Բարի գալուստ «Արաբկիր» բժշկական համալիրի պրոֆեսոր Էռնստ Լոյմանի անվան նեֆրոլոգիական բաժանմունք։
Մեր նեֆրոլոգիական բաժանմունքն առաջարկում է համապարփակ ախտորոշիչ և բուժական ծառայություններ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար, որոնք ունեն երիկամային խնդիրներ։ «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նեֆրոլոգիական բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի բիոպսիա և արդյունքների պատշաճ գնահատում։ Հիմնական նեֆրոլոգիական ծրագիրը մատուցում է մասնագիտացված ծառայություններ երիկամային հիվանդություններով բազմաթիվ մարդկանց։
Բաժանմունքը զբաղվում է միզուղիների զարգացման խանգարումներով, հեմատուրիայով (արյունամիզություն), պրոտեինուրիայով (սպիտամիզություն), նեֆրոտիկ սինդրոմով, գլոմերուլոնեֆրիտով, զարկերակային հիպերտենզիայով, երիկամային քարերով, երիկամների ժառանգական հիվանդություններով, էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարումներով, երիկամի սուր վնասմամբ, հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմով և երիկամների քրոնիկ հիանդությամբ։ Այս հիվանդությունների արագ ախտորոշումն ու բուժումը շատ կարևոր են։
Մեր փոքրիկ պացիենտները բավական <<շահում են>> բազմապրոֆիլ խմբերի հետ աշխատանքից, որոնք ներառում են ուսուցիչներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։
Մեր բաժանմունք է դիմում մոտ 1900 պացիենտ, իսկ դիսպանսեր հսկողություն են անցնում 4900 հոգի:
Մենք առաջարկում ենք երիկամ փոխարինող թերապիա և՛ սուր, և՛ քրոնիկ երիկամային հիվանդությունների համար.
Հեմոդիալիզ
Նեֆրոլոգիական բաժանմունքն իրականացնում է ներհիվանդանոցային հեմոդիալիզ երիկամի սուր և քրոնիկ վնասումների դեպքում: 2019-ին հաշվառվել է հեմոդիալիզի 80 պացիենտ: Երիկամի սուր վնասում ունեցող երեխաների համար բաժանմունքում կատարվում են և՛ սուր հեմոդիալիզ, և՛ սուր պերիտոնեալ դիալիզ (ներառյալ պլազմայի փոխարինումը):
Փոխպատվաստում
«Արաբկիր» բժշկական համալիրը միակ հաստատությունն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի փոխպատվաստում կենդանի դոնորից: Երկրում մինչ այժմ գոյություն չունի մահացած դոնորներից փոխպատվաստման որևէ ծրագիր: Երիկամի փոխպատվաստման ծրագիրը գնահատում է հեմոդիալիզ ստացող երեխաներին և մեծահասակներին, որոնք փոխպատվաստման հավանական թեկնածուներ են, և իրականացնում է արդեն իսկ փոխպատվաստված պացիենտների հետագա խնամքը:
Ամեն տարի մոտ 20 փոխպատվաստում է իրականցվում կենդանի դոնորներից: Նեֆրոլոգիական և վիրաբուժական բաժանմունքները համատեղ մատուցում են նախավիրահատական և հետվիրահատական խնամքի ծառայություններ: Փոխպատվաստման ուղեգրեր ստացվում են Հայաստանի ողջ տարածքից:
Հետազոտություններ
Բացի կլինիկական աշխատանքներից, նեֆրոլոգիական բաժանմունքի բժիշկներն ակտիվ և հաջողակ գործունեություն են ծավալում նաև հետազոտական ոլորտում: Աշխատանքները վերաբերում են սուր գլոմերուլոնեֆրիտներին, միզաքարերին (ուրոլիթիազ) և պարբերական հիվանդության ժամանակ դիտվող ամիլոիդոզին:
Բաժանմունքը մասնակցում է միջազգային բազմակենտրոն կլինիկական փորձերին:
Միջազգային համագործակցություն
Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա – մշտական համագործակցությունը սկսվել է դեռևս 1989 թվականին: Բոլոր նեֆրոլոգները վերապատրաստվել են Ցյուրիխում, բացի այդ, «Արաբկիր» բժշկական համալիրում պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ։ Նեֆրոլոգիական ծառայության մեջ իր նշանակալի ներդրման համար բաժանմունքն անվանվել է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի նեֆրոլոգիական բաժանմունքի վարիչ, պատվավոր պրոֆեսոր Էռնստ Լեյմանի անունով։
«Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիական բաժանմունքն ակտիվորեն մասնակցում է Նեֆրոլոգիայի Միջազգային Միության (International Society of Nephrology, ISN) տարբեր ծրագրերին.
«Քույր կենտրոնների» ծրագրեր.
«Քույր երիկամային կենտրոններ» ծրագիր (Sister Renal Center Program)
Անտվերպենի Համալսարանական Հիվանդանոց, Անտվերպեն, Բելգիա
Բեռնի Համալսարանական Հիվանդանոց, Բեռն, Շվեյցարիա (2018թ-ից)
Գայի Հիվանդանոց, Լոնդոն, Մեծ Բրիտանիա (2017թ-ից)
Համագործակցություն այլ բաժանմունքների հետ
Մեր բաժանմունքը սերտորեն համագործակցում է մանկական ուրոլոգիական, ռևմատոլոգիական, ռադիոլոգիական և ախտաբանաանատոմիական բաժանմունքների հետ, ապահովելով լիարժեք մոտեցում այն նորածիններին և երեխաներին, որոնք ունեն բարդ նեֆրո-ուրոլոգիական խնդիրներ: Բացի այդ, բաժանմունքը համագործակցում է տարբեր ուսումնական հաստատությունների և այլ նեֆրոլոգիական բաժանմունքների հետ ևս: