Գլխավոր
Նորություններ
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը

12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը

Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ և բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տևած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
 

Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջև կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի:

Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների և դեղամիջոցների ձեռբերման ծախսերը ևս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում և կայքում:
 

Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար:

Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար և ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային և լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ:
Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։
 

Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ: 
 

ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"

#երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia

Վերջին նորություններ
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ:
Առաջին օգնության դասընթաց «Արաբկիր» բժշկական համալիրում
26 նոյեմբեր
«Safe Heart Yerevan» ծրագրի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացվել է առաջին օգնության դասընթաց: Ծրագրի նպատակն է նախքան շտապօգնության ժամանումը Երևանում սրտի կանգ ունեցող տուժածին ցուցաբերել առաջին օգնություն։Դասընթացի մասնակիցները դառնում են ծրագրի կամավոր։ Դա ենթադրում է, որ Երևանի փոքր կենտրոնում պատահարի դեպքում կամավորը հատուկ հավելվածով ստանում է ծանուցում՝ դեպքի վայրի վերաբերյալ և հնարավորության դեպքում հասնում օգնության՝ ունենալով նաև հասանելիություն նախապես տեղադրված մոտակա դեֆիբրիլյատորին։
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։ «Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։
Նոյեմբերի 20-ը Մանկաբույժների միջազգային օրն է
21 նոյեմբեր
Մանկաբույժների միջազգային օրը թեև պաշտոնապես հաստատված տոն չէ, բայց տարածված է ողջ աշխարհով: Այն կապվում է Երեխաների համաշխարհային օրվա հետ, որն ամենամյա տոն է և նշվում է նոյեմբերի 20-ին. 66 տարի առաջ հենց այս օրը Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» հռչակագիրը։ Մանկաբուժությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հենասյուներից մեկն է: Հարգելի՜ մանկաբույժներ, ի սրտե շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Ձեր անմնացորդ նվիրումն ու ջերմությունը անգնահատելի են երեխաների առողջության պահպանման և ոլորտի կատարելագործման գործում: Շնորհակալ ենք ձեր կարևոր ու անփոխարինելի աշխատանքի համար։
Մանկաբուժության ոլորտում ներդրվում են արդի գործիքներ
19 նոյեմբեր
SWYC ստուգաթերթերը լրացնելով՝ մանկաբույժները կարող են նախապես հայտնաբերել խնդիրները և արդյունավետ վերահսկել երեխայի առողջ զարգացումը։ Ծրագիրը փորձնական տարբերակով ներդրվել է ՀՀ երեք մանկական առաջնային օղակի հաստատություններում, որտեղ այս գործիքի միջոցով ստուգվել են հարյուրավոր երեխաներ։ Գնահատման այս նոր մեթոդը արժանացել է թե’ բժիշկների, թե’ ծնողների հավանությանը։