Գլխավոր
Նորություններ
Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին

Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին

Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից: 

 Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ և, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, և ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը: 

 Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան և եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետևանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երևույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց: 

 Բելառուս մեր գործընկերների մի մասը Երևան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը: 

 Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան և բժիշկներն այս պահին դեռևս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով և ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:  

 Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարևոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլև մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի 
կյանքի: 
Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️
Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️

Վերջին նորություններ
Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPAGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում
08 ապրիլ
Բժշկական օգնության շարունակականության ապահովումը , հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողների երեխաների համար 18 տարին լրանալուց հետո ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները, ընթացքի մեջ են` կապված 2025թ. հոկտեմբեր ամսից ESPAGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) կողմից մեկնարկված «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության միանալու հետ: Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել էր մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժանումը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: 2025թ. դեկտեմբեր ամսին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն: Այս տարվա փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի մեկնարկած «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը շարունակվում էր:  Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի ուղեցույցների ներկայացումը, քննարկումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների և կլինիկաների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (մոտ 55 հոգի):Ներկայումս արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի օբյեկտիվ դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման : Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը Հայաստանում արդիական է և կարիք ունի հետագա զարգացման:
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
07 ապրիլ
Այն նվիրված է համաշխարհային առողջապահական կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դրանց լուծմանն ուղղված ջանքերի համախմբմանը: Հանուն առողջության` միասին կանգնենք գիտության կողքին. 2026 թվականին օրվա խորհուրդը ամբողջացվել է այս կարգախոսում:1948 թվականի հենց այս օրը` ապրիլի 7-ին է հիմնադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Երկու տարի անց` 1950 թվականին, ի պատիվ ԱՀԿ-ի ստեղծման, ապրիլի 7-ը հռչակվել է որպես Առողջության համաշխարհային օր: Նշենք, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականից: 2024 թվականին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն տրվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով աշխատում են ԱՀԿ-ի հետ:«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Թբիլիսիում անց է կացվել նյարդամկանային հիվանդություններ խորագրով միջազգային գիտաժողով
03 ապրիլ
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Դյուշենի մկանային դիստրոֆիայով և Սպինալ մկանային ատրոֆիայով պացիենտների վարման մոտեցումներն ու բուժման ժամանակակից հնարավորությունները։Գիտաժողովին մասնակցել են նյարդաբաններ Հայաստանից, ինչպես նաև Սերբիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռումինիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Սպինալ մկանային ատրոֆիայի առաջացման գենետիկական հիմքերը և մեխանիզմները։ Միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման և բուժման արդյունավետության բարձրացման համար։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։