Գլխավոր
Նորություններ
Անդրադարձ մամուլի հրապարակմանը

Անդրադարձ մամուլի հրապարակմանը

Երեկ Oragir.news-ում հրապարակված «Անահիտ Ավանեսյանին և «Ուիգմորին» բիզնես շահե՞ր են կապում. նոր հիվանդանոցի բացումը ռիսկային է մանկաբուժության ոլորտի համար» հոդվածում արծարծվել է «Արաբկիր» բժշկական համալիրի անունը, ինչի առիթով մի շարք լրագրողներ հարցեր են ուղղել մեզ, որոնց պատասխանում ենք ընդհանուր, քանի որ հարցերը հիմնականում նույն բնույթի էին` ինչու նախարարը չի կասեցրել նոր կլինիկայի բացումը, ինչու են «տանում» մասնագետներին, ինչպես եք վերաբերվում նոր կլինիկայի բացմանը:
 

Նախևառաջ ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել, որ նախարարը չի կարող որևէ կերպ խոչընդոտել որևէ նոր կլինիկայի բացմանը: ՀՀ-ում Տնտեսական կարգը և Բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, որոնք երաշխավորում են տնտեսական գործունեության ազատություն, ազատ տնտեսական մրցակություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու իրավունք` սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Նախարարությունն իրավասություն ունի վերահսկել տրամադրվող բժշկական ծառայությունների որակն ու սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը` անկախ բժշկական հաստատության կարգավիճակից և սեփականության ձևից: Եթե ծառայությունները չեն համապատասխանում որակի և մյուս չափորոշիչներին և դա կրում է շարունակական բնույթ, նախարարությունը կարող է կասեցնել տվյալ բժշկական կազմակերպության լիցենզիան, իսկ եթե համապատասխանում են, նախարարությունը կարող է տվյալ կլինիկային պատվիրել կամ չպատվիրել ծառայություններ, կամ ինչպես ընդունված է ասել` «տեղադրել կամ չտեղադրել պետպատվեր»:

Այսպիսով, նախարարության, որպես պետական գերատեսչություն, և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոխհարաբերություններն այս կտրվածքով այսքանն են:
 

Անդրադառնալով «Արաբկիրից մասնագետներին «տանելուն»», ցանկանում ենք նշել, որ նախ` նոր բացվող կլինիկայի համար մասնագետներ հավաքագրվել են ոչ միայն մեր համալիրից, այլև հանրապետության այլ մանկական բժշկական հաստատություններից, հետո` այս հարցին նույնպես պետք է տալ օբյեկտիվ գնահատական. մասնագետները կարող են ունենալ տարբեր նպատակներ և փոխել իրենց աշխատանքի վայրը` իրենց նպատակներին հասնելու համար. մի մասը, կոպիտ ասած, ցանկություն չունի բուժել հասարակության անվճարունակ, աղքատ խավին, ձգտում է բուժել միայն վճարունակներին, մի մասը ձգտում է քիչ ջանքեր ներդնելով` ունենալ հնարավորություն ավելի շատ վաստակելու, մի մասն էլ ձգտում է էլ ավելի առաջընթաց ունենալ` բարելավելով իր կարգավիճակը գործունեության մեջ և, էլ ավելի մեծ պատասխանատվություն կրելով, տվյալ ծառայությունը կազմակերպել իր պատկերացումներով:

 

Բոլոր պարագաներում «Արաբկիր» բժշկական համալիրը հպարտ է, որ հանդիսանում է մանկաբուժության բնագավառի մասնագիտական դարբնոց, որտեղ երիտասարդ բժիշկներն ավարտելով իրենց մասնագիտացումը` կարող են աշխատել այլ բժշկական հաստատություններում:

Միանշանակ կարող ենք շեշտել, որ նրանք, ովքեր հիմնական նպատակ են դրել, կոպիտ ասած, «փող աշխատելը» և ոչ` մարդուն բուժելը, չեն համապատասխանում «Արաբկիրի» գաղափարախոսությանը:
 

Ինչ վերաբերում է մանկական բժշկական նոր հաստատության ստեղծմանը և մրցակցային նոր մարտահրավերների առաջացմանը, ապա մեր մոտեցումը միանշանակ է. եթե դա կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և մատչելիությանը, ապա կհամապատասխանի մեր հիմնական նպատակին: Եթե դա կբերի ծառայությունների թանկացմանն ու դրանց մատուցման խտրականությանը, ապա բնակչությունն ինքը կորոշի, թե որտեղից օգտվել:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք և շարունակում ենք պնդել, որ այսօր գործող մանկական բժշկական հաստատությունների, մասնավորապես, հայտնի 3 խոշոր կլինիկաների միջև մեծապես գերակայում է համագործակցությունը, քան մրցակցությունը: Մրցակցությունը կրում է առողջ բնույթ և ուղղված է ծառայությունների բարելավմանը:

Հույս ունենք, որ նորաստեղծ կլինիկան նույնպես այդ ճանապարհը պետք է ընտրի, քանի որ ոչ մի բժշկական հաստատություն առանձին վերցրած չի կարող լիարժեք լուծել գործունեության ընթացքում ծագող բոլոր խնդիրները:

Վերջին նորություններ
«Էպիլեպսիա` ստվերից դուրս» համաժողովն արդեն իրականություն է
09 փետրվար
Էպիլեպսիայի միջազգային օրն է այսօր: Այն քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը դրսևորվում է կրկնվող ցնցումներով։ Աշխարհում ավելի քան 60 մլն մարդ ունի էպիլեպսիա։ «Արաբկիր» բժշկական համալիրի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպվել է «Էպիլեպսիա․ ստվերից դուրս» խորագրով համաժողովը: Այն նվիրված է էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման կարևոր հարցերին:Համաժողովը համախմբել էր ոլորտի մասնագետներին, նախարարությունների ներկայացուցիչներին, մանկավարժներին, պացիենտներին, նրանց ծնողներին, լրագրողներին և խնդրով մտահոգ մարդկանց։«Հպարտությամբ ուզում եմ նշել, որ գրեթե 100-ի է հասել միջամտությունների թիվը, որ վիրահատությամբ բուժվել են երեխաներ,-նշում է «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և հավելում, - Ղազախստանում վիրահատված երեխան, որը ամենօրյա ցնցումներով էր եկել Հայաստան, այսօր ցնցում չունի»։ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ամեն երեխայի համար մենք ապահովում ենք դեղորայքային բուժումը, բայց չենք բավարարվելու միայն դրանով։ Նոր տեխնոլոգիական հնարավորություններով ապահովելու ենք կայուն վիճակ։ Ծառայությունը թանկ է, բայց մեզ համար ամեն երեխայի կյանքն էլ կենսական է, լիարժեք զարգացումն էլ անգին է»։ Համաժողովին իրենց գործուն մասնակցույթունը ունեցան նաև «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Բաղդասարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը և առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են էպիլեպտոլոգիայի ոլորտում վերջին տարիների ընթացքում արված աշխատանքները, բուժման ժամանակակից մոտեցումները։ Նմանատիպ միջոցառումները մեծապես կարևորվում են, քանի որ ուղղված հասարակության խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը, քննարկմանը, շատ դեպքերում` նաև լուծմանը։
Էպիլեպսիան ոչ միայն բժշկական, այլև սոցիալական ու կրթական մարտահրավեր է
04 փետրվար
Փերտրվարի 7-ին` ժամը 10:00-15:00-ը, Հայաստանի Ամերիկյան համալսարանում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 40) կկայանա համաժողով` «Էպիլեպսիա՝ ստվերից դուրս» թեմայով: Համաժողովը նպատակ ունի միավորել մասնագետներին, ծնողներին և ոլորտի պատասխանատուներին՝ բաց խոսելու, իրազեկելու և միասին գտնելու լուծումներ էպիլեպսիա ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելու համար։
19-ամյա Ռուբիկն ու 6-ամյա Էվան երբևէ չեն քայլել.
29 հունվար
Ռուբը արդեն մեկ տարուց ավելի է՝ չի էլ նստել։ Ընդամենը 15 կիլոգրամ կշռող 19-ամյա տղան մշտապես պառկած է նույն դիրքով, քանի որ մկանների դեֆորմացիան այլ բան թույլ չի էլ տալիս։ Գիշեր թե ցերեկ նրան թթվածնային հատուկ սարք է միացված, առանց որի տղան շնչահեղձ է լինում։ Ռուբիկն ու փոքր քույրը՝ Էվան, հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն ունեն՝ սպինալ կամ ողնուղեղային մկանային ատրոֆիա: Ընտանիքի մեծ երազանքն է, որ ՍՄԱ-ի դեղորայքը հասանելի դառնա ոչ միայն 6-ամյա Էվայի, այլև նրա 19-ամյա եղբոր համար, որ գոնե շնչառությունը մի քիչ կարգավորվի, հիվանդության՝ օրեցօր վիճակը վատթարացնող փոփոխությունները կանգնեցվեն։ Նյութը՝  Sputnik Արմենիայի:
Ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը մանկական բժիշկների Հայկական ասոցիացիայի կազմում
21 հունվար
2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Գայանե Ամարյանը, ով նախաձեռնել է ստորաբաժնի ստեղծումը, նշեց նրա հիմնական նպատակները. միավորել ոլորտի մասնագետներին գաստրոէնտերոլոգիական աշխատանքների և երեխաների խնամքի որակը բարելավելու համար, մշակել կլինիկական, հետազոտական և կրթական ծրագրեր, ակտիվացնել համագործակցությունը միջազգային գաստրոէնտերոլոգիական միությունների հետ (ESPGHAN, NASPGHAN, UEG այլ), ամրապնդել կապը Հայաստանի մեծահասակ գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի հետ:«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայությունը տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցում է ESPGHAN-ի հետ՝ մասնակցում ամենամյա միջազգային գիտաժողովների, աջակցում նրա գործընթացների անցկացմանը Հայաստանում, իրականացնում կրթական ծրագրեր, մասնավորապես 2007թ., 2017 թ. կազմակերպել ESPGHAN-ի ամառային դպրոցներ (ESPGHAN Eastern Summer School) Երևանում։  ԳԷ ծառայությունը 15 տարի համագործակցում է նաև ESPGHAN-ի երկարամյա անդամ, Ցյուրիխի մանկական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և Սնուցաբանության Հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերի հետ, որը ակտիվ աջակցում է կենտրոնում գաստրոէնտերոլոգիայի բնագավառում կլինիկական պրակտիկայի և բժշկական կրթությանը։Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի ԳԷ ծառայության դիսպանսերը ներկայումս իրականացնում է 500-ից ավելի քրոնիկ գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական տարբեր հիվանդություններով երեխաների հսկողությունը մինչև 18 տարեկան, ինչից հետո նրանք կարիք ունեն շարունակելու հսկողությունը մեծահասակ մասնագետների կողմից բարդությունների կանխարգելման և կյանքի որակը բարելավելու համար: Այդ անցման շրջանի պատշաճ կազմակերպումը և իրագործումը առողջապահական լուրջ մարտահրավեր է, որին կարևոր է միացյալ ընդգրկվեն թե՜ մանկական և թե՜ մեծահասակ գաստրոնէտերոլոգ մասնագետները: ESPGHAN-ի կողմից, 2025թ. հոկտեմբեր ամսից սկսած, «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») արշավը, որի մեջ ընդգրկված է նաև «Արաբկիր» ԲՀ – ԵԴԱԻ ԳԷ ծառայությունը, վերաբերվում են հենց այդ գործընթացին: Արշավի կարգախոսն է « Անցման գործընթացը սովորական փոխադրում չէ ...»: Աշխատանքները ընթացքի մեջ են. 2025թ. նոյեմբեր ամսին իրականացվել է առաջին փուլը` ESPGHAN-ի նախապատրաստված անհրաժեշտ նյութերը համալրվել և թարգմանվել են հայերենով: Շարունակելով արշավի երկրոդ փուլը` 2025թ. դեկտեմբերին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգ մասնագետների առաջին հանդիպումը: Արշավի հիմնական դրույթներին ծանոթանալու համար բժիշկներին ներկայացվեցին ESPGHAN-ի թարգմանված նյութերը, քննարկվեցին Հայաստանում դրանց տեղայնացման հարցերը, առկա դժվարությունները: Ամփոփելով միջոցառումը` «Արաբկիր» ԲՀ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ամարյանն ակնկալեց բժիշկների գործուն մասնակցությունը և աջակցությունը ESPGHAN-ի տրամադրած ռեսուրսները հանրապետությունում հետևողական տարածելու համար և հույս հայտնեց, որ Հայաստանում աստիճանաբար կզարգացնենք ESPGHAN–ի կողմից նախաձեռնված «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») գործընթացը
Ամանորի հեքիաթը լիարժեք չէր լինի առանց այս ժպիտների
02 հունվար
Հունվարի 1-ին հեռավոր Լապլանդիայից «Արաբկիր» բժշկական համալիր էր ժամանել Ձմեռ պապիկը՝ լի պարկով և անակնկալ նվերներով։ Ամենուր հեքիաթային մթնոլորտ էր տիրում։ Փոքրիկներն այս պահի մասին հաստատ երազել էին։ Ձմեռ պապիկի հետ այս հանդիպումը նրանք կպահեն իրենց ամենավառ հիշողություններում…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30 դեկտեմբեր 25
Հարգելի՛ գործընկերներ, բուժառունե՛ր և սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է 2025 թվականը: Տարի, որը «Արաբկիր» բժշկական համալիրի համար նշանավորվեց մասնագիտական հերթական ձեռքբերումներով և կարևոր հաջողություններով։Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր հաջողություններ։ Թող 2026 թվականը դառնա նոր հնարավորությունների, շարունակական զարգացման և առաջընթացի տարի։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուրի ընտանիքում տիրեն սերը, հոգատարությունն ու համերաշխությունը, իսկ մեր հայրենիքում՝ անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Եղե՛ք քաջառողջ, բայց նաև իմացե՛ք առողջական այս կամ այն մարտահրավերը հաղթահարելի է. չէ՞ որ Հիպոկրատի երդվյալները օր ու գիշեր աշխատում են, որ դուք և ձեր երեխաները լինեն ապահով ձեռքերում: Հիշե՛ք «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջության վստահելի գործընկերն է ` երեկ, այսօր և ընդմիշտ: