Լիարժեք շնչելով` «Արաբկիր» ԲՀ-ի հետ
03 օգոստոս 2023

Շնչառական խնդիրները բավական տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Դրանք կարող են ծագել տարբեր պատճառներով եւ պահանջել մասնագիտական տարբեր մոտեցումներ:
 

«Արաբկիր» բժշկական համալիրում համատեղված են շնչառական խնդիրների լուծման բոլոր ճանապարհները` ախտորոշման, բուժման, կանխարգելման եւ վերահսկողության օղակներով: Տարբեր ծառայությունների մեր թիմերի համատեղ ջանքերով պացիենտներն ազատվում են այդ խնդիրներից եւ շարունակում ապրել` լիարժեք շնչելով:
News.am-ի տեսանյութը շնչառության խանգարումների եւ դրանցից ազատվելու ժամանակակից ձեւերի մասին է:


Քթային դժվարաշնչությունը կարող է լինել տարբեր պատճառներով: Քթի փակվածությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների պատճառով կամ կարող է լինել անատոմիական շեղումների կամ նորագոյացությունների հետեւանք:

«Արաբկիր» բժշկական համալիրի ՔԿԱ մեծահասակների եւ մանկական ծառայության ղեկավար Գուրգեն Հարությունյանը նշում է. մեծահասակների եւ երեխաների մոտ դժվարաշնչության ամենահաճախ հանդիպող պատճառները տարբեր են.

Մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրը միջնապատի թեքվածությունն է։ Դրա հիմնական երկու պատճառներ կան՝ առաջինը, երբ միջնապատի հիմնական աճառային հատվածը, որը բաժանում է քթի աջ եւ ձախ հատվածները, ավելի արագ է աճում, քան գանգի ոսկրերը, եւ չտեղավորվելով այդ հատվածում, սկսում է դեֆորմացվել։ Մյուս՝ առավել հաճախ հանդիպող պատճառները քթի տրավմաներն են, թեկուզ մանկական տարիքում ստացած, որն այդ ժամանակ չի արտացոլվում, բայց աճին ու զարգացմանը զուգահեռ կրկին միջնապատը դեֆորմացվում է եւ խանգարում շնչառությանը։
Միջնապատին զուգահեռ գնում է խեցիների հիպերտրոֆիան, որի պատճառները կարող են լինել միջնապատի թեքվածությունը եւ երկար ժամանակ քթի անոթասեղմիչ կաթիլների օգտագործումը։ Այս խնդիրը կարող է զուգակցվել պոլիպներով, որոնք բերում են քթային անցուղիների փակման։

Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում է ադենոիդ հյուսվածքի գերաճը, որը գտնվում է քթըմպանում։ Այդ հյուսվածքը 9-10 տարեկանում հետ զարգացում է ունենում եւ խնդիրը վերանում է, բայց շատ դեպքերում հյուսվածքն ունենում է գերաճ, որը խանգարում է շնչառությանը։ Բուժումը կախված է հյուսվածքի գերաճի աստիճանից։

Քթում պոլիպների առկայության դեպքում պարտադիր կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պոլիպների ամբողջական տեղակայումը և վիրահատության ծավալը որոշելու համար։ «Արաբկիրում» այսօր այս վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով.

Ներկայումս քթի խոռոչում պոլիպների վիրահատությունը քթի եւ հարակից խոռոչներում մեր կլինիկայում կատարվում է ժամանակակից էնդոսկոպների օգնությամբ, որոնց դեպքում վնասը նվազագույնի է հասցվում, ոչ մի տեղից կտրվածք չի արվում եւ վիրահատությունները արվում են քթանցքների միջոցով՝ մոնիտորների վերահսկողությամբ։

Էնդոսկոպից բացի կենտրոնի ՔԿԱ ծառայությունը հագեցած է նաեւ այլ ժամանակակից սարքերով, որոնցով կատարվում է խեցիների աբլյացիա։

Շատ պացիենտների անհանգստանցում է խեցիների հիպերտրոֆիան։ Կան պացիենտներ, ովքեր ունեն դժվարաշնչություն միջնապատի հետ կապված բայց այժմ եւս ունեն դժվարաշնչության գանգատներ։ Դրա հիմնական պատճառը խեցիների հիպերտրոֆիան է։ Կան խեցիների բուժման ժամանակակից մոտեցումներ․ ինչպես վիրահատական միջամտություն, որի դեպքում կատարվում է խեցիների վազատամիա, վատերոպոզիցիա, այնպես էլ ամբուլատոր պայմաններում կարելի է կատարել խեցիների վիրահատություն։ Մեր կլինիկայում ունենք Olympus ֆիրմայի Selon սարքը, որը ժամանակակից, պահպանողական, խնայողական եւ արագ մեթոդ է։ Խեցիների աբլյացիա է կատարվում, որի ժամանակ խեցիները կրճատվում են եւ ունենում ենք բավականին լավ էֆեկտ։

Մեկ այլ մեծ խումբ, որը հանգեցնում է շնչառական բարդությունների, ալերգիկ ռինիտն է: Եվ այս խմբի բուժման համար անհրաժեշտ է դիմել ոչ միայն ԼՕՌ մասնագետին, այլեւ ալերգոլոգին: «Արաբկիր» բժշկական համալիրում այս խնդիրը լուծում են համալիր մոտեցմամբ։ Օտորինոլարինգոլոգը ձեզ անպայման կուղարկի ալերգոլոգիական ծառայություն ստուգման, եթե կասկածի, որ ձեր դժվարաշնչության պատճառը ալերգիան է։ Իսկ ալերգիայի հետեւանքները, որոնք հանգեցրել են շնչառության դժվարության, կբուժի ԼՕՌ մասնագետը։ Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ հատկապես պետք է ուշադիր լինել պոլիպների նկատմամբ, որոնք կարող են ալերգիկ ծագում ունենալ եւ կապված լինել բրոնխիալ ասթմայի հետ։

Դրա համար նման դեպքերում շատ հաճախ դիմում ենք ալերգոլոգի խորհրդատվության եւ հիվանդությունները վարվում են իրար հետ։ Ասթմայի հայտնաբերման դեպքում մինչ պոլիպի հեռացման վիրահատությունը պարտադիր է հիվանդներին նախապատրաստել եւ դա կատարվում է ալերգոլոգիների վերահսկողության տակ, կատարվում են շնչառական թեստեր, գնահատվում է ասթմայի ծանրության աստիճանը, նշանակվում բուժում, նախապատրաստում հիվանդին և գնում վիրահատության։
Շատ հանդիպում են նաեւ ալերգիկ ռինիտները, որոնք բերում են դժվարաշնչության, խեցիների այտուցվածության, անընդհատ լորձարտադրության՝ փռշտոցներով։ Կարող են լինել ինչպես սեզոնային, այնպես էլ շուրջտարյա ալերգիկ ռինիտներ։ Բուժումը այստեղ կատարվում է ոչ միայն քիչ-կոկորդ ականջաբանի կողմից կաթիլների նշանակմամբ, այլեւ ալերգոլոգի հետ համատեղ, որ նրանք նշանակեն բուժում, որոշեն ալերգենի տեսակը։

Լինում են դեպքեր, երբ ալերգիկ ռինիտը կա, բայց կա նաեւ արտահայտված միջնապատի թեքվածություն, որ անգամ խեցիների կրճատվելու ֆոնի վրա մեկ է՝ թեքվածությունը խանգարելու է շնչառությանը։ Այդ դեպքում գնում ենք վիրահատական միջամտության․ ուղղվում է միջնապատը, կրճատվում են խեցիները։
Գոյություն ունի մի հասկացություն, երբ միջնապատը վիրահատելուց հետո հիվանդները հարցնում են՝ մեր գանգատները կվերանան, թե չէ։ Վիրահատության արդյունքում այդ մարդու ալերգիկ ռինիտը չի վերանալու, սակայն երբ մենք ուղղում ենք միջնապատը եւ օդը սկսում է ճիշտ հոսել, ալերգիայի ժամանակ խեցիների մեծացման դեպքում շնչառությունը այդ աստիճան դժվարացած չի լինի։


Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանն ասում է. ալերգիայի ախտորոշումն իրականացվում է երկու փուլով.

Առաջին փուլում մաշկային բրիք թեստերն են, որոնք հնարավորություն են տալիս մեծ քանակով հաճախակի հանդիպող ալերգենների նկատմամբ ստուգել գերզգայնությունը կամ սենսիբիլիզացիան եւ առաջարկել ալերգիկ ռինիտի կոնսերվատիվ բուժում, որը լինում է երկու տեսակի՝ սեզոնային բուժում եւ վերջնական բուժում, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ մոլեկուլյար դիագնոստիկա, որը եւս կարողանում ենք իրականացնել, այսինքն երբ ուզում ենք պարզել, թե որ լուծույթներն են անհարժեշտ թիրախավորված բուժում իրականացնելու համար, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ալերգեններից կամ դրանց տարբեր հատվածներից են ունենում ալերգիա։ Որպեսզի մենք ճիշտ ընտրենք բուժումը, նպատակաուղղված, այդ մոլեկուլյար դիագնոստիկան ենք իրականացնում արյան թեստերի միջոցով եւ առաջարկում իմունոթերապիա, որը տեւում է 3-5 տարի։ Մեքն աշխատում ենք նվազագույն տեւողությամբ իրականացնել բուժումը՝ 3 տարի, որն օգնում է հետագա կյանքի տարիների համար ալերգիկ ռինիտի աշխատնիշները նվազեցնել 60-80 տոկոսով, ինչը նշանակում է, որ եթե մարդը սեզոնի ընթացքում՝ 3-4 ամիս, օգտագործում են ամենօրյա դեղեր և անգամ այդ պարագայում չեն կարողանում նորմալ շնչել, անգամ զարգացնում են ստորին շնչուղիների բորբոքում՝ ասթմա, այս դեպքում 60-80 տոկոսով ամեն տարի նվազում է դեղերի օգտագործման քանակը եւ համապատասխանաբար նաեւ ասթմայի զարգացման ռիսկը։

Ալերգիայի եւ ասթմայի հետազոտության համար «Արաբկիր» բժշկական համալիրն ունի եզակի շնչառական լաբորատորիա, որտեղ որոշում են թոքերի ստատիկ եւ դինամիկ ծավալները, հետազոտում են տարբեր բիոմարկերներ, ստուգում թոքերի եւ սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ.

Քանի որ ալերգիաները հաճախ ուղեկցվում են ասթմայով, մենք ունենք Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս որոշել թոքերի ստատիկ եւ դինամիկ ծավալները։ Կամ որ նույնն է՝ որքան օդ է տեղավորվում թոքերում, ինչ արագությամբ է մարդը արտշնչում, երբ մարդը շնչում է, որքան մնացորդային օդ է մնում թոքերում, եւ արդյոք այդ ցուցանիշները օբյեկտիվ են։ Քանի որ մենք հաճախ երեխաների հետ ենք գործ ունենում, որոնք դժվարանում են տեխնիկապես ճիշտ իրականացնել, կամ մեծահասակների, որոնք հիվանդության պատճառով դժվարություններ ունեն եւ այսպես կոչված բոդիպլետիսմոգրաֆիան մեզ թույլ է տալիս օբյեկտիվ ծավալները որոշել՝ անկախ պացիենտի կամքից։ Հիմնվելով այդ օբյեկտիվ տվյալների վրա՝ կարողանում ենք ախտորոշումը հաստատել կամ մերժել։
Ունենք նաեւ բիոմարկերների հետազոտություն։ Այսինքն երբ ուզում ենք իմանալ՝ արդյոք մարդու շնչուղիներում կա խրոնիկ բորբոքում եւ արդյոք նշանակվող բուժումը ժամանակավոր է լինելու, թե երկարատեւ, մենք որոշում ենք՝ արտաշնչական ազոտի օքսիդի հետազոտությամբ, որը ալերգիկ բորբոքման բիոմարկեր է շնչուղիներում եւ այժմ աշխարհում, հիմնականում՝ զարգացած երկրներում կիրառվում է ասթմայի ախտորոշման հաստատման համար։
Ունենք նաեւ ախտորոշման հաստատման թեստեր։ Քանի որ մենք աշխատում ենք նաեւ զինակոչիկների հետ, ում դեպքում շատ կարեւոր է հասկանալ, թե արդյոք մարդը խնդիր ունենում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, եւ եթե ունենում է, ինչ տիպի խնդիր է՝ շնչառությամբ է պայմանավորված, սրտի աշխատանքով, թե առկա են նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Այս դեպքում ունենք երկու հետազոտության տեսակ։ Մեկը ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստն է, որի դեպքում մարդը վազում է եւ մենք կարողանում ենք վազքի ընթացքում որոշել՝ ինչպիսի փոփոխությունների են ենթարկվում շնչուղիները։ Մյուսը թույլ է տալիս բացի շչուղիներից ստուգել նաեւ սիրտը, այսինքն էլեկտրասրտագրություն, միաժամանակ որոշում ենք՝ մարդը ինչքան թթվածին է արտաշնչում, ինչքան ածխաթթու գազ է արտաշնչում ներշնչման, որքան թթվածին է ներշնչում, այդ ընթացքում սիրտը ինչպես է աշխատում, եւ կարողանում ենք որոշել, թե այդ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումը օրգանիզմի որ օղակի սխալ աշխատանքի պատճառով է տեղի ունենում կամ գուցե ոչ մարզված լինելու։ Այս հետազոտությունը մենք հաճախ կիրառում ենք նաեւ սպորտսմենների մարզունակությունը պարզելու համար։


Աստղիկ Բաղդասարյանն ասում է`քիթը շնչուղիների ծխնելույզն է։ Երբ այն փակված է, ստորին շնչուղիներում նույնպես կարող է խնդիր առաջանալ, քանի որ վերին եւ ստորին շնչուղիները կապված են իրար հետ: Ծխնելույզով` օդատար համակարգ, ապա հիմնական օրգաններ` թոքեր եւ հակառակը. «Արաբկիրում» ուշադրության կենտրոնում են առողջ շնչառության բոլոր հատվածները` ախտորոշող, բուժող, պահպանող եւ կանխարգելով բոլոր եղանակներով:
 

 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Հայաստանի բժշկական հաստատությունների միություն
news.am-ի հարցազրույցը պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ` «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության մասին։ Երեկ հրապարակվեց տեղեկություն «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին: Հունիսի 19-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին նիստը, որը վարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ումից էլ NEWS.am Medicine-ը փորձել է ճշտել, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ինչպե՞ս է ծնվել այն ստեղծելու գաղափարն ու ի՞նչ նպատակով: Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս է ծնվել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտքը: Իմ կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը դրա կարիքը վաղուց էր զգում: Բայց առաջին անգամ այդ գաղափարը հնչեց, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդլայնված խորհրդակցության էր հրավիրել բժշկական հաստատությունների տնօրեններին` ներկայացնելու եւ քննարկելու Առողջության համապարփակ ապահովագրության ներդրվող ծրագրի գաղափարը: Նախարարին հետաքրքիր էր լսել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներրի կարծիքը: Այդ հանդիպման ժամանակ բժշկական հաստատութունների ղեկավարների հիմնական կարծիքն, իհարկե, դրական էր, սակայն հնչեցին տարբեր հարցեր եւ տեսակետներ,  եղավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: Եվ հենց այդ ժամանակ հնչեց միտք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա ստեղծել բժշկական հաստատությունների մի կազմակերպություն, որն ակտիվորեն կհամագործակցի նախարարության հետ՝ մեր երկրի համար նման կարևոր ծրագրի ներդրման շրջանը սահուն անցնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ կունենա կազմակերպությունը։ Նախ ձեւավորվեց նախաձեռնողների խումբ, որը սկսեց աշխատել կազմակերպության նպատակի, կարգավիճակի, կառավարման սկզբունքների և կանոնադրության վրա։  Սահմանված կարգով գրանցվեց «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»  հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է «աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեթյան արդյունավետության բարձրացմանը` ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը ու բնակչության առողջության բարելավմանը»:    Հունիսի 19-ին հրավիրվեց առաջին ընդլայնված նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է ապահովեն կազմակերպության արդյուվետ գործունեությունը և կոլեգիալ կառավարումը: Տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը ունենալու է բավական մեծ, ընդլայնված խորհուրդ և հինգ անդամներից բաղկացած նախագահություն: Ինչպե՞ս է որոշվել դա, ի՞նչ սկզբունքով: Նախ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործում է մոտ 600 բուժհաստատություն, որի մոտավորապես 21%-ը իրականացնում է հիվանդանոցային, իսկ 79%-ը՝ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Ընդ որում, գործող կազմակերպություններից 164-ն ունի մասնավոր կարգավիճակ: Այդ բոլոր 600 կազմակերպություններն էլ ունեն այս միության անդամ լինելու իրավունք։ Ներկա պահին ձևավորվում է կազմակերպության քարտուղարությունը, որից հետո բոլոր բժշկական հաստատությունները կստանան  հրավեր կազմակերպությանն անդամակցելու համար: Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է Կազմակերպության անդամների Ընդհանուր Ժողովը:  Կառավարման կոլեգիալությունը, ինչպես նաև տարբեր մակարդակի և կարգավիճակի բժշկական հաստատությունների մասնակցայնությունն ապահովելու նպատակով հաստատվել է Խորհրդի կազմը` 37 անդամներից, որից էլ  ձևավորվել է 5 անդամներից բաղկացած Նախագահություն: Նախագահության յուրաքանչյուր անդամ նախագահությունը կղեկավարի 1 տարով` ռոտացիոն կարգով: Պարոն Բաբլոյան, Դուք ղեկավարել եք առաջին նիստը, բայց չկաք նախագահության հրապարակված կազմում: Դուք խորհրդո՞ւմ եք ընդգրկված: Ես որոշել եմ լինել կազմակերպության խորհրդական, այլ ոչ թե անդամ կամ  նախագահ: Զգացված եմ,  որ իմ երիտասարդ գործընկերները խորհրդակցում են ինձ հետ։ Դա ինձ համար ավելին է, քան կազմակերպության նախագահ լինելը: Փաստորեն, մեզ հաջողվեց ստեղծել կազմակերպչական այնպիսի կառույց, որը հստակ ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարողացել է հաղթահարել անձնական շահը՝ հանուն ընդհանուր բարօրության, հանուն ժողովրդի առողջության: Եվ այդ բարձրագույն նպատակի շուրջ մենք պետք է կարողանաք համախմբվել  եւ համատեղ ուժերով առաջ տանել մեր առողջապահական համակարգը:  Որո՞նք են կազմակերպության առաջնահերթություններն այս պահին: Առաջին հերթին, իհարկե, առողջության ապահովագրությունն է, մասնագետների լիցենզավորումը,  հետո` մասնագիտությունների ցանկն ու դրանից բխող կրթական բարեփոխումները:  Խնդիրները շատ են ու բազմազան, մենք պետք է համագործակցենք ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ տարբեր մասնագիտական միավորումների եւ  առողջապահության կազմակերպիչների կազմակերպությունների հետ: Վստահ եմ, որ կհաջողենք:    
Ուրախություն բուժմանը զուգահեռ
«Արաբկիր» բժշկական համալիրի եւ «Անմիջական օգնություն ասոցիացիա» հիվանդանոցային դպրոցի երկար տարիների համագործակցության շնորհիվ բժշկական համալիրում հատկապես երկարատեւ փուլերով բուժվող երեխաները շարունակում են զուգահեռաբար մնալ կրթական գործընթացի մեջ` ամենօրյա պարապմունքներ ունենալով հատուկ մանկավարժների եւ հոգեբանների հետ: Վերջիններս օգնում են երեխաներին ոչ միայն հանրակրթական ծրագիրը հասցնելու գործում, այլեւ հիվանդությունը հաղթահարելու, հոգեբանորեն եւ ֆիզիկապես ամուր մնալու: Հենց այս նպատակներին էին ուղղված դպրոցի վերջին երկու գունագեղ միջոցառումները. առաջինը` հանդիպում «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանացի արտիստների հետ` սոխի, վարունգի, խնձորի եւ տնօրենի կերպարներով, երկրորդը` ցերեկույթ, որ կոչել են «Ծաղիկների աշխարհում»` դահլիճ բերելով բուժվող երեխաների եւ նրանց ընկերների երգն ու պարը, արտասանությունը, նկարներն ու ձեռքի աշխատանքները: