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այն նաև խթանում է ֆրանկոֆոնիայի ծրագրի աջակցմանը մեր երկրում։Համագործակցության ծրագիրը հնարավորություն է տալիս սերտ կապ հաստատելու Հայաստանի հետ և գործուն քայլեր ձեռնարկելու մեր երկրի առողջապահական ոլորտի առաջխաղացման, զարգացման ուղղությամբ:Պատվիրակության անդամները հանդիպել են «Արաբկիր» բժշկական համալիրի ֆրանսախոս մոտ հիսուն աշխատակիցներին:Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկում են համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու ծրագրերը։