Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին
Կայացավ «Մանկաբուժական դպրոց 2023»-ը
13 հունիս 23
Կայացավ «Մանկաբուժական դպրոց 2023»-ը: Ավանդական դարձած դասախոսությունների ամենամյա շարքն անց է կացվում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Այս տարի դպրոցին մասնակցեց 160-ից ավել բժիշկ` հանրապետության ամբողջ տարածքից: Նրանք հիմնականում առողջապահության առաջնային օղակի մանկաբույժներ և ընտանեկան բժիշկներ էին, նաև նեղ մասնագետներ` տարբեր բժշկական հաստատություններից:
Ժամանակակից մանկաբուժության, մասնավորապես մանկական գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, թոքաբանության, մաշկաբանության և սրտաբանության մի շարք խնդիրների նվիրված դասախոսություններ են ներկայացրել ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Ծրագիրը հավաստագրված է Առողջապահության նախարարությունից, բժիշկները կստանան ՇՄԶ կրեդիտներ:
Ցյուրիխ - «Արաբկիր» համագործակցություն
10 հունիս 23
Համագործակցության հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում են Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի մասնագետները` անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Ջորջ Շտաբուլին և բուժքույրեր Նեիլա Պաիոնին ու Ստեֆանի Դեվիդսոնը:
«Արաբկիրի» գործընկերների հետ հանդիպումներն, ինչպես միշտ, ընթանում են ակտիվ քննարկումներով, առանձին դեպքեր դիտարկելով, բժշկական տակտիկաների համեմատությամբ, դասախոսություններով և, իհարկե, գործնական հմտությունների ու ծրագրային մտքերի փոխանակությամբ: Ջորջ Շտաբուլի, Նեիլայի և Ստեֆանիի հետ իրենց փորձառության մասին խոսելու առիթ ունեն ինչպես Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության, այնպես էլ մանկաբուժական մյուս բաժանմունքների մասնագետները:
Առանձնակի ակտիվ հարցերով ու քննարկումներով են ընթացել Ջորջ Շտաբուլիի և Նեիլա Պաիոնիի դասախոսությունները` ջերմող երեխա, ցավի կառավարում և տրիաժ թեմաներով: Բժիշկների խոսքով նման հանդիպումները դրական մեծ ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդների մասնագիտական ճանապարհին:
Մանկաբուժական դպրոց 2023
06 հունիս 23
Սիրելի բժիշկներ, հունիսի 10-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում անց է կացվելու «Մանկաբուժական դպրոցի» ամենամյա դասախոսությունների այս տարվա շարքը:
Ծրագրում ընդգրկված են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մանկաբույժների դասախոսություններ` նվիրված ժամանակակից մանկաբուժության խնդիրներին:
Ծրագիրը հավաստագրել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Պահանջվող կարգով գրանցված և մասնակցած բժիշկները կստանան վկայականներ` ՇՄԶ կրեդիտներով:
Գրանցվելու համար կարող եք գրել [email protected] հասցեին:
Ծրագիրն ու օրակարգը` ստորև:
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները
01 հունիս 23
«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն».
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:
Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր և բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում:
Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարևոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը և հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, և երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն և անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է և զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են և դա չի քննարկվում: Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, և միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ:
Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ:
Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետև բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների և մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են և ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին:
Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարևոր Հայաստանում մանկաբուժության առջև ծառացած խնդիրների լուծման համար:
Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթևացնի հիվանդանոցային օղակի բեռը և հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է` հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:
Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն:
Շնորհավոր Հունիսի 1-ը
01 հունիս 23
Ի՞նչ է անկեղծությունը: Դա ամենասովորական մանկական ժպիտն է: Երեխաների հետ աշխատող մեր թիմի բախտն, ինչպես ասում են, բերել է, մենք ամեն օր ենք տեսնում այդ անկեղծությունը, բայց այսօր անկեղծության ու ժպիտների մի մեծ փունջ ենք ունեցել` Հեփի Հաուսի արտիստների օգնությամբ:
Փոքրիկներն ամենաիսկական տոնական շոուի են մասնակցել` երգ ու պարով, խաղերով, փափուկ-տաքուկ արջուկի հետ լուսանկարներով, իսկ ամենավերջում էլ` փուչիկային կերպարներով, որոնք շատ արագ ու թեթև պատրաստում էր խաղավար Արմանը: Փոքրիկների հրճվանքն ու ուրախությունն, իսկապես, անսահման էին, ծնողներինն էլ` ոչ պակաս:
Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` հունիսի 1-ի առիթով, խոստովանում, որ առողջության նրանց իրավունքի համար նվիրյալ մեր բժիշկներն աշխատում են ամեն օր ու ժամ: Դա առաքելություն է` հանուն փոքրիկների առողջ, խաղաղ, անվտանգ, լուսավոր ներկայի ու ապագայի: Շնորհակալություն, սիրելի մանկաբույժներ և կրկին շնորհավոր, մեր երջանկություն-երեխաներ:
Սուրդոթերապիստը` երեխայի խոսքի զարգացման մասին
26 մայիս 23
Լսողական խնդիրներ ունեցող երեխաների խոսքի զարգացման մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել սուրդոթերապիստ Մարինե Գրիգորյանը:
Լսեք լսողության խանգարումների պատճառների, վաղ տարիքում լսողության կորստի բացահայտման մասին, իմացեք, թե ինչպե՞ս է փոխհատուցվում լսողության կորուստը, ինչ հետևանքներ կարող է ունենալ մասնագիտական օգնության ուշացումը, որքան կարևոր են բարձրակարգ լսողական սարքերը խոսքի զարգացման գործում, ինչպիսի նշանակալի դեր ունի սուրդոմանկավարժը չլսող երեխայի զարգացման գործում և թե որոնք են այս ոլորտի միֆերն ու հակամիֆերը:
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ-ի քննարկումներին
23 մայիս 23
«Արաբկիր»բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրավերով Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցել է մոր ու մանկան առողջության ոլորտներում Եվրոպայում իրականացվող ԱՀԿ-ի ծրագրերի ընթացքի և հետագա պլանների քննարկմանը։ Ներկայացվել են, մասնավորապես, երեխայի զարգացման և վերականգնման, դպրոցական և դեռահասային առողջության, բուժօգնության որակի բարելավման, քաղաքականության մշակման և մի շարք այլ խնդիրներ։ Քննարկմանը մասնակցել են փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Իռլանդիայից և Հայաստանից։
Գերմանիա այցի օրերին Սերգեյ Սարգսյանը եղել է նաև Համբուրգի Ուլենքինդեր կենտրոնում` ծանոթանալու մանկական պալիատիվ օգնության կազմակերպման տեղի փորձին: Գերմանացի գործընկերները ներկայացրել են տարբեր փուլերում մանկական պալիտիվ օգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերման, ուղեգրման, հետագա խնամքի կազմակերպման առանձնահատկութուններն ու ծառայությունների գործառույթները: Սերգեյ Սարգսյանը պատմել է այս ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների մասին, նշելով, որ վերջին տարիներին Առողջապահության նախարարությունն ու «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն աշխատանքներ են իրականացնում ` ուղղված մանկական պալիատիվ օգնության ներդրմանը: Մասնավորապես, Բաց հասարակության իսնտիտուտի աջակցությամբ կատարվել է իրավիճակի գնահատում, մշակվել են հայեցակարգ, ուղեցույցներ, կրթական նյութեր ու չափորոշիչների նախագիծ և այս պահին արդեն իրականացվում են գործնական աշխատանքներ` ծառայության ամբողջական ներդրման համար:
Գույքադարան «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում
22 մայիս 23
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնում «Գույքադարան» է բացվել, որն աշխատելու է ճիշտ գրադարանի սկզբունքով, պարզապես տրամադրելու է ոչ թե գրքեր, այլ գույք` «ԱրԲեՍ»-ում վերականգնողական թերապիա անցնող երեխաներին: Նպատակը` աջակցել երեխաների ընտանիքներին` տանն անհրաժեշտ գույք` հատուկ սեղան-աթոռներ, կանգնակներ, գլաններ, ներքնակներ ու ծալովի թեքահարթակներ ունենալու հարցում: Հատկապես հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար այս տեսակի գույքը կարևոր է: Այդ մասին լավ գիտեն ծնողները, որոնք Մարինա Պարազյանի ղեկավարությամբ միավորվել են «Սորս» հիմնադրամում և իրականացնում են ամենատարաբեր ծրագրեր` ուղղված երեխաների կյանքի որակի բարելավմանը:
Այս ծրագիրը, որն իրականացվում է Յունիսեֆի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, դրանցից մեկն է: Սա համագործակցության հաջողված օրինակ է, ինչը, ծնողների պատկերացմամբ, արժե, որ շարունակություն ունենա միջգերատեսչական մակարդակով:
Գույքադարանի բացմանը ներկա են եղել Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Չոբանյանը, Յունիսեֆի մանկական ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի ղեկավար Մանուշակ Երիցյանը, մասնագետներ, ծնողներ և հյուրեր:
Արա Բաբլոյանը կարևորել է ծնողների ակտիվությունը, նկատելով, որ առանց ծնողական ուժեղ օղակի անհնար կլինեն ամենափառահեղ գաղափարներն անգամ: «Սորս» հիմնադրամի և «Արաբկիր» ԲՀ-ի համագործակցությունն արդյունավետ օրինակներից մեկն է և այս ծրագիրն էլ, վստահաբար, կհաջողվի:
Վիրտուալ իրականության ակնոցով` առանց ցավի
19 մայիս 23
Արթուրն ու Ալենը «Արաբկիր» բժշկական համալիր են եկել հետազոտվելու, ինչը սովորաբար սկսվում է լաբորատորիայից: Տղաներն, իհարկե, ուժեղ են և այնքան էլ չեն վախենում «մեղվի խայթոցից», բայց մեր գործընկեր 10X Immersive ընկերությունն այս գործընթացն ավելի ժամանցային է դարձրել նրանց և մյուս բոլոր փոքրիկների համար:
Վիրտուալ իրականության ակնոցներով երեխաներն ուղիղ մուլտֆիլմի կենտրոնում են հայտնվում, դառնում, օրինակ, նավապետ, որ պաշտպանում է նավը հարձակվողներից, կամ մեկ այլ հերոս, որ պիտի օգնի կենդանիներին: Եվ հենց այդ րոպեներին էլ մեր հմուտ բուժքույրերը կատարում են միջամտությունը` առանց որևէ անհանգստություն կամ ցավ պատճառելու երեխաներին:
Հոգեբաններն ասում են, որ սա լավ միջոց է երեխաների ուշադրությունն այդ պահին շեղելու և միջամտությունն արագ ու առանց սթրեսի իրականացնելու համար: Որոշ հետազոտությունների համաձայն վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հնարավոր է ցավի շեմն իջեցնել միչև 35%, ինչն առաջին հերթին երեխաներին, նրանց ծնողներին է օգնում, հետո, իհարկե, նաև մասնագետներին: Ամեն օր փոքրիկների հետ լաբորատորիայում աշխատող մեր բուժքույրերն ասում են` ինչ այստեղ են ակնոցները, քչացել է լացը, ամեն մարդ իր գործով է զբաղվում, իրենք իրենց մուլտն են նայում, մենք էլ մեր նմուշներն ենք վերցնում:
Արթուրն ու Ալենն էլ խոստովանում են, որ ոչինչ չեն զգացել: Ալենն ասում է` ես լսել էի, որ կան նման ակնոցներ, բայց երբեք չէի կրել: Շատ հավես էր, ափսոս կարճ տևեց:
Շնորհակալություն, 10X Immersive-ի թիմ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հերթագրումների փոփոխություններ
15 մայիս 23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի այցելուներ,
տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի են ունեցել հերթագրումների փոփոխություններ:
Եթե Դուք որևէ ծառայությունում պետպատվերով սպասարկվելու համար ունեք ամրագրված օր և համապատասխան բաժնի մատենավարներից դեռևս չեք ստացել զանգ` հերթագրման նոր օրվա մասին, խնդրում ենք նորից զանգահարեք տվյալ բաժին և ճշտեք այցելության նոր օրը:
Ընդհանուր հեռախոսահամարը` 015 400 300 և ներքին` 11 11:
Բաժինների հեռախոսահամարները` հղումով.
Բուժքույրերի միջազգային օրը
12 մայիս 23
1820թ-ի մայիսի 12-ին անգլիացի բանկիր Ուիլյամ Նայթինգեյլի ընտանիքում ծնված աղջկա` Ֆլորենսի պատվին է գրեթե 1.5 դար անց բժշկական օրացույցում առանձնացվել կարևոր այս օրը: Սա առիթ է պատմելու փխրուն մի օրիորդի` Ֆլորենս Նայթինգեյլի խիզախ որոշումների մասին` ընդդիմանալով ծնողների ցանկությանը թողնել բարեկեցիկ կյանքը, մեկնել Գերմանիա` սովորելու բուժքույրական գործ և հետագա ողջ կյանքում լինել վիրավորների ու կարիքավորների կողքին` որպես ամենաիսկական քույր:
Ղրիմի պատերազմի հուշագրություններում Ֆլորենսի մասին հետագայում ասվելու էր. «Նվիրյալների իր խմբով Անգլիայից Ղրիմ հասած «լապտերով տիկինը», որն ամբողջ գիշեր շրջում էր անքուն վիրավորների շարքերով` մեկին մի բաժակ ջուր, մյուսին դեղահաբ տալով, հաջորդին` պարզ մարդկային մի ժպիտ պարգևելով: Հենց նրան էր վստահվել Սկյուտարի բանակային հոսպիտալի ղեկավարությունը և վիրավոր զինվորների բախտն այդ առումով բերել էր»:
Պատերազմից հետո Ֆլորենսը Ղրիմից Բրիտանիա վերադարձավ որպես մի իսկական հերոս, որին շնորհակալագիր հանձնեց անձամբ Թագուհին` խնդրելով չդադարեցնել աշխատանքը: Այդ ժամանակ է, որ Ֆլորենսը հիմնադրեց բուժքույրերի վերապատրաստման «Նայթինգեյլ» դպրոցը` կրթելով նոր սերունդների և փոխանցելով իր գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ գործընկերներին:
Մենք ուրախ ենք փաստել, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրական հզոր թիմը բուժքույրական ժամանակակից գործի պիոներ Ֆլորենս Նայթինգեյլի ամենարաժանի հետևորդներից է: Շվեյցարացի բարեկամների հետ հիմնադրած մեր Բուժքույրական խորհուրդը ևս հետամուտ է բուժքույրերի մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին` պարբերաբար անցկացվող դասընթացներով ու կոնֆերանսներով: Մեր հմուտ բուժքույրերն այսօր ոչ միայն շարունակաբար վերապատրաստվում, այլև վերապատրաստում են երիտասարդ մասնագետների` ինչպես «Արաբկիրից», այնպես էլ այլ բժշկական հաստատություններից:
Սիրելի բուժքույրեր, շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ենք ձեզ թռիչքի երանելի զգացողություն` մասնագիտական ձեր պատասխանատու դաշտում, առաջ ընթացեք ու ճամփորդեք` անդադար սովորելով: Եվ եթե մի օր քայլեք Լոնդոնի Ուաթերլոու հրապարակով, մի պահ կանգ առեք, ժպտացեք ու խոնարհվեք Ֆլորենս Նայթինգեյլի արձանի առջև:
«Արաբկիր-Սթոնի Բրուք» համագործակցություն
08 մայիս 23
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Նյու Յորքի Սթոնի Բրուք պետական համալսարանից ժամանած անեսթեզիոլոգիական-վիրաբուժական թիմը` մեր հայրենակից, մանկական անեսթեզիոլոգ, բժշկագիտության դոկտոր Վահե Թադևոսյանի ղեկավարությամբ:
Սա երկար տարիների համագործակցության շրջանակում կատարած հերթական այցելությունն էր` նորարարական փորձով, հմտություններով միմյանց հետ կիսվելու, փոխանակվելու նպատակով: Համատեղ խորհրդատվություններից, քննարկումներից, վիրահատարանում աշխատանքից բացի ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հանդես են եկել նաև կլինիկական հետաքրքիր դեպքերի և գիտական նոր նյութերի ներկայացմամբ, շեշտելով, որ իրենց համար չափազանց կարևոր են այս այցերը, քանի որ ամեն անգամ իրենք էլ «Արաբկիր» ԲՀ-ի գործընկերներից են որոշակի բաներ սովորում և կիրառում դրանք պրակտիկայում:
Բարի տարեդարձ, պրոֆեսոր Բաբլոյան
05 մայիս 23
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի,
առողջություն, խաղաղություն ենք մաղթում, հնարավորություններ` երեխայակենտրոն, մարդակենտրոն Ձեր բոլոր գաղափարների իրականացման համար: Հայաստանում և Արցախում առողջապահության ոլորտին, հատկապես մանկաբուժությանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումն անգնահատելի են, շնորհակալ ենք:
Արևշատություն ու անսպառ եռանդ Ձեզ, որպեսզի վայելեք Ձեր ամենաբազմազան ծրագրերի պտուղները և, ինչպես միշտ, նախաձեռնեք նորերը` հանուն հայ մանուկների և մեծերի:
Ասթմայի համաշխարհային օրը
03 մայիս 23
Ասթման բարդ հիվանդություն է, որն առաջանում է գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ: Այն աշխարհում ամենատարածված խրոնիկական հիվանդությունն է երեխաների և դեռահասների շրջանում և ամենատարածվածներից մեկը` մեծահասակների մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասթման ճանաչել է որպես աղքատության և՛ պատճառ, և՛ հետևանք` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի գնահատմամբ` ասթման ազդում է 339 միլիոն մարդու վրա` ամբողջ աշխարհում:
Ասթմայի համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական շնչառական միությունը (ERS) և ասթմայի համաշխարհային նախաձեռնությունը (GINA) միավորել են ջանքերը՝ քննարկելու GINA 2023 ռազմավարության զեկույցում մեծահասակների, դեռահասների և երեխաների համար ասթմայի կառավարման վերաբերյալ առաջարկությունների հիմնական թարմացումները` կարևորելով թեմայի հիմնական հարցադրումները.
ինչպես կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունը կարող են ազդել ասթմա ունեցողների վրա,
ինչ կարող են անել բժիշկները՝ իրենց պացիենտներին անհրաժեշտ ամենահարմար ինհալյատորն ընտրելու համար,
ինչ է պետք անել` երաշխավորելու պացիենտներին ավելի առողջ ապագա` ազգային, եվրոպական և գլոբալ մակարդակներում:
Հայաստանում ասթմա ունեցող երեխաներն ու դեռահասները սպասարկվում են «Արաբկիր» բժշկական համալիրում: Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի մեր ծառայությունում այսօր հնարավոր են ասթմայի ախտորոշման, բուժման և կառավարման ժամանակակից բոլոր մեթոդներն ու միջոցները` շնորհիվ արտասահմանյան կլինիկաների, մասնագիտական ասոցիացիաների հետ մեր բժիշկների սերտ համագործակցության, շարունակական մասնագիտական զարգացման և տեխնիկական մեծ հագեցվածության:
Ասթման դատավճիռ չէ: Վաղ ախտորոշումն ու բժշկական ճիշտ մոտեցումն այն դարձնում են կառավարելի և հաղթահարելի:
Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում
29 ապրիլ 23
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակում տեղադրվել է շվեյցարացի հումանիստ, «Արաբկիր» բժշկական համալիրի մեծ բարեկամ Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին` որպես սիրո և երախտագիտության նշան մի մարդու հանդեպ, որի հետ «Արաբկիրն» անցել է երկար ու բեղմնավոր ճանապարհ` սկսած 1988թ-ի երկրաշարժի օրերից:
Հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Ժան-Պիեռի կինն ու որդին` Ֆրանսուազ Բեռնարն ու Մարտեն Բեռնարը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանզը, Ժան-Պիեռի հայաստանցի գործընկերները, ընկերներն ու աշակերտները:
«Եթե ես սկսեմ պատմել մեր բարեկամության, մեր համատեղ ծրագրերի, դժվարությունների ու հաջողությունների պատմությունը, ապա օրեր հարկավոր կլինեն այդ ամենը ներկայացնելու: Ընդամենն ասեմ, որ այն, ինչ տեսնում եք դուք այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, «Ապարանի» առողջարանային ճամբարում, այն ինչը ծառայում է այսօր հայ ժողովրդին, հայ մանուկներին` այդ ամեն ինչում, ինչպես ասում են, Ժան-Պիեռի մատը խառն է: Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, եթե մեր կյանքում չլիներ Ժան-Պիեռը և եթե նա մեզ չսովորեցներ երազել: Ժան-Պիեռը մեր մեծ բարեկամն էր, մեր սիրելի ընկերը, մեր անգնահատելի խորհրդատուն, և անձամբ ինձ համար` եղբայր դարձած մարդ»,- իր խոսքում նշել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
«Հայաստանում դիվանագիտական իմ առաքելության ոչ երկար շրջանում ես հասկացա, որ Ժան-Պիեռը Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խորհրդանիշներից մեկն է, իսկ պրոֆեսոր Բաբլոյանի հետ նրա եղբայրության վերածված ընկերությունը` բազմաթիվ ծրագրերի ու գաղափարների աղբյուր` ուղղված առողջապահության զարգացմանն ու երեխաների կյանքի որակի լավացմանը Հայաստանում: Սա անգնահատելի է»,-ասել է դեսպան Ռոզենկրանզը:
Ներկաներին ողջունել են նաև ամենափոքրիկ արաբկիրցիները` Ժան-Պիեռի գաղափարով ստեղծված մանկապարտեզից` ներկայացնելով իրենց ջերմ կատարումները` հայերեն ու ֆրանսերեն:
Արա Բաբլոյանն ու Մարտեն Բեռնարը մշտադալար ծառեր են տնկել Ժան-Պիեռի կիսանդրու կողքին` հույսով, որ դրանք կապրեն երկար` ինչպես Հայաստան-Շվեյցարիա, «Արաբկիր» -Ժյուռա կանտոն, Արա Բաբլոյան-Ժան-Պիեռ բարեկամությունը:
Մարտեն Բեռնարը շնորհակալություն է հայտնել իրենց համար անչափ հուզիչ ու կարևոր միջոցառման համար, նշելով, որ ամենաոգևորողը փոքրիկներն են, որոնք մշտապես Ժան-Պիեռի մտքի մեջ էին ու նրա երազանքներում: «Եվ հիմա մենք ուրախ ենք, որ Ժան-Պիեռն այստեղ է՝ «ԱրԲեՍում»՝ այսքան կենդանի, այսքան բնական, պարզ ու իր նման համեստ այս ստեղծագործությամբ», ասել է Մարտեն Բեռնարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակ Էմին Պետրոսյանին:
Իրաքահայ Արինն «Արաբկիր» ԲՀ-ում
28 ապրիլ 23
Տասնամյա Արինն «Արաբկիր» բժշկական համալիրում է արդեն մի քանի ամիս: Դաժան ավտովթարը փոխել է իրաքահայ երեխայի կյանքը՝ թողնելով նրան առանց ծնողական խնամքի ու առաջ բերելով առողջական մի շարք խնդիրներ:
Փոքրիկը տեղափոխվել է Հայաստան և Առողջապահության նախարարության աջակցությամբ ու «Արաբկիրի» բժշկական թիմի ջանքերով արդեն բավական առաջընթաց ունի:
Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Արինի պատմությանը:
Համակարգչային տոմոգրաֆիա
21 ապրիլ 23
Հարգելի պացիենտներ, ի պատասխան ձեր հարցերի տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ, ինչպես ընդունված է ասել, КТ`
բոլոր օրգան-համակարգերի հետազոտության համար,
առանց տարիքային սահմանափակումների` և մեծերին և փոքրերին,
ինչպես առանց կոնտրաստի, այնպես էլ կոնտրաստային նյութով,
ինչպես առանց անզգայացման, այնպես էլ անզգայացումով` ելնելով ցուցումներից:
«Արաբկիր» բժշկական համալիրում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև ճառագայթային ախտորոշիչ ծառայության այլ գործառույթների մասին կարող եք կարդալ հղումով:
Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում
11 ապրիլ 23
Ապրիլի 11-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկման օր. առիթ՝ բարձրաձայնելու պարկինսոնիզմի, դրա ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին:
news.am-ի տեսանյութն անդրադառնում է պարկինսոնիզմի նյարդավիրաբուժական բուժմանն «Արաբկիր» բժշկական համալիրում. որքան արդյունավետ կարող է լինել գլխուղեղի՝ նեյրոմոնիտորինգով կատարվող խորանիստ ստիմուլյացիան և որքան կարևոր է այն՝ մարդու կյանքի որակը բարելավելու գործում:
60-ամյա տղամարդը ավելի քան 10 տարի Պարկինսոնի հիվանդություն ունի։ Նա երկար տարիներ դեղորայքային բուժում է ստանում, բայց դեղերն այլևս նրան չեն օգնում, ավելին՝ որոշակի բարդություններ են առաջացնում։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել աշխատանքի, ընդհանուր սոցիալական ակտիվության, կյանքի որակի հետ կապված, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է նյարդաբան Զարուհի Թավադյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները տղամարդուն առաջարկել են վիրահատական բուժում՝ ուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը թույլ կտա նրան վերադառնալ ակտիվ կյանքին։
«Պարկինսոնի հիվանդությունը պրոգրեսիվող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, հիմնականում դասական նշանները շարժողական են. դանդաղկոտություն, դող, արտահայտված քայլվածքի, հավասարակշռության խնդիրներ, մկանային ձգվածություն, կան նաև բազմաթիվ ոչ շարժողական նշաններ. դեպրեսիա, քնի խնդիրներ, ցավ և այլն, որոնք ուղեկցում են այդ հիվանդությունը։ Այդ ամեն ինչը գումարային մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։
Հիվանդության ընթացքում և դեղորայքային բուժման ընթացքում նաև պացիենտները ձեռք են բերում բարդություններ արդեն բուժման հետ կապված, ունեն դեղորայքի վրա ոչ կանոնավոր պատասխան, ունեն անկանոն շարժումներ, որոնք ևս դառնում են սահմանափակման արդյունք, և ի վերջո պահ է գալիս, որ արդեն պացիենտները դժվարանում են շարունակել իրենց բուժումը սովորական դեղամիջոցներով», –ասում է Զարուհի Թավադյանը, նշելով, որ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան որպես մեթոդ օգտագործվում է մոտ երկու տասնամյակ։ Այն թույլ է տալիս նաև շարունակական կարգավորումներ մտցնել պացիենտի շարժողական վիճակի մեջ ժամանակի ընթացքում, և պացիենտին պահել տարիներ շարունակ ակտիվ վիճակում։Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի համապատասխան կենտրոններում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք միացվում են խթանիչ սարքին՝ կրծքավանդակում՝ մաշկի տակ տեղադրված նեյրոստիմուլյատորին։
Այդ սարքը գեներացնում է էլեկտրական իմպուլսներ, որոնք ընկճում են գլխուղեղի անոմալ ակտիվությունը։ Դա բարդ և նուրբ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները պետք է գտնեն էլեկտրոդների ճիշտ դիրքը՝ չվնասելով գլխուղեղի շարժողական կենտրոններն ու անոթները։ Նախկինում այն կատարվում էր տեղային անզգայացմամբ, քանի որ պացիենտը վիրահատության ժամանակ պետք է որոշակի առաջադրանքներ կատարեր, մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։ Օրինակ, հայտնի է, որ ջութակահար Ռոջեր Ֆիշը ջութակ է նվագել այդ վիրահատության ընթացքում: Այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում գլխուղեղի խորանիստ սիտիմուլյացիան կատարում են ժամանակակից տեխնոլոգիայի՝ նեյրոմոնիթորինգի կիրառմամբ, և պացիենտին արթուն պահելու անհրաժեշտություն այլևս չկա, ասում է նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։
«Մեր կենտրոնում գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում և նեյրոմոնիթորինգի հսկողությամբ, որն ունի մի շարք առավելություններ։ Նախևառաջ հիվանդը, գտնվելով անզգայացման պայմաններում, ավելի հարմարավետ վիճակում է, և նեյրոմոնիթորինգը մեզ հնարավորություն է տալիս ճշգրտել էլեկտրոդի տեղակայման վայրը և խուսափել ստիմուլյացիայից առաջացող հնարավոր կողմնակի ազդեցություններից։ Նեյրոմոնիթորինգը դա մեթոդ է, որը բավականին հաճախ է ներկայումս կիրառվում։ Դա էլեկտրական շղթա է փակում, այսինքն, կատարվում է խթանում համապատասխան կենտրոնի և գրանցվում է ստիմուլը, այսինքն, հոսանքի պատասխանը ծայրամասային մկաններից։ Այսինքն, կլինի դիմային մկան, վերին, ստորին վերջույթների, հնարավոր է նաև դիմային նյարդից, ենթալեզվային, այսինքն՝ կախված վիրահատվող շրջանի առանձնահատկությունից։ Նպատակը՝ վնասումից խուսափելն է համապատասխան կենտրոնների և ուղիների», – ասում է նա։
Վիրահատությունից առաջ բժիշկները մանրազնին ուսումնասիրում են պացիենտի գլխուղեղի ՄՌՏ–պատկերը, գտնում են թիրախ կորիզները և կատարում էլեկտրոդի վիրտուալ տեղադրում։ Այնուհետև անմիջապես վիրահատությունից առաջ կատարվում է կոնտրաստային ԿՏ–հետազոտություն, որի տվյալները համադրվում են ՄՌՏ–ի հետ։ Էլեկտրոդների տեղակայման վայրը ճշգրիտ որոշելու համար կիրառվում է հատուկ կոորդինատային համակարգ՝ ստերեոտակտիկ շրջանակ, պատմում է Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։
«Միջամտությունը բաղկացած է մի քանի փուլից. Վիրահատության առաջին փուլում հիվանդի գլխին ամրացվում է հատուկ մետաղական սարք, որի օգնությամբ մենք ստեղծում ենք վիրտուալ կոորդինատային առանցք և համադրելով համակարգչային շերտագրության և ՄՌՏ հետազոտության արդյունքները համապատասխան ծրագրի միջոցով, մենք կարողանում ենք ստանալ մեզ անհրաժեշտ կոորդինատները, և համապատասխան կոորդինատներով մենք 0.6մմ ճշգրտությամբ տեղադրել էլեկտրոդները ճիշտ տեղում», – ասում է նա։
Նիկո Արզումանյանը նշում է՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան պարկինսոնիզմի բուժման համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում կիրառվում է արդեն մեկ տարի, և բոլոր վիրահատվածները գոհ են արդյունքներից։ Այս ամենը հնարավոր է դարձել կենտրոնի ձեռք բերած նորագույն սարքավորումների և թվային տեխնոլոգիաների շնորհիվ։ Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կիրառվում է ոչ միայն պարկինսոնիզմի բուժման համար, այլև մի շարք այլ նյարդաբանական, և անգամ հոգեբուժական խանգարումների դեպքում, ասում է Զարուհի Թավադյանը։
«Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան օգտագործվում է առաջին հերթին Պարկինսոնի հիվանդության ժամանակ, նաև ժառանգական կամ էսենցիալ դողի ժամանակ և մանկական պրակտիկայում դիստոնիայի որոշակի տեսակների ժամանակ։ Ներկա պահին ցուցումները խորանիստ ստիմուլյացիայի շատանում են, լայնանում է դաշտը, և ապագայում այդ մեթոդը օգտագործվելու է նաև այլ շարժողական խանգարումների համար, և ոչ միայն։ նաև հոգեբուժության մեջ, օրինակ, բայց ներկա պահին շարժողական խանգարումներից այս երեքն են. դասական պարկինսոնիզմ, էսենցիալ դող և դիստոնիա», – ասում է նա։
Վիրահատությունից մոտ 3-4 շաբաթ անց, երբ պացիենտի վիրահատական վերքերը վերջնական կսպիանան, բժիշկները կգործարկեն նեյրոստիմուլյատորը և կկատարեն կարգավորումները։ Արդյունքում կշտկվի պացիենտի շարժումների դանդաղկոտությունը, դողը, քայլվածքը, խոսքը, կրճատվի դեղորայքի օգտագործումը, ինչը զգալիորեն կլավացնի նրա կյանքի որակը։
Մանկական ագրեսիա
10 ապրիլ 23
Ինչու են երեխաներն ագրեսիվ վարք դրսևորում, ագրեսիայի ինչպիսի տեսակներ են հնարավոր, որոնք են դրանց հիմնական դրդապատճառներն ու ինչպես կարելի է հաղթահարել այս կամ այն կերպ արտահայտվող ագրեսիան:
«Արաբկիր» բժշկական համալիրի հոգեբան Վարվառա Ավակիմյանը ներկայացրել է մանրամասներ մանկական ագրեսիայից` նշելով, թե որոնք են այս թեմայի շուրջ ամենատարածված միֆերն ու իրականությունները:
Առողջություն և գեղեցկություն. համակարգչային տոմոգրաֆիա
07 ապրիլ 23
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է, մեզ մոտ նաև` Մայրության և գեղեցկության տոնը: Եվ քանի որ առողջության պահպանման և հիվանդությունների բուժման կարևորագույն օղակներից մեկն ախտորոշումն է, առաջարկում ենք դիտել «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի մասնակցությամբ «Առողջություն և գեղեցկություն» հաղորդաշարի թողարկումը` ճառագայթային ախտորոշման մասին:
Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը` առողջությունը` կանխարգելելով և վաղ ախտորոշելով հիվանդությունները:
Պրոֆեսոր Մյոլլերը «Արաբկիր» ԲՀ-ում
04 ապրիլ 23
Ավարտվեց Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Շնչառական բժշկության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մյոլլերի այցը «Արաբկիր» բժշկական համալիր:
Երկօրյա դասընթացին հասցրել է մասնակցել շուրջ 100 բժիշկ` «Արաբկիրից» և այլ բժշկական հաստատություններից:
Սեմինարի հիմնական թեմաներն առնչվել են մանկական շնչառական բժշկությանը` ախտորոշման և բուժման մանրամասներով: Պրոֆեսորը ներկայացրել է դրանց մասին ուղեցույցների վերջին թարմացումները, որոնք քննարկման թեժ առարկա են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել լսել վերջին նորությունները հենց ուղեցույցի հեղինակների խմբի ղեկավարից` սպառիչ պատասխան ստանալով մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
Պրոֆեսորի հետ ավանդական դարձած հանդիպումների ամենասիրված հատվածը bedside theaching-ներն էին` քննարկումներն անմիջապես պացիենտների կողքին և նրանց հետ: Այս ձևաչափը բացառիկ հնարավորություն է հատկապես «Արաբկիր» ԲՀ-ում կլինիկական օրդինատուրա անցնողների համար` մասնակցելու աշխարհահռչակ պրոֆեսորի` պացիենտին զննելու և խնդիրը վերլուծելու գործընթացին:
Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման օր
03 ապրիլ 23
Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա առիթով news.am-ի «Հարցրու բժշկին» շարքի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանը:
Լսեք, թե
ինչպես կարելի է ճանաչել աուտիզմը,
երբ է ճիշտ դիմել բժշկի,
որոնք են այս խնդրի հիմնական պատճառները,
աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի ինչպիսի հիմնական մոտեցումների կան,
որքանով կարող են աուտիզմ ունեցող մարդիկ հոգալ իրենց կարիքներն ու լինել ինքնուրույն:
Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին
28 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին` ևս մեկ երեխայի կյանքի փրկության կարևոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:
Շնորհակալ ենք նաև մեր հավատարիմ բարեկամին` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին` երեխայի վիրահատության, Մինսկ գնալ-վերադառնալու հարցերում ցուցաբերած աջակցության համար։
Մեծարգո պարոն դեսպան,
ընդունեք մեր երախտիքի խոսքը` ևս մեկ երեխայի կյանքի փրկության կարևոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:
Խոսքը 14-ամյա տղայի` Խաչինյան Ռաֆայելի մասին է: Նա ծնվել է 2008թ-ին` լյարդի բնածին ֆիբրոզով, և տարիների ընթացքում անհրաժեշտություն է ծագել լյարդի փոխպատվաստման, որը հանդիսանում է այդ խնդրի լուծման միակ մեթոդը:
Փոխպատվաստումն իրականացվել է 2023թ-ի հունվարի 31-ին, Երևանում` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով` պրոֆեսոր Օլեգ Օլեգի Ռումմոյի ղեկավարությամբ:
Վիրահատությունն անցել է հաջող, սակայն հետվիրահատական շրջանն ընթացել է ալիքաձև` երկու կրիզիսային դրվագով. երեխայի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի սուր արտավանում: Առաջին դրվագում խնդիրը կարգավորվել է կոնսերվատիվ ընդունված միջոցներով, սակայն երկրորդ էպիզոդում դա հնարավոր չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել երկու կլինիկաների մասնագետների համատեղ որոշման` երեխային տեղափոխել Մինսկ` հետագա հետազոտման և բուժման նպատակով:
Երեխան Մինսկ է տեղափոխվել մարտի 11-ին և վերադարձել մարտի 24-ին` առողջության կայունացած վիճակում:
Այս դեպքը ոչ միայն մասնագիտական հզոր կարողությունների, այլև մեծ մարդասիրության, բարեսրտության, առողջ ու ազնիվ համագործակցության արդյունքների մասին է: Շնորհակալ ենք մեր փոքրիկ հայրենակցին, նրա ընտանիքին և, իհարկե, մեզ` որպես լյարդի փոխպատվաստման սկսնակ կլինիկայի մասնագետներ, մենակ չթողնելու համար:
Ցանկանում ենք նշել նաև, որ ավիատոմսերի հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել բելառուսական «Բելավիա» ընկերությունը, ինչի համար նույնպես խորապես շնորհակալ ենք:
Հարգանքով`
Արա Բաբլոյան
Պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար
Ասուլիս. Էպիլեպսիայի օր
28 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանն ու «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը մասնակցել են էպիլեպսիայի օրվան նվիրված ասուլիսի` Սպուտնիկ Արմենիա ռադիոընկերությունում:
Հնչել են մի շարք հարցերի պատասխաններ` էպիլեպսիայի, այս խնդրով ապրող մարդկանց հանդիպող դժվարությունների և դրանց հաղթահարման ձևերի մասին: Օրվա կարևոր ուղերձը` չընկալել էպիլեպսիան որպես դատավճիռ և չպիտակավորել մարդկանց` էպիլեպսիա ունենալու համար: Սա խնդիր է, որ կարող է պատահել բոլորին: Պետք է պարզապես սովորել ապրել էպիլեպսիայով և դրսևորել ճիշտ վարքագիծ` էպիլեպտիկ ցնցումների ժամանակ:
Մարդը մեղավոր չէ, եթե ունի էպիլեպսիա
27 մարտ 23
Եվս մեկ անդրադարձ «Մանուշակագույն օրվա» խորհրդին: «Առավոտը» զրուցել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանի հետ:
Կարդացեք, եղեք իրազեկված,
փորձեք տարբերակել էպիլեպտիկ նոպան էպիլեպսիա հիվանդությունից,
տեղեկացեք էպիլեպսիայի և էպիլեպտիկ ցնցումների հիմնական տեսակների, դրանց ծագման պատճառների ու ռիսկի գործոնների, բուժման ժամանակակից հնարավորությունների մասին,
իմացեք, թե ինչպես պետք է պահեք ձեզ, եթե ձեր կողքին որևէ մեկը էպիլեպտիկ ցնցումներ է ունենում
և, ամենակարևորը, հիշեք, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, պետք չէ մարդկանց պիտակավորել այս առիթով կամ թաքցնել խնդիրը` չպիտակավորվելու համար:
Խնդիրներ ունենում են բոլորը, ոչ ոք ապահովագրված չէ, և ոչ ոք մեղավոր չէ, եթե ունի, օրինակ, էպիլեպսիա:
Մարտի 26. Էպիլեպսիա. Մանուշակագույն օր
26 մարտ 23
Այսօր մարտի 26-ն է՝ էպիլեպսիայի մասին իրազեկման կամ ինչպես ընդունված է ասել՝ Մանուշակագույն օրը:
Աշխարհում մոտ 50 մլն մարդ էպիլեպսիա ունի: Սա խնդիր է, բայց ոչ դատավճիռ: Ժամանակակից բժշկագիտությունն արդյունավետ առաջարկներ ունի էպիլեպսիա ունեցող մարդկանց՝ դեղորայքային, վիրաբուժական, անգամ՝ կենսակերպային:
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանների և նյարդավիրաբույժների թիմը Հայաստան է բերում արդի էպիլեպտոլոգիայի բոլոր նորություններն ու պացիենտների կողքին է՝ բուժման ամենաարդյունավետ մեթոդներով: «Արաբկիրում» է գործում մանկական էպիլեպսիայի դիսպանսերը, որտեղ գրանցված է 0-18 տարեկան 3600-ից ավել պացիենտ: Նրանց մեծամասնությունը ստանում է դեղորայքային բուժում, որոշներին ցուցվում է վիրահատությունը, ինչն արդեն նույնպես հնարավոր է մեր բժշկական համալիրում:
Այս անգամ էպիլեպսիայի մասին ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները լսեք մեծահասակների նյարդաբան Լուսինե Վարդանյանից, եղեք տեղեկացված և դրսևորեք ճիշտ վարքագիծ, եթե ձեր կողքի մարդու մոտ էպիլեպտիկ ցնցումներ են սկսվում:
Դասընթաց. մանկական ռեսպիրատոր բժշկություն
24 մարտ 23
Սիրելի գործընկերներ, հրավիրում ենք հատկապես թոքաբանների, ալերգոլոգների, մանկաբույժների, սրտաբանների ուշադրությունը,
«Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունենալու Մանկական ռեսպիրատոր բժշկության ուսուցման դասընթաց: Դասընթացի պատվավոր հյուրն է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի ռեսպիրատոր հիվանդությունների և քնի խանգարումների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մյուլլերը:
Ներկայացվելու են դասախոսություններ
նախադպրոցական տարիքում սուլող շնչառության,
բրոնխիալ ասթմայի և դրա ախտորոշման,
բրոնխիոլիտների/բրոնխիտների բուժման,
սուր և խրոնիկական հազի թեմաներով:
Դասախոսություններն անց են կացվելու մարտի 29-ին և 30-ին, ժամը 15:00-17:00, «Արաբկիր» ԲՀ-ի Կանաչ դահլիճում:
Դասընթացը կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի և Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համագործակցությամբ:
ՇՄԶ կրեդիտներ չեն նախատեսվում:
Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով ` https://forms.gle/yHFnDUtcMZWjkX2q6
Նեյրովիրաբուժություն. էպիլեպսիա
21 մարտ 23
News.am-ի անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությում վերջերս կատարված բարդ վիրահատությանը՝ ուղղված երեխայի գլխուղեղի ուռուցքի հեռացմանն ու այդպիսով էպիլեպտիկ դրվագների կանխմանը:
Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը ներկայացրել են մանրամասներ տվյալ դեպքի, վիրահատության և ընդհանրապես՝ այս խնդրի ու դրա լուծման ժամանակակից միջոցների մասին:
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվել է 8–ամյա աղջնակի Էպիլեպսիայի վիրահատական բուժում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մոտ մի քանի տարի նկատվող էպիլեպտիկ նոպաների պատճառը գլխուղեղի բավականին մեծ ուռուցքն էր, որի հեռացման ընթացքում նեյրոմոնիտորինգի օգնությամբ շրջանցվել են շարժիչ նյարդաթելերը՝ երեխայի շարժողական ֆունկցիաները չվնասելու համար։
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը, այս հիվանդի պարագայում խնդիրը ոչ թե բուն ուռուցքն էր, այլ ուռուցքի կողմից գլխուղեղի համապատասխան զոնաների սեղմումը և առաջացրած էպիլեպսիան։
Ի՞նչ է նեյրոմոնիտորինգը
«Նեյրոմոնիտորինգը շատ կարևոր էր տվյալ վիրահատության համար, քանի որ ուռուցքը անմիջապես հարում էր ուղեղի շարժիչ զոնաներին և գլխուղեղի կեղևի շարժիչ զոնաներին, ինչպես նաև համապատասխան ուղիներին։ Ուռուցքի ամեն միլիմետրը հեռացնելիս մենք հատուկ գործիքով ստիմուլացնում ենք ուղեղի հյուսվածքը։
Կախված նրանից, թե հոսանքի ինչ ուժով ենք ստիմուլացնում, որպեսզի ստանանք արձագանք, մենք գնահատում ենք, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում համապատասխան շարժիչ նյարդաթելերից։ Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որպեսզի վիրահատության արդյունքում, հետվիրահատական շրջանում մենք չունենանք որևիցե դեֆիցիտ, և որևէ կերպ չվնասենք մարմնի որևէ շարժման ունակությունը», – ասաց նա։
Նիկո Արզումանյանի խոսքով՝ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով, այն նոր ուղղություններից է, որը յուրացնում են «Արաբկիր» բժշկական համալիրում։ Մինչև այժմ նման վիրահատություններն այստեղ կատարվում էին օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, սակայն այժմ «Արաբկիր» ԲՀ–ի բժիշկները վիրահատարանում ինքնուրույն են աշխատում։
Վիրահատությունը տևել է մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ ու պինդ է եղել։ Բժիշկներից բազմակի ջանքեր ու ժամանակ է պահանջվել՝ առանց գլխուղեղի անոթներն ու նյարդերը վնասելու այն հեռացնելու համար։
Ինչպես ներկայացրեց Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, երեխան մի քանի տարի գտնվել է «Արաբկիր» ԲՀ բժիշկների հսկողության ներքո, նրա հիվանդությունն ի հայտ է եկել ցնցումներով, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ՄՌՏ, վիդեո ԷԷԳ մոնիտորինգ, հայտնաբերվել է աջ գագաթային շրջանի ուռուցք և էպիակտիվություն նույն հատվածից։
«Առաջին անգամ Հայաստանում կատարվեց տրակտոգրաֆիա, որը թույլ տվեց հասկանալ, որ ուռուցքն իր մեջ կարևոր նյարդաթելեր չի պարունակում: Այնուամենայնիվ, մեր նյարդավիրաբույժները նախընտրեցին ավելի ապահով լինելու համար վիրահատության ժամանակ կիրառել նեյրոմոնիտորինգ», – ասաց նա։
Վիդեո ԷԷԳ
Էպիլեպսիայի ախտորոշման ամենակարևոր հետազոտություններից մեկը մնում է էէԳ–ն՝ էլեկտրաէնցեֆալոգրամման։ Վիդեո ԷԷԳ–ն կամ տեսաէլեկտրաուղեղագրությունը «Արաբկիր» համալիրում կիրառվող նորագույն մեթոդներից է։ Այն տևական ժամանակահատվածում ուղեղի էլեկտրական ակտիվությունը գրանցող հետազոտություն է, որն էապես մեծացնում է էպիլեպսիայի օջախների ճշգրիտ ախտորոշման հավանականությունը։
«Էլեկտրոդներ են ամրացվում հատուկ պաստայով մեր փոքրիկների և մեծահասակների գլխին, և հիվանդները 24, 48 կամ 72 ժամ լինում են հիվանդանոցում։ Ապա բժշկի կողմից վերծանվում է այդ հետազոտությունը, փորձում է հասկանալ, որտեղից է գալիս այդ էլեկտրական ակտիվությունը։ Եթե մի շարք հետազոտություններ հաստատում են, համընկնում են, բոլորը ցույց են տալիս նույն էպիլեպտոգեն օջախը, ապա հիվանդի շանսերը հետագայում ազատվելու այդ հիվանդությունից վիրահատական միջամտությամբ բավականին բարձր է լինում», – բացատրեց նա։
Մի քանի ամիս անց վիրահատված երեխան նորից ԷԷԳ մոնիտորինգ կանցնի, վիրահատության արդյունավետությունը ստուգելու համար։ Նա ևս մի քանի տարի կընդունի իր դեղամիջոցները, որից հետո, բժիշկները վստահ են՝ վերջնակապես կազատվի էպիլեպսիայից և կապրի լիարժեք առողջ կյանքով։
Էպիլեպսիայի վիճակագրությունը
Ծառայության ղեկավարի տվյալներով՝ Էպիլեպսիայի դեպքերի 70%-ը ենթակա է դեղորայքային բուժման, 30%-ի դեպքում հիվանդությունը դժվար է կառավարվում, և նրանց 15%-ին վիրաբուժական բուժում է ցուցված։
Հայաստանում էպիլեպսիա ունեցող բոլոր երեխաները «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ են։ Ոչ միայն երեխաները. էպիլեպսիայով և այլ նյարդաբանական հիվանդություններով բազմաթիվ մեծահասակ պացիենտներ էլ են բուժում ստանում հիվանդանոցում՝ ասում է Բիայնա Սուխուդյանը:
«Մեր հսկողության տակ են 0-18 տարեկան բալիկները, նրանք 3600–ից ավելին են հիմա, բոլորն ունեն էպիլեպսիայի այս կամ այն տեսակները, գենետիկական կամ ձեռքբերովի։
Այսինքն այսօր մենք մեր հսկողության տակ ունենք բալիկներ, ինչպես նաև մեծեր, ընդհանուր առմամբ պետական ծրագիրը ներառում է մինչև 40 տարեկաններին, որոնք պոտենցիալ կարող են վիրահատության թեկնածուներ հանդիսանալ, և մեզ դիմում են նաև մեծահասակներ տարբեր դեղորայքակայուն էպիլեպսիաներով», – ասաց նա։
Հայաստանի 6-րդ միջազգային համագումար
20 մարտ 23
Սիրելի գործընկերներ, հուլիսի 6-ից 8-ը կայանալու է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը:
Առաքելությունը` ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի հիմնախնդիրները, սահմանել գերակայությունները, նպաստել առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանն ու տեղայնացմանը:
Համագումարին ներկայացվելու են միջազգային ճանաչում ունեցող գիտնականների դասախոսություններ, կազմակերպվելու են գիտական սեկցիաներ, թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ և սեմինարներ: Երրորդ օրը, ձևավորված ավանդույթով, ներկայացվելու են Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում առողջության պահպանման և բժշկական կրթությանն ուղղված տարբեր ծրագրեր:
Համագումարի նյութերը տպագրվելու են ժողովածուում։
Գրանցման և մասնակցության համար կարող եք անցնել հղումներով:
https://www.facebook.com/watch/?v=123244887263922
Մաշկաբանություն. էքսիմեր լազեր
15 մարտ 23
Գարնան ու արևի հետ սովորաբար ակտիվանում են են նաև մաշկային խնդիրները: Սա լավ գիտեն հատկապես մարդիկ, ովքեր առնչվել են դրանց: Բայց ժամանակակից բժշկությունն առաջարկում է մի շարք միջոցներ` հանդարտեցնելու մաշկային խնդիրների սրացումներն ու ազատվելու դրանցից:
Օրինակ, էքսիմեր լազերը վիտիլիգոյի, պսորիազի, օջախային մազաթափության ու էկզեմայի ոչ տարածուն ձևերի բուժման եղանակներից մեկն է համարվում: Հատուկ երկարությամբ արձակվող ալիքների միջոցով հնարավոր է լինում մաշկի վրա ընտրողական հակաբորբոքային ազդեցություն գործել, կանխել այդ խնդիրների խորացումն ու վերահսկել դրանց ընթացքը: Ընդ որում, անհրաժեշտ միջամտությունների քանակն ու բուժման պլանը որոշում է բժիշկը:
Մաշկաբանները վստահեցնում են, որ սա մաշկային խնդիրների դեմ պայքարելու անվնաս, արդյունավետ ճանապարհ է:
«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղումով:
https://arabkirmc.am/hy/services/105
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
14 մարտ 23
Կայացավ մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիումը` Ավստրիայի Գրացի համալսարանից ժամանած պատվարժան պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ:
Սիմպոզիումի օրերը հագեցած էին նորություններով ու բուռն քննարկումներով, որոնց մասնակցում էր մոտ 150 մասնագետ` «Արաբկիր» բժշկական համալիրից և մայրաքաղաքի ու մարզերի այլ բժշկական հաստատություններից:
Պրոֆեսոր Էրիկ Սորանտինը Ավստրիայի Գրացի համալսարանական կլինիկայի Ռադիոլոգիական ծառայության ղեկավարն է, նաև` Թվային տեղեկատվության և պատկերների մշակման գիտահետազոտական խմբի ղեկավարը: Նա կոորդինացնում է մուլտիդիսցիպլինար, մուլտիինստիտուցիոնալ ակադեմիական ցանցը` Կենտրոնական Եվրոպայում, որը միտված է կենսաբժշկական վիզուալիզացիայի և տեխնոլոգիաների զարգացմանը, դրանց ներդրմանը պրակտիկ բժշկության մեջ, ինչպես նաև ճառագայթումից պաշտպանությանը:
Սիմպոզիումը լավ հնարավորություն էր` լսելու պրոֆեսոր Սորանտինի մոտիվացնող, կենդանի, ինտերակտիվ դասախոսությունները, մասնակցելու ուլտրաձայնային հետազոտության գործնական դասին, քննարկելու կլինիկական դեպքեր, ինչպես նաև ծառայությունների զարգացման հնարավորությունները:
Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում:
Մասնակիցներն Առողջապահության նախարարությունից կստանան շարունակական մասնագիտական զարգացման 10 կրեդիտ` 2-ը գործնական և 8-ը տեսական:
Բուն զրույց. Արա Բաբլոյան
12 մարտ 23
«Բուն TV»-ն հրապարակել է պրոֆեսոր Բաբլոյանի և «Առողջապահություն» շարքի հեղինակ Վիոլետա Զոփունյանի՝ ամիսներ առաջ տեսագրած զրույցը:
Առողջապահական բարեփոխումների սկզբունքները
Առողջապահությունն անկախության առաջին տարիներին
Բուժաշխատողների մասնակցությունը բարեփոխումների մշակմանը
Շարունակական մասնագիտական զարգացում
Առողջության իրավունք և սոցիալական արդարություն
Սրտային վիրաբուժության բարեփոխումներն ու ինֆարկտի կանխարգելումը
Միջազգային փորձի օգտագործման ճիշտ ձևերը
Հնարավո՞ր է փոխել համակարգը` առանց մարդկանց փոխելու