Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է
24 հունիս 2023

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
 

Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով եւ ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն եւ տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան եւ մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով:

Մի քանի տեսազանգերից եւ հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր եւս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաեւ արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ եւ անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երեւան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է եւս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ եւ նշանակվել է հակացնցումային դեղորայք:
 

Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երեւան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու եւ բուժման հետագա տակտիկան որոշելու համար:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ: