Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոն

Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոն

 

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ միջերկրածովային ընտանեկան տենդը հայկական ազգաբնակչության համար էթնիկ հիվանդություն է և ունի MEFV գենի մուտացիաների կրելիության բարձր հաճախականություն (1 : 3-4): Հիվանդությունն սկսվում է հիմնականում մանկական տարիքում:


Հայաստանում, սկսած 1980-ականներից, երեխաների ՊՀ-ի ուսումնասիրությամբ զբաղվել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնը` պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի ղեկավարությամբ: Հետագայում` 1998թ., ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կազմում կազմավորվել է Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնը (ՊՀՄՀԿ):


Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է հիվանդության բարդությունների (ամիլոիդոզի, կպումային հիվանդության) կանխարգելումը` վաղ ախտորոշման, դիսպանսեր հսկողության և շարունակական բուժման կազմակերպման միջոցով: Սկսած 2003թ.-ից՝ կենտրոնն աշխատում է «Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը երեխաների շրջանում» ծրագրով` ՀՀ առողջապահության նախարարության պետական պատվերի շրջանակում, ԵՊԲՀ-ի և Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համագործակցությամբ: 2003-2015թթ. ծրագիրը հովանավորել է նաև «Հովարտ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամը։

Ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացվում է մինչև 18 տարեկան ավելի քան 3600 երեխայի դիսպանսեր հսկողություն և կոլխիցինով բուժում:


Գործունեության ոլորտները

ՊՀՄՀԿ-ն իրականացնում է մասնագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով.


Բժշկական

Ներհիվանդանոցային - «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում իրականացվում է բուժառուների ՊՀ վերջնական ախտորոշումը, սկսվում է կոլխիցինով բուժումը: Արտահիվանդանոցային - Իրականացվում է ՊՀ դիսպանսեր հսկողություն:

  • ՊՀ ունեցող երեխաների դիսպանսեր հսկողությունը իրականացվում է ՊՀ ՀՄԿ կազմի մեջ ընդգրկված դիսպանսերում, պետական պատվերով: Ներկայումս դիսպանսերում        ընդգրկված են մինչև 18 տարեկան 3600-ից ավելի բուժառուներ: ՊՀ դիսպանսեր հսկողությունն ընդգրկում է բժշկական խորհրդատվություններ (տարեկան 2-3 անգամ), հետազոտություն և կոլխիցինով շարունակական բուժում: ՊՀ դիսպանսերում հաշվառված բուժառուներին հատկացվում է հայկական արտադրության կոլխիցին:
  • Ամբուլատոր խորհրդատվություն ՊՀ կասկածելի առաջնային բուժառուների համար:
  • Արտագնա այցեր ՀՀ մարզեր ՊՀ կասկածով երեխաներին նախնական հայտնաբերելու և «Արաբկիր» ԲՀ-ում վերջնական ախտորոշելու, բուժման և դիսպանսեր հսկողության համար:

 

Գիտական

  • Գիտահետազոտական ուսումնասիրություններ ՊՀ տարբեր ասպեկտների ուղղությամբ, մասնավորապես կլինիկագենետիկական զուգահեռների, համաճարակաբանության, ատիպիկ ընթացքի, այլ իմուն և/կամ իմունաբորբոքային հիվանդությունների հետ զուգակցված դեպքերի հետազոտություն, բարդությունների` երիկամների ամիլոիդոզի, կպումային հիվանդության ուսումնասիրություն:
  • Գիտական ծրագրերի իրականացում և համագործություն ISSAIDs, PRINTO, PReS, ESPGHAN միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԵՊԲՀ-ի և ԲԳԿ-ի հետ: Մասնավորապես 2013 թ.-ից ուսումնասիրվում է ՊՀ երեխաների շրջանում՝ ատիպիկ ընթացքով, իմունային հիվանդութունների հետ զուգակցված ու բարդացած ձևերի կլինիկական և գենետիկական առանձնահատկութունները» թեմայով:
  • Մասնակցություն ՊՀ և աուտոբորբոքային հիվանդությունների հետ առնչվող միջազգային կոնգրեսներին և գիտաժողովներին
  • Գիտական հոդվածների տպագրում
  • Գիտական թեզերի պաշտպանություն. կենտրոնի բժիշկները ՊՀ փորձագետներ են, գիտական կոչումով` բժշկական գիտությունների թեկնածուներ, իսկ կենտրոնի ղեկավարը` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

 

Կրթական, մեթոդական, կազմակերպական

  • Արտագնա այցեր ՀՀ տարբեր մարզեր և Արցախ. ԱՆ-ի, ՀՄԱ-ի, ՀՕՖ-ի, ԵՊԲՀ-ի հետ համատեղ դասախոսություններ և գործնական պարապմունքներ բուժանձնակազմի համար, զրույցներ ծնողների հետ, բաց դռների օրեր:
  • Մասնակցություն ՀՄԱ մանկաբուժական դպրոցներին և ԵՊԲՀ գիտաժողովներին 
  • ՊՀ մեթոդական գրականության` ձեռնարկների, ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրում 


Տեղեկատվական

  • Մասնակցություն հեռուստատեսային և ռադիոհաղորդումների
  • Հանրամատչելի հարցազրույցներ և հոդվածներ մեդիայի տարբեր միջոցներով


Ձեռքբերումները

 Շնորհիվ «Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը երեխաների շրջանում» երկարատև` 2003թ.-ից սկսված ծրագրի` կենտրոնն ունի մի շարք ձեռքբերումներ.

  • ՊՀ հիմնական բարդության` երիկամների ամիլոիդոզի դեպքերի հաճախականության կտրուկ և զգալի նվազում անցած 17 տարիների ընթացքում: 2003-2016թթ. ՊՀ ունեցող բուժառուների միայն 0,075%-ի մոտ է արձանագրվել երիկամային ամիլոիդոզ, իսկ 2016թ.-ից որևէ դեպք չի արձանագրվել: Մինչդեռ ոչ հեռու անցյալում, երբ չէր իրականացվում կոլխիցինով կանոնավոր բուժում և հսկողություն, երիկամային ամիլոիդոզ հանդիպում էր մինչև 15 տարեկան բուժառուների 16.2%-ի մոտ:
  • ՊՀ դեպքերի վաղ ախտորոշման բարելավում: Վաղ ախտորոշման շնորհիվ մեծացել է դիսպանսեր հսկողություն անցնող բուժառուների թիվը՝ 500-ից հասնելով մինչև 3600 և ավելի: Տարեկան գրանցվող մանկաբուժական նոր դեպքերի թիվը հասնում է մոտ 350-ի:
  • Ազգաբնակչության ՊՀ տեղեկացվածության բարելավում և դիմելիության բարձրացում: 
  • ՊՀ բուժառուների կանոնավոր շարունակական հսկողություն՝ ըստ միջազգային մոտեցումների, ինչպես նաև կոլխիցինով անընդհատ և անվճար բուժման ապահովում:
  • Դիսպանսերում ընդգրկված ՊՀ ունեցող երեխաների ֆիզիկական աճի և զարգացման բարելավում: 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Սիմպոզիում՝ Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում թեմայով
28 մայիս
«Ավելի քան 10 տարի «Արաբկիր» բժշկական համալիրի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տվել Հայաստանում զարգացնելու մանկական ալերգոլոգիան և իմունոլոգիան»,- այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում կայացած «Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում» խորագիրը կրող սիմպոզիումի ժամանակ նշել է շվեյցարացի պրոֆեսոր Ֆիլիպ Այգենմանը։ Այն նվիրված էր Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։  Սիմպոզիումին ներկա էր նաև շվեյցարացի պրոֆեսոր Ֆիլիպ Այգենմանը, ով ներկայացրեց նաև անաֆիլաքսիայի վարման նորարարական մոտեցումները։  «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Գիտական սիմպոզիում
21 մայիս
Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում․ Ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիա, անաֆիլաքսիայի և անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշում Հարգելի՛ գործընկերներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու գիտական սիմպոզիումի, որը նվիրված է Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։ Միջոցառումը կազմակերպվում է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի Մանկական շնչառական բժշկության և ալերգոլոգիա/իմունոլոգիայի սեկցիայի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ համանուն ծառայության կողմից։ Սիմպոզիումի շրջանակում տեղի կունենա նաև կարևոր մասնագիտական հայտարարություն՝ Մոլեկուլային ալերգոլոգիայի ասոցիացիայի միացումը Շնչառական կոալիցիային, ինչը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանում ալերգոլոգիայի, իմունոլոգիայի և շնչառական բժշկության ոլորտների համագործակցության համար։ Բանախոսներ՝Պրոֆ. Ֆիլիպ Այգենման, Պրոֆ. Սերգեյ Սարգսյան, Դր. Սոնա Հարությունյան, Պրոֆ. Մարինե Պետրոսյան, Դր. Սևան Իրիցյան, Դր. Աստղիկ Բաղդասարյան, Դր. Արմինե Հակոբյան։ Թիրախային լսարան՝ Ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկական ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, մանկական թոքաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մանկական անեսթեզիոլոգներ ու ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մաշկասեռավարակաբան, մանկական մաշկասեռավարակաբան, անհետաձգելի օգնության բժիշկներ, մանկական անհետաձգելի օգնության բժիշկներ, լաբորատոր բժիշկներ։ 28․05․2026  9:30-16:30 «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանս դահլիճ  Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու Հայաստանում ալերգոլոգիական օգնության ժամանակակից, անվտանգ և համակարգված զարգացման ուղիները
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր 25
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Մանկաբուժության ոլորտում ներդրվում են արդի գործիքներ
19 նոյեմբեր 25
SWYC ստուգաթերթերը լրացնելով՝ մանկաբույժները կարող են նախապես հայտնաբերել խնդիրները և արդյունավետ վերահսկել երեխայի առողջ զարգացումը։ Ծրագիրը փորձնական տարբերակով ներդրվել է ՀՀ երեք մանկական առաջնային օղակի հաստատություններում, որտեղ այս գործիքի միջոցով ստուգվել են հարյուրավոր երեխաներ։ Գնահատման այս նոր մեթոդը արժանացել է թե’ բժիշկների, թե’ ծնողների հավանությանը։
Պարբերական հիվանդություն. երիկամային ամիլոիդոզի 0 դեպք
16 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին` հայերին գենետիկորեն բնորոշ և մեր պոպուլյացիայում բավական տարածված պարբերական հիվանդության մասին:   Տասնամյակներ առաջ ստեղծված դիսպանսեր վերահսկողության ծառայության շնորհիվ է, որ պարբերական հիվանդություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների մոտ 16%-ից 0-ի են հասել հիվանդության բարդացման և դրա հետևանքի` երիկամային անբավարարության դեպքերը:     Հայաստանում բուժում է ստանում պարբերական հիվանդություն ունեցող շուրջ 3600 երեխա: Նաև տարբեր երկրներում բնակվող մինչև 18 տարեկան մեր հարյուրավոր հայրենակիցները, որոնք ունեն նույն ախտորոշումը: Բժիշկն ընդգծում է` հիվանդությունն ախտորոշում է տարեկան մոտ 400 երեխայի մոտ: Վերջին տարիներին աճի միտում կա:   «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ-ի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատմում է. - Պարբերական հիվանդությունը դա` ժառանգական հիվանդություն է: Ժողովրդի մեջ ընդունված է երբեմն անվանել «Երևանյան» հիվանդություն, բայց դա Երևանի հետ որևէ առնչություն չունի: Միջազգային դասակարգման մեջ դա կոչվում է «ընտանեկան, միջերկրածովային տենդ» և նշվում է, որ հիվանդանում են այս տարածաշրջանում ծագում ունեցող ազգերը` հայերը, հրեաների սեֆարդները, արաբները և իհարկե թուրքերը, որոնք բնականաբար այդ գենը ստացել են այն ազգերի միջոցով, որոնց հետ նրանք խառնվել են այս հարյուրամյակների ընթացքում:   Հիվանդությունը կարող է արտահայտվել կրկնակի տենդով, որովայնացավերով` ընդհում մինչև երիկամային անբավարություն: Հիվանդությունը բավականին տարածված է հայ բնակչության շրջանում: Դեպքերի մեծ մասը զարգանում է մինչև 20 տարեկանը` կախված գենի տեսակից:   Բժիշկ Սարգսյանն ասում է. - Հինգից մեկն ունենում է մեկ գեն, բայց մեկ գենը բավարար չէ: Պետք է, որ գեները համադրվեն, լինեն երկու գեն իրար հետ` և մայրական, և հայրական, որ դեպքերի մեծ մասում, որ զարգանա հիվանդությունը:   Եթե 90ականներին մեր երկրում երեխաների մոտ 16% մինչև չափահաս դառնալն արդեն ուներ երիկամային բարդություններ, հիմա` պատկերն այլ է:   Սարգսյանը բացատրում է. - Գենի հայտնաբերումը, որը Հայաստանում գենետիկայի կենտրոնն իրականացրեց Հայաստանի պայմաններում, այնուհետև հետագա կազմակերպչական աշխատանքները, յուրահատուկ դիսպանսեր մոդելի ներդրումը, որի ժամանակ տվյալ հիվանդները, պացիենտներն այցելում են կենտրոն, ստանում են համապատասխան բուժում և ստուգումներ` բերեցին նրան, որ այսօր կարող եմ զեկուցել, որ այդ թիվը` 16%, հարյուրապատիկ իջել է: Մենք ունենք եզակի երեխաներ, որոնք առնվազն մանկական տարիքում ունենում են երիկամային բարդություններ:   «Արաբկիր» բժշկական համալիրի պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում 0-18 տարեկան երեխաների բուժումն իրականացնում է պետպատվերով:    Սերգեյ Սարգսյանն ասում է. - 18 տարեկանից բարձր ևս կարող են տարածքային առողջապահական օղակում ստանալ համապատասխան դեղամիջոց և հսկվել:   Կան բուժման ու հսկողության մոդելներ, կարևորը` հիվանդությունն ախտորոշել ժամանակին ու առավել վաղ փուլում:
Գայանե Ամարյանը` պարբերական հիվանդության մասին
01 դեկտեմբեր 23
Սիրելի ծնողներ, շատ հաճախ դուք հարցեր եք ուղարկում մեզ` տարբեր հիվանդությունների, դրանց ախտանշանների, ախտորոշման, բուժման և կանխարգելման հնարավորությունների մասին: Քիչ չեն լինում հարցերը նաև մեզանում շատ տարածված Պարբերական հիվանդության վերաբերյալ:   Եվ ահա, պրոֆեսոր Գայանե Ամարյանը ժամանակ է տրամադրել` պատասխանելու «Նովոստի-Արմենիա» կայքի հարցերին: Լսեք և գտեք նաև ձեզ հետաքրքրող մի շարք պատասխաններ:
Պրոֆեսոր Բրեգերի այցը «Արաբկիր» ԲՀ
16 հունիս 23
Շարունակվում են շվեյցարացի մեր գործընկերների այցելություններն «Արաբկիր» ԲՀ-ի տարբեր ծառայություններ ու բաժանմունքներ: Անցած շաբաթ գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների պատվավոր հյուրն է եղել գաստրոէնտերոլոգ, սննդաբան, Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության նախկին ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը:   Պրոֆեսորն անց է կացրել վարպետության դասընթաց` նվիրված երեխաների էնդոսկոպիկ հետազոտությունների` գաստրոսոկպիայի և կոլոնոսկոպիայի կատարման հմտություններին և մեկնաբանությունների արդի մոտեցումներին: Գասրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անի Հովնանյանն այդ օրերին 22 հետազոտություն է կատարել` պրոֆեսորի անմիջական ներկայությամբ և հետազոտության ընթացքում տված խորհուրդներով: Հետազոտությունների անեսթեզիոլոգիական վարումն իրականացրել է Սոնա Մարտիրոսյանը: Պացիենտների ընտրությունն ու նախապատարաստական աշխատանքներն իրականացրել է գաստրոէնտերոլոգիական ծառայության թիմը` ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի հետ համատեղ:
«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում
16 փետրվար 23
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձևավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաև արդեն վիրահատված պացիենտների և նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:   Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաև 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ և ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:   Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում և Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:
Պարբերական հիվանդություն, մաս 2
19 հունվար 22
Ներկայացնում է Ռուզան Դավթյանը: https://www.youtube.com/watch?v=IP8nhQYdtts
Պարբերական հիվանդություն, մաս 1
19 հունվար 22
Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի բժիշկ Ռուզան Դավթյանը ներկայացնում է մանրամասներ պարբերական հիվանդության ախտանշանների, ախտորոշման և բուժման մասին: 
Պարբերական հիվանդության մասին
22 ապրիլ 21
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ)
Պարբերական հիվանդություն
17 ապրիլ 21
Հասցե
Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /10 40/
015 400 300 /12 16/