«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջական կարիքների գնահատման և հետագա բուժման ուղղորդման ծրագիր։ Նպատակն է երեխաների շրջանում քրոնիկական հիվանդությունների և զարգացման խնդիրների վաղ հայտնաբերումն ու հետագա բուժման կազմակերպումը:
Ծրագրի շրջանակներում բազմապրոֆիլային բժիշկներից կազմված մոբիլ խմբերն այցելում են, Լոռու, Տավուշի,
Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի թիրախային մարզեր։ Թիմերում ընդգրկված են մասնագետներ
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցից, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից, Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնից և «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից։ Մասնագետների թվում են մանկական նյարդաբաններ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, վիրաբույժներ, ուրոլոգներ, զարգացման մանկաբույժներ, վերականգնողաբաններ, ալերգոլոգ-թոքաբաններ, էնդոկրինոլոգներ:
Երեխաներին մատուցվող խորհրդատվություններին զուգընթաց Երևանից ժամանած մասնագետները նաև գործնական կրթական դասընթացներ են անցկացնում թիրախային մարզերի առողջապահության առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի համար:
Շարժական թիմում են նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկներ, ովքեր այժմ աշխատում
են վերոնշյալ բուժհաստատություններում։ Այս համագործակցությունը երաշխավորում է, որ երեխաները կստանան համապարփակ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հարմարեցված նրանց կարիքներին:
Մինչ այժմ հետազոտվել է 1437 երեխա և բացահայտվել 1269 դեպք: