Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:
«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և բուժում է տրամադրում էնդոկրին խնդիրներով երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ.` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է շաքարային դիաբետով երեխաներին ապահովել մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության պատճառով առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով:
Ծրագրի շրջանակում հիմնադրվել է շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը:
Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում ֆիզիկական, զարգացման ու ժամանցային տարբեր վարժանքների:
Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:
2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով: Հայտնաբերված բոլոր հիվանդները գտնվում են «Արաբկիր» ԲՀ-ում՝ դիսպանսեր հսկողության տակ: