«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Էնդոսկոպիկ ծառայության գործունեությունն սկսվել է 1980-ականներին` նախկին Հանրապետական մանկական հիվանդանոցի կազմում: Սկզբում գաստրոսկոպիան կատարվել է միայն ախտորոշիչ նպատակով: Այնուհետև կուտակած փորձը թույլ է տվել 1990-ականների սկզբին արդեն իրականացնել հանրապետության մասշտաբով առաջին մանկական սկլերոթերապիան (արյունահոսության դադարեցում), որն ունեցել է նաև բուժական նշանակություն: Հենց այդ տարիներին էլ ձեռք է բերվել առաջին կոլոնոսկոպը, ինչը ևս մեկ քայլ էր դեպի ոլորտի արդի հնարավորություններ:
Այսօր «Արաբկիր» ԲՀ-ի էնդոսկոպիկ ծառայությունը գործում է ժամանակակից վիրահատարանում` հագեցած ճապոնական OLYMPUS ապրանքանիշի նորագույն սարքերով: Դրանք հնարավորություն են տալիս կատարել առավել ճշգրիտ ախտորոշումներ` անհրաժեշտության դեպքում դրանց զուգահեռ իրականացնելով նաև բուժական միջամտություններ:
Էնդոսկոպիկ հետազոտությունները կատարվում են ինչպես հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բուժվող մինչև 18 տարեկան երեխաներին, այնպես էլ արտահիվանդանոցային (ամբուլատոր) կարգով դիմած պացիենտներին` անկախ տարիքից: Էնդոսկոպիկ հետազոտություններն ընդգրկում են մարսողական ուղու վերին և ստորին հատվածներն ամբողջությամբ` գաստրոսկոպիայով և կոլոնոսկոպիայով: Դրանք հիմնականում իրականացվում են անզգայացումով, ինչից հետո որոշ ժամանակ, կախված պացիենտի ընդհանուր վիճակից, նրան հսկում է մասնագետը` արթնացման սենյակում:
«Արաբկիր» ԲՀ-ի էնդոսկոպիկ ծառայությունը զբաղվում է ոչ միայն պրակտիկ բժշկական գործունեությամբ, այլև կրթական: Այստեղ «էնդոսկոպիա» ճյուղով կարող են վերամասնագիտանալ մանկական գաստրոէնտերոլոգներն ու վիրաբույժները: