Արցախցի փոքրիկները «Արաբկիրի» ճամբարում
03 օգոստոս 2023

Շարունակվում են կրթական-մարզական-հանգստի ու վերականգնողական ծրագրերով հագեցած օրերն «Ապարանի» առողջարանային ճամբարում: Այս տարի ճամբարականներից մոտ մեկ տասնյակն արցախցիներ են` Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից: Նրանք, ինչպես եւ մյուսները, գրանցված են «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր դիսպանսերներում եւ պարբերաբար այցելում են` հերթական զննումների, հետազոտությունների, դեղեր ստանալու նպատակով: Արցախցի աս երեխաները Հայաստանում էին, երբ փակվել է դեպի տուն տանող միակ ճանապարհը: Նրանց մասնակցությունը ճամբարին ապահովվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
 

Անդրանիկը, Արենն ու Արմանը եղբայրներ են` Ասկերանի Այգեստան գյուղից: Արենն ամենաշատը ֆուտբոլի ժամերն է հավանում ճամբարում, իսկ Անդրանիկը` երեխաների հետ շփումը: Այստեղ նրանք նոր ընկերներ են գտել, նոր կապեր ու հույս ունեն, որ էլի առիթներ կլինեն հանդիպելու, միասին ժամանակ անցկացնելու:
 

Իսկ Մարսելի համար ճամբարն առանձնակի հիշվող է լինելու: Նա այստեղ դիմավորեց իր տասնամյակը` ճամբարի մեծերի ու փոքրերի ուրախ ընկերակցությամբ: Մարսելը Ստեփանակերտից է, առաջին օրը շատ էր կարոտել ծնողներին, առաջին անգամ էր առանձին լինելու: Բայց հիմա, հատկապես ծննդյան յուրահատուկ տոնից հետո, կարոտելու է ընկերներին ու դաստիարակներին. ասում է` գոհ եմ, շնորհակալ եմ, չէի պատկերացնում, որ այսքան լավ կանցնի ծնունդս:
 

Շնորհավորում ենք մենք էլ եւ Մարսելին ու բոլոր փոքրիկներին մաղթում առողջություն ու խաղաղություն:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ