Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովում է պլանային և վիրաբուժական անհետաձգելի միջամտությունների անզգայացումը, ինչպես նաև հիվանդների հետվիրահատական ինտենսիվ թերապիան: Ներկայում բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 13 վիրահատարանում` ինտենսիվ թերապիայի 6, արթնացման սրահի 8 մահճակալների միջոցով: Բաժանմունքն ունի նաև առանձնացված երկու հիվանդասենյակ` հետփոխպատվաստումային (լյարդի, երիկամի) շրջանում հիվանդների ինտենսիվ թերապիայի համար:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ բոլոր սարքավորումներով.
· արհեստական շնչառության ապահովման էքսպերտային դասի նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կիրառելու տարատեսակ ռեժիմներ և կատարելու շնչառական ֆունկցիայի ծավալուն մշտադիտարկում,
· բուժառուների մշտադիտարկման կենտրոնացված համակարգ, որը հնարավորություն է տալիս ստանալու, գրանցելու, պահպանելու և փոփոխելու գործընթացի արդյունքում ստացված ցուցանիշները, կատարելու ժամանակակից ինտենսիվ թերապիայում կիրառվող հեմոդինամիկայի, շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ լիարժեք վերահսկողություն՝ կենտրոնական համակարգչի օգնությամբ:
Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են անեսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին:
Բաժանմունքում տարեկան իրականացվում է ավելի քան 3800 վիրահատություն՝ մանկական և մեծահասակների ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ, ԼՕՌ, լազերային, պլաստիկ, նյարդավիրաբուժական: