Գլխավոր
Նորություններ
Հայաստանի բժշկական հաստատությունների միություն

Հայաստանի բժշկական հաստատությունների միություն

news.am-ի հարցազրույցը պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ` «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության մասին։



  • Երեկ հրապարակվեց տեղեկություն «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին: Հունիսի 19-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին նիստը, որը վարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ումից էլ NEWS.am Medicine-ը փորձել է ճշտել, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ինչպե՞ս է ծնվել այն ստեղծելու գաղափարն ու ի՞նչ նպատակով:

Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս է ծնվել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտքը:

Իմ կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը դրա կարիքը վաղուց էր զգում: Բայց առաջին անգամ այդ գաղափարը հնչեց, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդլայնված խորհրդակցության էր հրավիրել բժշկական հաստատությունների տնօրեններին` ներկայացնելու և քննարկելու Առողջության համապարփակ ապահովագրության ներդրվող ծրագրի գաղափարը: Նախարարին հետաքրքիր էր լսել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներրի կարծիքը: Այդ հանդիպման ժամանակ բժշկական հաստատութունների ղեկավարների հիմնական կարծիքն, իհարկե, դրական էր, սակայն հնչեցին տարբեր հարցեր և տեսակետներ,  եղավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: Եվ հենց այդ ժամանակ հնչեց միտք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա ստեղծել բժշկական հաստատությունների մի կազմակերպություն, որն ակտիվորեն կհամագործակցի նախարարության հետ՝ մեր երկրի համար նման կարևոր ծրագրի ներդրման շրջանը սահուն անցնելու համար։

Ի՞նչ կարգավիճակ կունենա կազմակերպությունը։

Նախ ձևավորվեց նախաձեռնողների խումբ, որը սկսեց աշխատել կազմակերպության նպատակի, կարգավիճակի, կառավարման սկզբունքների և կանոնադրության վրա։  Սահմանված կարգով գրանցվեց «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»  հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է «աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեթյան արդյունավետության բարձրացմանը` ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը ու բնակչության առողջության բարելավմանը»:   

Հունիսի 19-ին հրավիրվեց առաջին ընդլայնված նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է ապահովեն կազմակերպության արդյուվետ գործունեությունը և կոլեգիալ կառավարումը:

Տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը ունենալու է բավական մեծ, ընդլայնված խորհուրդ և հինգ անդամներից բաղկացած նախագահություն: Ինչպե՞ս է որոշվել դա, ի՞նչ սկզբունքով:

Նախ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործում է մոտ 600 բուժհաստատություն, որի մոտավորապես 21%-ը իրականացնում է հիվանդանոցային, իսկ 79%-ը՝ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Ընդ որում, գործող կազմակերպություններից 164-ն ունի մասնավոր կարգավիճակ: Այդ բոլոր 600 կազմակերպություններն էլ ունեն այս միության անդամ լինելու իրավունք։

Ներկա պահին ձևավորվում է կազմակերպության քարտուղարությունը, որից հետո բոլոր բժշկական հաստատությունները կստանան  հրավեր կազմակերպությանն անդամակցելու համար:

Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է Կազմակերպության անդամների Ընդհանուր Ժողովը:  Կառավարման կոլեգիալությունը, ինչպես նաև տարբեր մակարդակի և կարգավիճակի բժշկական հաստատությունների մասնակցայնությունն ապահովելու նպատակով հաստատվել է Խորհրդի կազմը` 37 անդամներից, որից էլ  ձևավորվել է 5 անդամներից բաղկացած Նախագահություն: Նախագահության յուրաքանչյուր անդամ նախագահությունը կղեկավարի 1 տարով` ռոտացիոն կարգով:

Պարոն Բաբլոյան, Դուք ղեկավարել եք առաջին նիստը, բայց չկաք նախագահության հրապարակված կազմում: Դուք խորհրդո՞ւմ եք ընդգրկված:

Ես որոշել եմ լինել կազմակերպության խորհրդական, այլ ոչ թե անդամ կամ  նախագահ: Զգացված եմ,  որ իմ երիտասարդ գործընկերները խորհրդակցում են ինձ հետ։ Դա ինձ համար ավելին է, քան կազմակերպության նախագահ լինելը:

Փաստորեն, մեզ հաջողվեց ստեղծել կազմակերպչական այնպիսի կառույց, որը հստակ ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարողացել է հաղթահարել անձնական շահը՝ հանուն ընդհանուր բարօրության, հանուն ժողովրդի առողջության: Եվ այդ բարձրագույն նպատակի շուրջ մենք պետք է կարողանաք համախմբվել  և համատեղ ուժերով առաջ տանել մեր առողջապահական համակարգը: 

Որո՞նք են կազմակերպության առաջնահերթություններն այս պահին:

Առաջին հերթին, իհարկե, առողջության ապահովագրությունն է, մասնագետների լիցենզավորումը,  հետո` մասնագիտությունների ցանկն ու դրանից բխող կրթական բարեփոխումները: 

Խնդիրները շատ են ու բազմազան, մենք պետք է համագործակցենք ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ տարբեր մասնագիտական միավորումների և  առողջապահության կազմակերպիչների կազմակերպությունների հետ: Վստահ եմ, որ կհաջողենք:

 

 

Վերջին նորություններ
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։ Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
​Շնորհավորում ենք ​«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ