Ինչպե՞ս դիմել

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կարող են դիմել բոլոր ցանկացողները` առաջնորդվելով հետևալ կետերով: 


1.  Շտապ և անհետաձգելի դեպքերի համար շուրջօրյա աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարանը` «Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն» բաժանմունքը: Օրինակ, երբ երեխան բարձր ջերմություն ունի, թուլություն, գիտակցության մթագնում կամ կորուստ, սուր ցավեր մարմնի որևէ հատվածում, և Դուք կանչել եք «Շտապ օգնություն», բժիշկը եզրահանգել է, որ երեխային պետք է շտապ ստացիոնար բուժօգնություն ցույց տալ: Հնարավոր է «Շտապ օգնություն» չեք կանչել, բայց ինքներդ տեսնում եք, որ երեխայի վիճակը նման է վերոնշյալին, կարող եք հենց ինքներդ բերել նրան «Արաբկիր» ԲՀ` «Ընդունարան»:  Նման դեպքերում ուղեգրի և նախապես հերթագրվելու կարիք չկա:


2.  Եթե երեխան բժշկական օգնության և սպասարկման կարիք ունի, սակայն նրա վիճակը չի գնահատվում որպես շտապ և անհետաձգելի օգնության կարիք ունեցողի, «Արաբկիր» ԲՀ կարող եք դիմել որպես պլանային այցելություն, որի համար պետք է ունենալ համապատասխան ուղեգիր: Ուղեգրեր հատկացնում են առողջության առաջնային օղակի` պոլիկլինիկաների բժիշկները: Ուղեգրերը կարող են տրվել

  • նեղ-մասնագիտական խորհրդատվության համար,
  • ախտորոշման ճշտման նպատակով,
  • հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների համար, 
  • հիվանդանոցային բուժօգնության նպատակով:

Ուղեգրերն ուղարկվում են առողջապահական էլեկտրոնային համակարգով, առայժմ միայն 1-ին տեսակի՝ նեղ-մասնագիտական խորհրդատվության համար տրվող ուղեգրերն են շրջանառվում թղթային տարբերակով:

 

Ուղեգրի վրա համապատասխան նշում կատարում է պոլիկլինիկայի բժիշկը, ինչը հստակ ցույց է տալիս, թե ինչի համար այն կարող է կիառվել բժշկական համալիրում: Տրված ուղեգիրը գործում է տրվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ուղեգիրը վերցնելուց հետո պետք է զանգեք համապատասխան բաժին և հերթագրվեք: Բժշկական համալիր գալիս անպայման վերցրեք նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը, ՀԾՀ-ի /սոցքարտի/ պատճենը և ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճենը, որպեսզի գրանցում կատարվի: 


3.  Եթե երեխան «Արաբկիր» ԲՀ-ում դիսպանսեր վերահսկողություն է անցնում՝ համաձայն Առողջապահության նախարարության սահմանած տարեկան այցելությունների մասին սխեմաների, և դուք նրան պարբերաբար բերում եք «դիսպանսեր» կաբինետ, անպայման զանգեք- հերթագրվեք, հետո եկեք` խնայելով Ձեր և բժշկի ժամանակը:


4.  Եթե Դուք նախընտրում եք դիմել «Արաբկիր» ԲՀ

  • պլանային այցով, բայց առանց պոլիկլինիկայի մանկաբույժի  կամ ընտանեկան բժշկի ուղեգրի պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար` պետության կամ ապահովագրական ընկերության փոխարեն: Սակայն այս դեպքում նույնպես պետք է նախապես հերթագրվեք: Վճարելը չի ազատում հերթագրումից: 
  • «Ընդունարան»` երեկոյան ժամերին, երբ չեն աշխատում տեղամասային պոլիկլինիկաները և երեխայի վիճակը ընդունարանի բժիշկը չի գնահատել որպես սուր, ապա պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար: Ընդունարանի աշխատանքի յուրահատկությունից և ծանրաբեռնվածությունից ելնելով` հնարավոր է որոշակի ժամանակ սպասեք:


5.  «Արաբկիր» ԲՀ-ը սպասարկում է նաև մեծահասակներին: Այս դեպքում ծառայությունները մատուցվում են հիմնականում վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Կան հետազոտություններ և միջամտություններ, որոնց համար պետությունն ուղեգիր չի տալիս: Նման դեպքերում ծառայության համար պետք է վճարեն պացիենտը կամ նրա հարազատները` սեփական միջոցներով կամ, եթե ապահովագրված է,  ապահովագրական ընկերության միջոցով: 
  • Պետպատվերով բժշկական ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ քաղաքացիներին: 
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: