Գլխավոր
Մեր մասին

Մեր մասին


«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ՀՀ առողջապահական առաջատար կենտրոններից մեկն է, ամենամեծը` մանկական կլինիկաների շարքում: Համալիրն իր գործունեությունը սկսել է 1990 թվականից: Անցել է պատասխանատու ճանապարհ` ստեղծելով ու զարգացնելով արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային բազմաթիվ ծառայություններ: Գործունեության ավելի քան 30 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում իրականացրել է 41 ծրագիր: Այդ թվում` նորարարական մոտեցումներ է ներդրել երիկամաբանության, մասնավորապես դիալիզի և երիկամի փոխպատվաստման, նյարդաբանության, ալերգոլոգիայի, իմունոլոգիայի, հեպատոլոգիայի, մանկաբուժության, ռևմատոլոգիայի, մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի, օրթոպեդիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտների զարգացման համար: 


1999 թվականից «Արաբկիր» բժշկական համալիրը զարգացրել է «Հայաստանի մանկական վերականգնողական ծառայությունների ապակենտրոնացված» ծրագիրը, որի շրջանակում Երևանում ստեղծել է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, իսկ մարզերում` մանկական վերականգնողական ծառայություններ և կենտրոններ են կազմավորվել:


Հարկ է նշել, որ «Արաբկիր» բժշկական համալիրը «Յունիսեֆ»-ի հետ համատեղ հեղինակել է «Երեխաների զարգացման խնդիրների վաղ հայտնաբերման և վաղ միջամտությունների» ծրագիրը: Իրականացվող բազմաշերտ ծրագրերի շրջանակում համալիրը համագործակցում է նաև միջազգային բժշկական առաջատար հաստատությունների, կազմակերպությունների և բժիշկների հետ։ Հաշվի առնելով կատարվող լայնածավալ գործունեությունը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2025 թվականին «Արաբկիր» բժշկական համալիրին շնորհել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն շնորհվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով:


Համալիրն առաջատար է առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի մատուցման տեսանկյունից: «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոկենտրոնը մասնագիտացված մանկական ամենամեծ կենտրոնն է Հայաստանում, որն իրականացնում է լսողության պաթոլոգիաներով երեխաների կլինիկական հետազոտություն և բժշկահոգեբանական-մանկավարժական վերականգնում: 


Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում, ի թիվս առաջատար այլ հետազոտությունների, 2023 թվականից իրականացվում է ստերեոԷԷԳ-ն (stereo-EEG)` եզակի և բարձր տեխնոլոգիական մեթոդ, որը կիրառվում է էպիլեպսիայի օջախի ճշգրիտ տեղորոշումը հայտնաբերելու նպատակով։ ՍտերեոԷԷԳ-ի ընթացքում վիրահատական եղանակով տեղադրվում են խորանիստ էլեկտրոդներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել էպիլեպտիկ նոպաներ առաջացնող օջախները, հետագայում աբլացիայի (օջախի վերացման) կամ վիրահատական եղանակով անվնաս հեռացնելու համար: Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեոԷԷԳ հետազոտություններ, ծայրահեղ ծանր էպիլեպսիաների բուժման համար էլ կազմվում և կիրառվում են հատուկ կետոգեն սննդակարգեր` յուրաքանչյուր բուժառուի ցուցաբերելով անհատական մոտեցում:


«Արաբկիր» բժշկական համալիրը առողջության պահպանման ոլորտում շարունակում է իրականացնել լայնածավալ գործունեություն երեխաների և մեծահասակների համար` հանդիսանալով ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ։