Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:
Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ եւ, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, եւ ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:
Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան եւ եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետեւանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երեւույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:
Բելառուս մեր գործընկերների մի մասը Երեւան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:
Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան եւ բժիշկներն այս պահին դեռեւս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով եւ ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:
Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարեւոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլեւ մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի
կյանքի:
Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️
Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️