Գլխավոր
Նորություններ
Վերականգնողական ծառայություն. Մհերն ու Արինը

Վերականգնողական ծառայություն. Մհերն ու Արինը

15-ամյա Մհերի ու 10-ամյա Արինի պատմությունները հուզիչ են ու նման հրաշքի: Մհերը վրաերթի էր ենթարկվել Երևանում, Արինը` ավտովթարի` Իրաքում: Երկուսին էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներ` մեկին` Իրաքում, մյուսին` Երևանում, ապա կատարվել էին վիրահատություններ, և հետո երեխաներին տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայություն:
 

Հիմա, երբ երեխաներն արդեն դուրս են գրվել, նրանց հարազատները խոստովանում են, որ այս ճանապարհն, իսկապես, դաժան էր, և իրենք կարողացել են անցնել դա` նվիրյալ մասնագետների օգնությամբ, տարբեր բժշկական հաստատությունների միջև համագործակցության, նախարարության հետ համակարգված գործելու և ներհիվանդանոցային թիմային ուժեղ աշխատանքի շնորհիվ:
 

Շնորհակալություն, սիրելի բժիշկներ և վերականգնողական ծառայության սիրելի թիմ` ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, Մհերն ու Արինն իսկական ուժեղներ են` ձեր շնորհիվ:

Շնորհակալություն news.am:

  •  

«Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողական բաժանմունքում փորձում են կրկին ոտքի կանգնեցնել 15–ամյա Մհեր Ավդալյանին։ Նրա հետ աշխատում է ֆիզիոթերապիստների և էրգոթերապիստների մասնագիտացված թիմ:
Փետրվարի 20-ին Մհերը ենթարկվել է վրաերթի։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։ Տղան ուներ գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ, այդ թվում՝ ծոծրակի։ Ինը օր գտնվել է կոմայի մեջ, ապա ուշքի եկել, սակայն ուներ բարդացած թոքաբորբ, շարժվելու և հաղորդակցվելու խնդիրներ։

Լիանա Աղաջանյան---Մանկական ռեաբիլիտոլոգ, մանուալ թերապևտ, «Արաբկիր» ԲՀ կլինիկական վերականգնողական բաժանմունքի ղեկավար---Մհեր Ավդալյանը հիվանդանոց էր եկել պատգարակով, տրախեոստոմայով, կերակրվում էր նազոգաստրալ զոնդով, քանի որ չէր կարող իր օրական ռացիոնը հավաքել, խմելու հետ խնդիրներ կային, չէր կարող նստել, ոտքը կոտրված էր՝ գիպսով։ Ռեաբիլիտացիան ուղղված էր երկրորդային խնդիրների բացառմանը, շատ դեպքերում հիվանդները կարող են կյանքից հեռանալ հենց դրանց պատճառով՝ վերքեր, անոթային խցանում և այլն։ Երկար ժամանակ գտնվել էր հորիզոնական դիրքում, դրա համար դժվարանում էր նստեցնելու պրոցեսը։ Հաջողվեց նստեցնել, հետո ստանալ ինքնուրույն նստած դիրք, ձեռքերի օգտագործում, ինքնուրույն վեր կենալ, կանգնել։

Մհերի մայրն էլ մեծ հավատով է և համոզված է, որ այս փուլը ևս կհաղթահարեն, երեխան կկարողանա քայլել։ Այդ գործում մասնագետների հետ Մհերին նաև ընտանիքն է օգնում:

Գոհար Ավդալյան---Մհերի մայրը---«Արաբկիր» բժշկական կենտրոնը անչափ շատ օգնեց իմ երեխային ոտքի կանգնելու համար, ես շատ շնորհակալ եմ իրենց, բժիշկների հոգատարությունը, այդ ամենը... չգիտեմ... ամեն ինչի համար, շատ շնորհակալ եմ, իրենց, չէի պատկերացնում․ դե ես երբեք այդտեղ չեմ եղել, վեց երեխայի մայր եմ, բայց ոչ ոք հիվանդանոցում չէր հայտնվել: Նրանք ահռելի աշխատանք կատարեցին, որի շնորհիվ երեխաս հիմա կարողանում է նստել, իսկ այն ժամանակ չէր կարողանում և միշտ պառկած վիճակում էր, իսկ հիմա համ նստում է, համ խոսում է։ Այն ժամանակ կոնտակտի մեջ չէր մտնում, իսկ հիմա շփվում է, արտահայտում է իր ցանկությունները։

Սուր փուլում վերականգնողական բուժման ավարտից հետո, երբ վիճակն արդեն կայունացած էր և տղան կարողանում էր ինքնուրույն նստել, խմել և ուտել, լիարժեք վերականգնվել էր շնչառական ֆունկցիան և հեռացվել էր տրախեոստոման, Մհերն անցել է վերականգնողական բուժման հաջորդ փուլ` «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Նա դեռ տեղաշարժվում է անվասայլակով, սակայն բժիշկ Լիանա Աղաջանյանի խոսքով՝ դա արդեն մեծ ձեռք բերում է և հույս ունեն, որ «ԱրԲեՍի» պարապմունքներից հետո կվերականգնվեն նաև կանգնելու և տեղաշարժվելու ֆունկցիաները:

Բժիշկ Լիանա Աղաջանյանը ևս մեկ բարդ դեպքի մասին է պատմում. 10 տարեկան Արիի Պետրոսյանը «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել ծանր ավտովթարից հետո։ Դեպքը տեղի էր ունեցել Իրաքում։ Այնտեղ երկու ամիս վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո, վերականգնողական ծառայության անմատչելիության պատճառով, աղջիկը տեղափոխվել էր Հայաստան։ Առողջապահության նախարարության կողմից ուղղորդվել էր «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ գործում է հատուկ մասնագիտացված կլինիկական վերականգնողական բաժանմունք։

Լիանա Աղաջանյան---Ինչու՞ կլինիկական ռեաբիլիտացիա, քանի որ այլ բժշկական խնդիրներ կան և անվտանգ չէ ուղղակի գտնվել ստացիոնարում, որտեղ չկա բազմամասնագիտական թիմ, որը կկարողանա ժամանակին համապատասխան ծառայություն մատուցել։ Ցանկացած տրավմայից հետո, հատկապես գլխուղեղային, ողնուղեղային տրավմաներ, այրվածքներ, ամպուտացիաներ, ցանկացած օրթոպեդիկ ծանր վնասումներից հետո երեխաները կարիք ունեն վերաինտեգրվելու իրենց սովորական կյանք, և դա իրականացնելու համար պետք է կատարվեն մի շարք միջոցառումներ՝ երեխային առօրյա կյանք վերադարձնելու նպատակով:

Արինը պատգարակով էր տեղափոխվել բուժհամալիր։ Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, շունտավորված էր, ստանում էր հակացնցումային բուժում։ Նյարդաբանական վնասման հետևանքով՝ չէր կարողանում պահել գլուխը, նստել, շրջվել անկողնում, խոսքը բացակայում էր: Երեխան հայերեն չէր հասկանում, ինչը դժվարացնում էր բժիշկների աշխատանքը:
Արինը ուներ մեծ՝ ութ հոգանոց ընտանիք, որից միայն ինքն ու փոքր եղբայրն են ողջ մնացել։ Հայաստանում նրա խնամքով զբաղվում էին բարեկամները:

Լիանա Աղաջանյան---Վերականգնողական աշխատանքներից հետո երեխան կարողանում էր ինքնուրույն նստել, նստած դիրքը կայուն պահել, չնայած որ այդ գործողությունները անհնարին էին առաջին ամսում: Սկսեց օգտագործել ձեռքերը, սակայն նեվրոլոգիական դեֆիցիտը կրկին առկա էր, և գործողությունները վրիպումներով էր կատարվում, բայց միևնույն է երկու ձեռքը լավ օգտագոծում էր, սկսեց հայերեն հասկանալ և հայերեն խոսել, ճիշտ է, հիմնական լեզուն արաբերենն էր. կենտրոնի լոգոպեդը արաբերեն սովորեց, Արինը՝ հայերեն, և հաղորդակցումը նույնպես բարելավվեց: Վերականգնումը հասավ այն փուլին, երբ երեխան կարողանում էր բռնվել ու կանգնել, սակայն քայլքը դեռ չհաջողվեց մշակել, որովհետև ոտքի մի մաս կոնտրակտուրան դեռ կար:

Վերականգնողական թերապիան թիմային աշխատանք է, որը կորդինացնում է բժիշկ-վերականգնողաբանը և որտեղ ամեն մասնագետ իր գործն է անում. ֆիզիոթերապիստն աշխատում է խոշոր շարժումները բարելավելու ուղղությամբ` նստել, կանգնել, տեղաշարժվել, քայլել, ինչպես նաև զարգացնել հավասարակշռությունն ու կոորդինացիան, էրգոթերապիստի օգնությամբ վերականգնվում են ինքնասպասարկման հմտությունները` ուտել, հագնվել, սանրվել, լվացվել, զգայական ընկալիչների զարգացմամբ կատարել նուրբ գործողություններ` մանր առարկաներով, իսկ լոգոպեդի աշխատանքն ուղղված է խոսքի ընկալմանն և արտաբերմանն, նաև կլման ակտի խանգարումները շտկելուն` անվտանգ ուտելն ու խմելը ապահովելու համար:

Լիանա Աղաջանյան-----Մեր ամբողջ թերապիան հիմնված է եղել խաղի վրա։ Ամենակարևորն է մեր աշխատանքում, որորվհետև մոտիվացիա է առաջացնում: 

Այսպես` դանդաղ քայլերով առաջ գնալով էլ թիմը ճանապարհեց բոլորի սիրելին դարձած Արինին, որն արդեն կատակներ էր անում և անգամ կողքի սենյակում պարապող Մհերին նմանակում.
Հատված Արինի խոսքից--- Լիլյա, Մհերը խոսում է` յա, յա, յա...

Ընտանիքի բարեկամ հորեղբայր Վիգենն էլ, ինչպես Արինն էր նրան կոչում, եկել էր իր երեխաների հետ և փոխանցում էր տատիկի շնորհակալական խոսքը:

Արինի և Մհերի նման բազմաթիվ երեխաներ ու մեծեր են անցնում «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայությունով: Նրանց մեջ և զինվորներ, որոնք վիրավորվել էին պատերազմի օրերին: Մասնագիտական թիմի օգնությամբ նրանք վերագտնում են իրենց կորցրած հմտություններն ու վերաինտեգրվում`անցնելով կյանքի հաջորդ փուլերին:

Վերջին նորություններ
Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPAGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում
08 ապրիլ
Բժշկական օգնության շարունակականության ապահովումը , հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողների երեխաների համար 18 տարին լրանալուց հետո ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները, ընթացքի մեջ են` կապված 2025թ. հոկտեմբեր ամսից ESPAGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) կողմից մեկնարկված «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության միանալու հետ: Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել էր մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժանումը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: 2025թ. դեկտեմբեր ամսին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն: Այս տարվա փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի մեկնարկած «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը շարունակվում էր:  Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի ուղեցույցների ներկայացումը, քննարկումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների և կլինիկաների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (մոտ 55 հոգի):Ներկայումս արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի օբյեկտիվ դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման : Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը Հայաստանում արդիական է և կարիք ունի հետագա զարգացման:
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
07 ապրիլ
Այն նվիրված է համաշխարհային առողջապահական կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դրանց լուծմանն ուղղված ջանքերի համախմբմանը: Հանուն առողջության` միասին կանգնենք գիտության կողքին. 2026 թվականին օրվա խորհուրդը ամբողջացվել է այս կարգախոսում:1948 թվականի հենց այս օրը` ապրիլի 7-ին է հիմնադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Երկու տարի անց` 1950 թվականին, ի պատիվ ԱՀԿ-ի ստեղծման, ապրիլի 7-ը հռչակվել է որպես Առողջության համաշխարհային օր: Նշենք, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականից: 2024 թվականին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն տրվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով աշխատում են ԱՀԿ-ի հետ:«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Թբիլիսիում անց է կացվել նյարդամկանային հիվանդություններ խորագրով միջազգային գիտաժողով
03 ապրիլ
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Դյուշենի մկանային դիստրոֆիայով և Սպինալ մկանային ատրոֆիայով պացիենտների վարման մոտեցումներն ու բուժման ժամանակակից հնարավորությունները։Գիտաժողովին մասնակցել են նյարդաբաններ Հայաստանից, ինչպես նաև Սերբիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռումինիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Սպինալ մկանային ատրոֆիայի առաջացման գենետիկական հիմքերը և մեխանիզմները։ Միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման և բուժման արդյունավետության բարձրացման համար։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։