Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ միջերկրածովային ընտանեկան տենդը հայկական ազգաբնակչության համար էթնիկ հիվանդություն է և ունի MEFV գենի մուտացիաների կրելիության բարձր հաճախականություն (1 : 3-4): Հիվանդությունն սկսվում է հիմնականում մանկական տարիքում:
Հայաստանում, սկսած 1980-ականներից, երեխաների ՊՀ-ի ուսումնասիրությամբ զբաղվել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնը` պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի ղեկավարությամբ: Հետագայում` 1998թ., ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կազմում կազմավորվել է Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնը (ՊՀՄՀԿ):
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է հիվանդության բարդությունների (ամիլոիդոզի, կպումային հիվանդության) կանխարգելումը` վաղ ախտորոշման, դիսպանսեր հսկողության և շարունակական բուժման կազմակերպման միջոցով: Սկսած 2003թ.-ից՝ կենտրոնն աշխատում է «Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը երեխաների շրջանում» ծրագրով` ՀՀ առողջապահության նախարարության պետական պատվերի շրջանակում, ԵՊԲՀ-ի և Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համագործակցությամբ: 2003-2015թթ. ծրագիրը հովանավորել է նաև «Հովարտ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամը։
Ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացվում է մինչև 18 տարեկան ավելի քան 3600 երեխայի դիսպանսեր հսկողություն և կոլխիցինով բուժում:
Գործունեության ոլորտները
ՊՀՄՀԿ-ն իրականացնում է մասնագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով.
Բժշկական
Ներհիվանդանոցային - «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում իրականացվում է բուժառուների ՊՀ վերջնական ախտորոշումը, սկսվում է կոլխիցինով բուժումը: Արտահիվանդանոցային - Իրականացվում է ՊՀ դիսպանսեր հսկողություն:
- ՊՀ ունեցող երեխաների դիսպանսեր հսկողությունը իրականացվում է ՊՀ ՀՄԿ կազմի մեջ ընդգրկված դիսպանսերում, պետական պատվերով: Ներկայումս դիսպանսերում ընդգրկված են մինչև 18 տարեկան 3600-ից ավելի բուժառուներ: ՊՀ դիսպանսեր հսկողությունն ընդգրկում է բժշկական խորհրդատվություններ (տարեկան 2-3 անգամ), հետազոտություն և կոլխիցինով շարունակական բուժում: ՊՀ դիսպանսերում հաշվառված բուժառուներին հատկացվում է հայկական արտադրության կոլխիցին:
- Ամբուլատոր խորհրդատվություն ՊՀ կասկածելի առաջնային բուժառուների համար:
- Արտագնա այցեր ՀՀ մարզեր ՊՀ կասկածով երեխաներին նախնական հայտնաբերելու և «Արաբկիր» ԲՀ-ում վերջնական ախտորոշելու, բուժման և դիսպանսեր հսկողության համար:
Գիտական
- Գիտահետազոտական ուսումնասիրություններ ՊՀ տարբեր ասպեկտների ուղղությամբ, մասնավորապես կլինիկագենետիկական զուգահեռների, համաճարակաբանության, ատիպիկ ընթացքի, այլ իմուն և/կամ իմունաբորբոքային հիվանդությունների հետ զուգակցված դեպքերի հետազոտություն, բարդությունների` երիկամների ամիլոիդոզի, կպումային հիվանդության ուսումնասիրություն:
- Գիտական ծրագրերի իրականացում և համագործություն ISSAIDs, PRINTO, PReS, ESPGHAN միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԵՊԲՀ-ի և ԲԳԿ-ի հետ: Մասնավորապես 2013 թ.-ից ուսումնասիրվում է ՊՀ երեխաների շրջանում՝ ատիպիկ ընթացքով, իմունային հիվանդութունների հետ զուգակցված ու բարդացած ձևերի կլինիկական և գենետիկական առանձնահատկութունները» թեմայով:
- Մասնակցություն ՊՀ և աուտոբորբոքային հիվանդությունների հետ առնչվող միջազգային կոնգրեսներին և գիտաժողովներին
- Գիտական հոդվածների տպագրում
- Գիտական թեզերի պաշտպանություն. կենտրոնի բժիշկները ՊՀ փորձագետներ են, գիտական կոչումով` բժշկական գիտությունների թեկնածուներ, իսկ կենտրոնի ղեկավարը` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Կրթական, մեթոդական, կազմակերպական
- Արտագնա այցեր ՀՀ տարբեր մարզեր և Արցախ. ԱՆ-ի, ՀՄԱ-ի, ՀՕՖ-ի, ԵՊԲՀ-ի հետ համատեղ դասախոսություններ և գործնական պարապմունքներ բուժանձնակազմի համար, զրույցներ ծնողների հետ, բաց դռների օրեր:
- Մասնակցություն ՀՄԱ մանկաբուժական դպրոցներին և ԵՊԲՀ գիտաժողովներին
- ՊՀ մեթոդական գրականության` ձեռնարկների, ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրում
Տեղեկատվական
- Մասնակցություն հեռուստատեսային և ռադիոհաղորդումների
- Հանրամատչելի հարցազրույցներ և հոդվածներ մեդիայի տարբեր միջոցներով
Ձեռքբերումները
Շնորհիվ «Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը երեխաների շրջանում» երկարատև` 2003թ.-ից սկսված ծրագրի` կենտրոնն ունի մի շարք ձեռքբերումներ.
- ՊՀ հիմնական բարդության` երիկամների ամիլոիդոզի դեպքերի հաճախականության կտրուկ և զգալի նվազում անցած 17 տարիների ընթացքում: 2003-2016թթ. ՊՀ ունեցող բուժառուների միայն 0,075%-ի մոտ է արձանագրվել երիկամային ամիլոիդոզ, իսկ 2016թ.-ից որևէ դեպք չի արձանագրվել: Մինչդեռ ոչ հեռու անցյալում, երբ չէր իրականացվում կոլխիցինով կանոնավոր բուժում և հսկողություն, երիկամային ամիլոիդոզ հանդիպում էր մինչև 15 տարեկան բուժառուների 16.2%-ի մոտ:
- ՊՀ դեպքերի վաղ ախտորոշման բարելավում: Վաղ ախտորոշման շնորհիվ մեծացել է դիսպանսեր հսկողություն անցնող բուժառուների թիվը՝ 500-ից հասնելով մինչև 3600 և ավելի: Տարեկան գրանցվող մանկաբուժական նոր դեպքերի թիվը հասնում է մոտ 350-ի:
- Ազգաբնակչության ՊՀ տեղեկացվածության բարելավում և դիմելիության բարձրացում:
- ՊՀ բուժառուների կանոնավոր շարունակական հսկողություն՝ ըստ միջազգային մոտեցումների, ինչպես նաև կոլխիցինով անընդհատ և անվճար բուժման ապահովում:
- Դիսպանսերում ընդգրկված ՊՀ ունեցող երեխաների ֆիզիկական աճի և զարգացման բարելավում:
 
             
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    