«Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը հիմնադրվել է 2007 թվականին: Բաժանմունքի հիմնական թիմը տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցից: Բաժանմունքի գործունեության 95%-ը մանկական օրթոպեդիկ վիրահատություններն են, շատ քիչ ծավալ են կազմում վնասվածքաբանական միջամտությունները` 5%: Այստեղ իրականացվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություններ: Մանկական օրթոպեդիկ խնդիրներով երեխաների մոտավորապես 50%-ն` ամբողջ հանրապետությունից, բուժվում է հենց այս բաժանմունքում, որտեղ յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 320-330 պլանային վիրահատական միջամտություն և ամբուլատոր հետազոտվում ու բուժվում է 6000-7000 երեխա:
Ամենահաճախ հանդիպող օրթոպեդիկ ախտաբանություններից են կոնք-ազդրային հոդի բնածին արատը, հոդախախտն ու բնածին ծռաթաթությունը: Այս խնդիրների լուծման ուղղությամբ վերջին 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ աշխատանք: Մեր մասնագետներին հաջողվել է Հայաստանում ներդնել բնածին ծռաթաթության բուժման նոր մեթոդ, որն աշխարհում համարվում է ոսկե չափանիշ՝ Պոնսետիի մեթոդը: Այս մեթոդի շնորհիվ քիչ ագրեսիվ բուժման եղանակով հնարավոր է ստանալ անհամեմատ լավ արդյունքներ` համադրելի զարգացած երկրների արդյունքներին:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք կարող են դիմել մինչև 18 տարեկան երեխաներ ու նրանց ծնողները: